Բոլորիս շահերից է բխում անվտանգ երթեվեկություն ունենալը

Օրերս անդրադարձել էինք տեսանկարահանող սարքերով արձանագրված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման մի դեպքի: Քաղաքացուն ՃՈ-ն տուգանել էր՝ նշելով տեսախցիկի գտնվելու վայրը, որտեղից նրա ավտոմեքենան հազիվ թե հնարավոր լիներ նկարել: Խոսքը Տիգրան Մեծի, Հանրապետության եւ Մելիք Ադամյան փողոցների խաչմերուկի տեսախցիկի մասին է, որ «հաջողեցրել» էր նկարել «Երեւան սիթիի» դռների մոտ առաջամասով դեպի մայթը կայանած ավտոմեքենայի համարանիշը: Հոդվածի մեջ նշել էի նաեւ, որ նույնանման խախտում արձանագրվել էր նաեւ Ամիրյան փողոցում: Համապատասխան որոշման մեջ նշված էր տեսախցիկի հասցե, որն ընդհանրապես կապ չուներ Ամիրյան փողոցի հետ: ՃՈ-ից շատ օպերատիվ արձագանքեցին մեր հոդվածին եւ հրավիրեցին միասին դիտել խախտումը: Տեսանյութը դիտելուց հետո զրուցեցինք ՃՈ պետ, գնդապետ Եգոր Կարապետյանի հետ:

-Պարոն Կարապետյան, տեղի ունեցածը մեխանիկական սխալի հետեւա՞նք է, թե՞ նշված խաչմերուկից իսկապես հնարավոր է տեսախցիկով «որսալ» «Երեւան սիթիի» դռների մոտ երթեւեկությանն ուղղահայաց կայանած ավտոմեքենան:

-Տիգրան Մեծի, Հանրապետության եւ Մելիք Ադամյան փողոցների խաչմերուկի հարակից տարածքում տեղադրված տեսախցիկներն արձանագրված խախտման վայրից հեռու են ընդամենը 100 մետր ու, թեեւ գտնվում են միմյանցից որոշակի հեռավորության վրա եւ տարբեր դիրքերում, կառավարվում են տվյալ խաչմերուկի մեկ կենտրոնից, այսպես ասեմ` «ուղեղից», որի հասցեն էլ նշված է որոշման մեջ: Երբ նկատում ենք, որ հարակից տարածքի ինչ-որ մասում շատանում են խախտումները, որոշակի կարգավորումներ ենք կատարում տեսախցիկների հետ, դրանք ուղղում հատկապես տվյալ հատվածի վրա, բայց տեսախցիկների խաչմերուկային «ուղեղի»` կենտրոնի հասցեն չի փոխվում: Կարծում եմ՝ տվյալ պարագայում սա է թյուրիմացություն առաջացրել: Այլ է, բնականաբար, իրավիճակը, երբ որոշման մեջ, պատահաբար, տեսախցիկի բոլորովին այլ հասցե է նշվում: Նման բան խիստ հազվադեպ է լինում, բայց նկատվելու դեպքում հարցը լուծվում է հօգուտ վարորդի, չնայած, որ կատարված խախտումն ակնհայտ է:

-Պարոն Կարապետյան, այսօր, չնայած դժգոհությանը, անհնարին է Երեւանը պատկերացնել առանց տեսանկարահանող սարքերի ու արագաչափերի: Դրանք իրենց հաստատուն տեղն են գրավել մեր առօրյայում եւ, իսկապես, լուրջ փոփոխություն առաջացրել վարորդների վերաբերմունքի, կասեի` փիլիսոփայության մեջ դեպի երթեւեկությունը: Այդուհանդերձ, նաեւ քննադատություն է հնչում, որ այդ սարքերի առատությունը չի նպաստում անվտանգ երթեւեկությանը, այլ նպատակ է հետապնդում` հնարավորինս շատ փող կորզել: Կարո՞ղ եք հակառակը համոզել մարդկանց:

