Զբաղվածության պատճառով հեռացավ ԵՊՀ-ից` գնաց Մանկավարժական

Երկար տարիներ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում դասավանդող ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանից հետաքրքրվեցինք, թե ի վերջո ինչո՞ւ հեռացավ ԵՊՀ-ից, որն էր պատճառը։ Ռուբեն Սաֆրաստյանը դա մեկնաբանեց զբաղվածությամբ։ Միայն դա՞ էր խնդիրը, թե՞ այլ խնդիրներ էլ կային։ «Ոչ, խնդիր չկար, ես այնտեղ արեւելագիտության ֆակուլտետում տասնյակ տարիներ դաս եմ տվել, դե հիմա տարիքը՝ իր հերթին, լարվածությունը՝ նույնպես, ես հիմա տարբեր ոլորտներում եմ, նաեւ Հանրային խորհրդի անդամ եմ, դժվար է այդ առումով»,- ասաց նա ու հավելեց, որ տարաձայնություններ չի ունեցել ոչ մեկի հետ, այդ թվում՝ վերադասների։

Չնայած զբաղվածությանը, Ռուբեն Սաֆրաստյանը հիմա Մանկավարժական համալսարանում է դասավանդում, ասում է՝ երկար ժամանակ չէր համաձայնում, բայց քանի որ խոսքը գնում էր Համաշխարհային պատմության ամբիոնի մասին, որոշեց իր ներդրումն ունենալ եւ հենց այնտեղ էլ ստեղծեց Հայկական քաղաքակրթության ուսումնասիրման լաբորատորիա. «Ես կարծում եմ՝ այս հայեցակարգը հայկական քաղաքակրթության հետ մենք պետք է փորձենք տեսականորեն զարգացնել եւ ուսումնասիրել։ Սա մի նոր ոլորտ է, դրա համար կարճ ժամանակով համաձայնեցի»։ Ինչպե՞ս համաձայնեց, զբաղվածությունը ԵՊՀ-ում խանգարում էր, իսկ Մանկավարժականում՝ ո՞չ։ «Իհարկե, խանգարում է, բայց սա մի նոր ոլորտ էր ինձ համար, նոր մարտահրավեր, մի բան է, երբ մարդն ամբողջ կյանքը զբաղվում է Թուրքիայով, Թուրքիայի քաղաքականությամբ, մի այլ բան՝ հայկական քաղաքակրթությունը, եւ ես որոշեցի այդ խնդրով զբաղվել, որովհետեւ կարծում եմ՝ դա մեզ համար ունի շատ կարեւոր նշանակություն, տեսական առումով մենք պետք է կարողանանք համաշխարհայնացող այս աշխարհում, որը մեզ համար նաեւ հնարավորություններ եւ վտանգներ է բերում, մեր տեղն ապահովել։ Սա է ինձ մղել գնալ որոշակի զոհողությունների, իսկ արեւելագիտության ֆակուլտետում իմ ընկերներն են, ուսանողները, եւ համոզված եմ, որ այնտեղ ամեն ինչ լավ է»։

Հնարավո՞ր է, որ մի օր վերադառնաք ԵՊՀ։ Սաֆրաստյանը տարակուսեց․ «Գիտեք, տարիքն առաջ է գնում, իսկ դասախոսի աշխատանքը լարված է, դժվար է, չեմ կարող ասել, թե ինչ կլինի»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X