Ի՞նչ գաղտնիք է պահում Ադրբեջանը

«Ադրբեջանցիների ցեղասպանության 100-ամյակի» միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել Միլլի մեջլիսի հատուկ նիստ: Ելույթ է ունեցել նաեւ Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն եւ պատգամավոր Յագուբ Մահմուդովը: Ադրբեջանում, ինչպես հայտնի է, «ցեղասպանության կազմակերպիչ» համարում են Բաքվում բոլշեւիկյան իշխանության ղեկավար Ստեփան Շահումյանին: Մահմուդովը հիշեցրել է 26 կոմիսարների գերեզմանը քանդելու պատմությունը եւ հատուկ ընդգծել, որ դա տեղի է ունեցել նախագահ Իլհամ Ալիեւի կարգադրությամբ:

«Արտաշիրման ժամանակ պարզվել է, որ Ստեփան Շահումյանի մարմինը չկա այդ գերեզմանում: Այդ մասին մենք իրազեկել ենք ամբողջ աշխարհին: Բայց, ցավոք, ոմանք իսկույն փորձեցին լղոզել այդ հարցը: Այդ պատճառով մենք չենք կարող հրապարակել ամբողջ ճշմարտությունը»,- ասել է Մահմուդովը:

Նախ, պատմական գերեզմանի ոչնչացումն իքնին վանդալիզմ է: Իսկ այն, որ դա տեղի է ունեցել Բաքվից Ստեփան Շահումյանի եւ ազգությամբ հայ մյուս կոմիսարների հիշատակը ջնջելու նպատակով, վկայում է ադրբեջանական իշխանությունների, անձամբ Իլհամ Ալիեւի հիվանդագին հայատյացության մասին: Դա, սակայն, հարցի քաղաքական կողմն է: Զուտ գործնական տեսակետից ադրբեջանցի մասնագետներն ինչպե՞ս են կարողացել պարզել, որ գերեզմանում չկա հատկապես Ստեփան Շահումյանի աճյունը: Ի՞նչ փորձաքննությունն է կատարվել, որտե՞ղ, ի՞նչ մասնագետների կողմից:

Սրանք պատասխան չունեցող հարցեր են: Իսկությունն այն է, որ Ադրբեջանում Շահումյանի ոչ միայն գերեզմանն են պղծել, այլեւ՝ նրա քաղաքական հիշատակը: Ամեն գնով փորձ է արվում «ապացուցել», որ Շահումյանը մյուս կոմիսարների հետ չի գնդակահարվել: Հնարավոր է, Բաքվի 26 կոմիսարների անվան շուրջ խորհրդային քարոզչությունն, իրոք, ինչ-որ առասպել է հյուսել: Բայց ո՞րն է դրանում Ստեփան Շահումյանի, հայազգի մյուս գործիչների մեղքը: Եւ 1918թ. մարտի 30-31-ի իրադարձությունների համար եթե որեւէ մեկը պատասխանատու է, ապա՝ ոչ հայ ժողովուրդը: Բաքվում, այո, այդ օրերին զինված բախումներ եղել են: Բայց հակամարտության մի կողմում եղել է «Մուսավաթ» ադրբեջանական կուսակցությունը, մյուսում՝ Բաքվի բոլշեւիկյան իշխանությունը, որի կազմում, ի դեպ, նաեւ երկու ադրբեջանցի կար՝ Մեշադի Ազիզբեկովը եւ Նարիման Նարիմանովը, որ անմիջապես պատասխանատու էր քաղաքի համար, քաղաքի կոմիսարն էր եւ անձամբ էր կազմակերպել բոլշեւիկա-մուսավաթական բանակցությունները:

Ինչու՞ «Մուսավաթը» չի ընդունել բոլշեւիկյան իշխանության վերջնագիրը, ինչու՞ են Բաքու բերվել Վայրի դիվիզիայի ստորաբաժանումներ, ո՞վ է առաջինը կրակ բացել եւ այլն՝ պատմական ուսումնասիրությունների նյութ է: Իսկ եթե այդ ամենի հետ կապված դեռեւս չհրապարակվող գաղտնիքներ կան, ապա ի՞նչ իմաստ ունի «ադրբեջանցիների ցեղասպանության» մասին խոսել: Չէ՞ որ երեւույթը հնարավոր է գնահատել բոլոր մանրամասնությունները ճշտելուց հետո միայն:

Մեկնաբանություն
X