Լավ երկրի բանաձեւը

Տարրական սկզբունքներ ու գաղափարներ կան, որոնք կենսունակ են բոլոր ժամանակներում եւ բոլոր երկրներում։ Այսպես․ զարգանում է այն հասարակությունը, որտեղ սոցիալական արդարության, հանրային համերաշխության մթնոլորտ է տիրում, որտեղ հասարակությունը շատ բեւեռացած եւ օտարված չէ երկրի կառավարումից։

Այն երկրներում, որտեղ միջին խավը գերակշռում է, հասարակությունն ավելի գիտակից է, իր իրավունքների հարցում՝ պահանջատեր։ Իսկ որտեղ հասարակությունը գրագետ է, մարտունակ, պայքարող, այնտեղ իշխանությունը զգաստ է՝ հանրային կարծիքի նկատմամբ ուշադիր։ Այն պետություններում, որտեղ ընտրական իրավունքը գործում է, եւ հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանություն փոխել, պաշտոնյաներն ավելի զուսպ են ու համեստ, իսկ զինված հեղաշրջումների հավանականությունը փոքր է եւ անիմաստ։ Այնտեղ, որտեղ նորմալ կրթական համակարգ կա, գաղափարների բախում, հանրային դիսկուսիա, որտեղ այլընտրանքային ծրագրեր են իրականացվում, երիտասարդ սերնդին ճանապարհ են տալիս, այնտեղ սերնդափոխությունը հեշտ է իրականացվում, եւ տարբեր փակուղային իրավիճակներից ելքն էլ հեշտ է գտնվում։

Այն հասարակությունը, որտեղ հանդուրժողականություն կա այլախոհության նկատմամբ, որտեղ մարդիկ ընդունում են իրենց սխալները կամ, գոնե՝ սխալվելու հնարավորությունը, որտեղ կուռքեր չեն ստեղծում եւ դնում քաղաքական ուժերի ու համակարգերի գլխին, այնտեղ կադրային դեֆիցիտ, ճահճացում չի սպառնում։ Այնտեղ նոր մտածողության, նոր ժամանակների շունչն առավել զգալի է, եւ առաջընթացն էլ՝ նկատելի։ Վերջապես՝ երբ կա ազատություն, մարդու իրավունքները պաշտպանված են, նոր սերունդն աճելու, առաջ գնալու հնարավորություն ունի, եւ այլախոհներին էլ չեն քարկոծում, նման երկրներից արտագաղթելն էլ անիմաստ է դառնում։

Մեկնաբանություն
X