-Համոզելու խնդիր չկա այստեղ: Մենք ունենք դրա հետ կապված հստակ վիճակագրություն, որ փաստում է հակառակը: 2009-ին ՃՏՊ-ների հետեւանքով Երեւանում ունեցել ենք 72 զոհ, 2010-ին`81, 11-ին`92: 2012 թվականին ունեցել ենք 63 զոհ` 29-ով պակաս, քան 2011-ին: Եվ դա` շնորհիվ 2012 թվականի հունվարի 16-ից Երեւանում հայտնված առաջին արագաչափերի եւ տեսախցիկների: Ավելին ասեմ` 2015-2018 թվականներին, արդեն ողջ հանրապետությունում, արագաչափերն ավելացվել են հիմնականում բնակչության եւ համայնքների ղեկավարների պահանջ-խնդրանքով: Դեռ կան դիմումներ, որ չենք կարողացել բավարարել կամ մասամբ ենք բավարարել` արագաչափերը դարձնելով երկկողմանի կամ արդեն կարգավորված վայրերից դրանք նոր վայր տեղափոխելով` նախկին վայրում թողնելով «մուլյաժը», ինչի մասին, բնականաբար, չենք տեղեկացրել արագությունը գերազանցել սիրող վարորդներին: Այն պատգամավորը, որ տեսանկարահանող սարքերի տեղադրումն ինչ-ինչ շարժառիթներով համարում է փող կորզելու միջոց, կարո՞ղ է պատասխանել ՃՏՊ-ների հետեւանքով հարազատներին կորցրած մարդկանց բողոքներին, զանգերին, վիրավորանքներին, կշտամբանքներին, որ եթե այդ վայրում տեսախցիկ լիներ, եթե արագաչափ լիներ, եթե այդ պահին ոստիկան լիներ, իմ երեխան, իմ ծնողը, իմ եղբայրը կամ քույրը չէր զոհվի:

Վերջին շրջանում շարժական տեսախցիկների մասին լայն իրազեկումը միայն բերեց այն բանին, որ կարճաժամկետ հատվածում ճանապարհներին 3 անգամ ավելի քիչ զոհեր ունեցանք: Սա նույնպես խոսում է վերահսկողությունը տեխնիկական սարքերով ուժեղացնելու դրական կողմի մասին: Եվ, վերջապես, Հայաստանն առաջին երկիրը չէ, որ երթեւեկության կարգավորման նպատակով տեսախցիկ ու արագաչափ է տեղադրել: Դրա միջազգային փորձը կա վաղուց:

-Բավարար համարո՞ւմ եք արձանագրված խախտումների մասին վարորդին պատշաճ կարգով ծանուցելու գործող համակարգը: Բողոքներ կան` ծանուցում չենք ստացել, չեն տեղեկացրել։

-Ժողովուրդը մի լավ խոսք ունի: Ասում է` դա վաղ էր, որ էշը կաղ էր: Սկսած հեռախոսից ու վերջացրած էլեկտրոնային հասցեներով, սկսած տուն նամակ հասցնելուց մինչեւ ոստիկանության պաշտոնական կայքում խախտումների մասին ծանուցումը` մենք ապահովել ենք: Դուք գիտե՞ք ծանուցման այլ ձեւեր, որոնք մենք չենք կիրառում: Այնպես որ՝ քաղաքացին, չգիտեմ ինչ պետք է լինի, որ չտեղեկացվի իր կատարած խախտման մասին: Ի դեպ, ֆրանսիացի մեր գործընկերներին շատ է հետաքրքրել ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի այն բաժինը, որտեղ քաղաքացին, նշելով տեխանձնագրի եւ ավտոմեքենայի պետհամարանիշը, կարող է տեսնել իր կատարած խախտումների ողջ պատկերը:

-Հաշվե՞լ եք, թե տեխմիջոցներով արձանագրված խախտումների որ մասն է չեղյալ համարվում: Ի՞նչն եք հաշվի առնում` վարորդի սոցիալական վիճակը, բացատրությունը, պատճառաբանությունը, երեւի ծանոթ-բարեկամներ էլ են լինում:

