Մեռելոցներ․ Զարգացող պետությունը չի կարող այդքան շատ ոչ աշխատանքային օրեր ունենալ

Երկուշաբթի առավոտ, համաշխարհային ֆինանսական կենտրոններն եռում են տաք կաթսայի պես, բորսաներում տեղ դադար չկա, մարդիկ վարկյանների ընթացքում սնանկանում կամ միլիոններ են ձեռք բերում, աշխարհի մի ծայրից մյուսը փոխանցումներ են իրականացվում և առհասարակ մարդիկ սուրճ խմելով գնում են աշխատանքի, միգուցե իրենց կամքին հակառակ, դե հանգստյան օրերից հետո երկուշաբթին միշտ էլ մռայլ է թվում: Եվ, այնուամենայնիվ, այս ամենին զուգընթաց աշխարհում կա մի երկիր, որտեղ երկուշաբթին ոչ աշխատանքային է, ավելի կոնկրետ՝ ազգը մեռելոց է նշում:

Չէ՛, ես քրիստոնեական տոների նկատմամբ կոմպլեքսներ չունեմ, հատկապես Ս․ Հարության տոնը գեղեցիկ ազգային տոն է, հիմքում ընկած են Նազովրեցի Հիսուսի հետ կապված ավետարանական գեղեցիկ ավանդազրույցները, իսկ եթե ավելի հեռուն գնանք, ապա դրա մեջ նաև նախաքրիստոնեական մշակույթի հարուստ շերտ կգտնենք։

Խնդիրը բոլորովին այլ է։ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, մարդիկ ունեն խղճի և դավանանքի ազատություն, իրենց կամքն է, թող նշեն, բայց ինչու՞ այդ տոնը նշել պետության սոցիալական-ֆինանսական-տնտեսական համակարգերի նորմալ կենսագործունեության հաշվին: Տնտեսության մեջ նույնիսկ մեկ րոպեն կարող է վճռական նշանակություն ունենալ:

Կարող ենք բերել Իրանի Իսլամական Հանարապետության օրինակը: Ինչպես գիտենք Իսլամում պարտադիր աղոթքների քանակը օրվա մեջ հինգն է: Այսպիսի պայմաններում տնտեսություն զարգացնել հնարավոր չէ բնականաբար, և Իրանում երկու աղոթքները միացրել են մյուս երեքին և ընդհանուր թիվը դարձել է երեք: Բավականին էֆեկտիվ լուծում է:

Հիմա, եթե Իրանը թեոկրատական պետություն է և ստիպված այդպիսի արմատական քայլի է գնացել, ապա Հայաստանն էլ աշխարհիկ, ժողովրդավարական պետություն է և այդ դեպքում ինչի՞ է ինքն իրեն սահմանափակում արհեստական երևույթներով:

Ի դեպ մեռելոցների կնքահայրը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է, որը փաստորեն եկեղեցական տաղավար տոներին պետական կարգավիճակ տվեց՝ էլ ավելի խորացնելով երկու ինստիտուտների սերտաճման արատավոր պրակտիկան: Պետք է հստակ ամրագրվի, որ պետությունն ու եկեղեցին իրարից անջատ են՝ անխառն ու անշփոթ և դրանից ելնելով եկեղեցական առօրյան և առհասարակ եկեղեցին չպետք է սերտաճի առօրյայի հետ։

Զարգացող կամ էլ դրա հեռանկարն ունեցող պետությունը չի կարող այդքան շատ ոչ աշխատանքային օրեր ունենա, իսկ կրոնականությունը պետք է նահանջի աշխարհիկության նկատմամբ իր էքսպանսիայից։

Մեկնաբանություն
X