-Կարող եմ ասել, որ բողոք-դիմումների մոտ 35 տոկոսը բավարարվում է, եւ հարցը լուծվում է հօգուտ վարորդի: Ներելու հատուկ սկզբունք չկա, պարզապես երբեմն վարորդը կարողանում է համոզել, որ խախտումը թույլ է տվել ճարահատ` հղի կին է տեղափոխելիս եղել, երեխան է հանկարծակի վատ զգացել, շտապում էր մահացած բարեկամի տուն եւ այլն: Մի տարեց վարորդ բժշկի թուղթ էր բերել, որ միզակապություն ունի եւ այդ օրը շտապել է րոպե առաջ բժշկի հասնել: Մարդկային գործոնը նման դեպքերում՝ ուզես, թե չուզես, աշխատում է: Եվ կամ ի՞նչ անել, երբ տեսանյութն ուշադիր դիտելուց հետո դու էլ ես համոզվում, որ վարորդը, կատարելով մի խախտում, ակամա կանխում է մեկ այլ, առավել ծանր հետեւանքներով հղի պատահար: Իսկ ինչ վերաբերում է ծանոթ-բարեկամներին, ապա ասեմ, որ մեր ունեցած տեխնիկական միջոցները նրանց մյուսներից տարբերելու հնարավորություն չունեն: Այնպես որ՝ նրանք էլ, մյուսների նման, ծանուցվում են խախտում կատարելու մասին եւ վճարում կամ բողոքարկում:

-Չե՞ն զանգում, չե՞ն խնդրում օգնել:

-Դա էլ է պատահում, բայց եթե արձանագրված խախտումն ակնհայտ է, եւ չկա որեւէ չփարատված կասկած, տուգանքն անխուսափելի է բոլորի համար:

-Բայց ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Երեւանում ՃՏՊ-ների թիվը չի նվազում:

-Դա արդեն այլ խնդիր է, որ կապված է առաջին հերթին եւ գլխավորապես Հայաստան ներմուծվող մեքենաների քանակի, տեսակների, տեխնիկական վիճակի եւ այլ հարցերի հետ: Մեր քաղաքների ու միջհամայնքային ճանապարհների ներկա ցանցը բավարար չէ՝ այդ մեծ ներհոսքից առաջացած ծանրաբեռնվածությունը կրելու եւ երթեւեկության բոլոր մասնակիցների համար միանգամից իդեալական հնարավորություններ ապահովելու համար: Տարեկան ներմուծվում է մոտ 30 հազար մեքենա: Մի պահ մտքով պատկերացրեք, թե դա ինչ քանակ է: Բայց մարդկանց չես արգելի մեքենա գնել կամ ներմուծել: Ուրեմն պետք է մտածել տեսախցիկներից ու արագաչափերից բացի նաեւ այլ միջոցներով եւ գործիքներով երթեւեկությունը կարգավորելու մասին: Դուք չեք կարող նկատած չլինել ՃՈ կողմից արդեն իսկ կատարված բարեփոխումները, որոնք կապված են հրապարակներում երթեւեկության նոր կարգի, ծանրաբեռնված փողոցներից ձախ դարձման համար հատուկ շարք նշագծելու, աջ դարձումները մշտապես բաց պահելու, առանձին խաչմերուկներում աշխատող լուսացույցի պայմաններում ճանապարհային ոստիկանի աջակցությամբ հոսքերը կարգավորելու եւ շատ այլ նորարարությունների հետ:

Այսօր փորձում ենք խաչմերուկները բեռնաթափել հատուկ օպերատորների միջոցով, որոնք, ըստ անհրաժեշտության, կարգավորում են «կարմիր» եւ «կանաչ» լույսերի տեւողությունը: Ի դեպ նշեմ, որ խաչմերուկներն ըստ մեքենաների հոսքի կարգավորելու ուղղությամբ մենք բավականին լուրջ հաջողության ենք հասել՝ շնորհիվ մեր մասնագետների մշակած ուլտրաձայնային սենսորների, որոնք աշխատում եւ լուսացույցի ազդանշանները փոխում են` հաշվարկելով խաչմերուկին մոտեցած մեքենաների թիվը: Դա արդեն իսկ կիրառվում է Գասպարյան-Երեւանյան խճուղի խաչմերուկում («Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկ) եւ զգալիորեն թեթեւացրել է ձախ շարքում մեքենաների կուտակումը: Սրա հետ կապված արձագանքներ կան թե՛ մեր վարորդների եւ թե՛ օտարերկրացի գործընկերների կողմից: Ռուսաստանից արդեն հետաքրքրվել են մեր ուլտրաձայնային սենսորներով: Այսօր մենք լուրջ խնդիր ունենք Երեւանի կրկեսի խաչմերուկի կարգավորման հետ կապված: Այդ խաչմերուկը մայրաքաղաքի կարեւորագույն հանգույցներից մեկն է, որի թողունակությունը կարող է ինքնաբերաբար բեռնաթափել Խանջյան փողոցը եւ Արշակունյաց պողոտան: Հավանաբար, հարկ կլինի այդ վայրում երկհարկանի երթեւեկության համար էստակադա կառուցել, որի առաջարկը մենք արդեն ունենք: Չմոռանամ նշել նաեւ վատ տեսանելի տեղերում տեղադրված լուսացույցների տեղափոխումը հենց երթեւեկելի հատվածի վրա, որոնք այժմ տեսանելի են նաեւ հետին շարքերում սպասող վարորդներին:

-Երթեւեկության մասնակիցներ են նաեւ հետիոտները, որոնց անուշադրության հետեւանքով են տեղի ունենում շատ պատահարներ: Ավելի ինտենսիվ դարձող երթեւեկության պայմաններում, ենթադրում եմ, պետք է ընդլայնվեն նաեւ հետիոտների անվտանգության ուղղությամբ տարվող աշխատանքները:

-Այո, իհարկե: Այն, ինչ հնարավոր է անել հետիոտնի անվտանգության համար, արվում է: Անցումների հստակ նշագծում, անցումների ՃԵ համապատասխան նշաններով կահավորում, հետիոտնի ձեռքով կարգավորվող լուսացույցների տեղադրում, ձայնային ազդանշաններով լուսացույցներ, վերգետնյա անցումների կառուցում` որտեղ կա դրա հնարավորությունը: Շատ կարեւոր է նաեւ քաղաքացիների եւ հատկապես երեխաների շրջանում տարվող ուսուցողական աշխատանքը: Մենք հասանք նրան, որ ս.թ. փետրվարի 8-ից ՀՀ ԿԳ նախարարի հրամանագրով 1-4-րդ դասարաններում տարեկան 10 ժամ ուսուցանվեն երթեւեկության կանոնները: Արդեն իսկ ընթացքի մեջ են ուսուցիչների վերապատրաստման աշխատանքները, կարող ենք տեսուչներ ուղարկել դպրոցներ, տրամադրել ՃՈ համապատասխան ուղեցույցներ, թեմատիկ պլաններ: Կան հասարակ բաներ, ընդհուպ սովորություններ, որոնք կարող են վտանգել մեր քաղաքացիների կյանքը: Մենք սիրում ենք մուգ գույնի շորեր հագնել, որոնք վատ են երեւում թույլ տեսանելիության պայմաններում կամ օրվա մութ ժամերին: Այս տեսանկյունից մեզ հետաքրքրեց Բելառուսում եւ Լիտվայում կիրառվող նորույթը, որ այդ երկրներում արդեն պարտադիր է: Մարդիկ օրվա մութ ժամերին լույսն անդրադարձնող հատուկ թեւնոցով են դուրս գալիս փողոց: Դա ճկվող քանոնի նման երիզ է, որ փաթաթվում է բազկին՝ թեթեւ հարվածով, ապա ինքնակպչուն մասով ֆիքսվում: Պատվիրել ենք որոշակի քանակ, որ կփորձենք կիրառել չլուսավորված բնակավայրերում: Հայկական տարբերակի վրա կլինի «Եղիր տեսանելի, փրկիր կյանքդ» մակագրությունը:

Լուրջ ուշադրություն է դարձվում նաեւ ճանապարհային պարեկային ծառայության համար կադրերի պատրաստմանը: Առաջին փուլով արդեն ունենք աշխատանքի ընդունված երիտասարդ կադրեր: Ընթացքի մեջ է երկրորդ փուլը: Ընտրությունը կատարվում է բավականին բարձր չափանիշներով` ընդհուպ մինչեւ օտար լեզուների իմացություն:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X