«Վեոլիա Ջուր» ընկերությունը 5 մլն դրամով կտուգանվի

Ապրիլի 4-ին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի «Վեոլիա Ջուր» ընկերության հանդեպ վարչական ակտ կիրառելու մասին հարցը: Այս մասին հայտնում են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքից:

2018 թվականի փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է դիմել քաղաքացի Նիկոլայ Հարությունյանը՝ հայտնելով, որ 2017 թվականի մարտի 31-ին դիմել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Ավ. Իսահակյան փողոցի №3 տան նոր համակարգն ընկերության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միանալու համար, սակայն սահմանված ժամկետում միացման պայմանագիր կնքելու առաջարկություն չի ստացել։

Ընկերությունը ամիսներ անց միայն 2017 թվականի նոյեմբերի 13-ի գրությամբ ներկայացված պարզաբանումներում միացման պայմանագրի կնքման գործընթացը կապել է նշված հասցեում ապօրինի ջրամիացման առկայության հետ:

2018 թվականի փետրվարի 9-ին էլ Հանձնաժողով է դիմել Արզուման Հարությունյանը՝ հայտնելով, որ 2018 թվականի հունվարի 9-ին դիմել է Ընկերություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեկ գյուղի 3-րդ փողոցի №50 տան նոր համակարգն ընկերության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միանալու համար, սակայն սահմանված ժամկետում տեխնիկական պայմաններ չի ստացել, որի առնչությամբ ընկերության կողմից ստացել է բանավոր պատասխան, որ դիմումը Ընկերության աշխատակցի անփութության պատճառով չի մուտքագրվել և պետք է սպասել:

Հանձնաժողովը պարզել է, որ ընկերությունը խախտել է Կանոնների 16-րդ կետի պահանջը՝ դիմող անձին տեխնիկական պայմանների և միակողմանի կնքված միացման պայմանագրի ներկայացման ժամկետը, ինչը Կանոններով ամրագրված պարտավորությունների անբարեխիղճ կատարման արդյունք է։ Ելնելով վերոնշյալից՝ հանձնաժողովը որոշում է կայացրել տուգանել «Վեոլիա Ջուր» ընկերությանը 5 միլիոն ՀՀ դրամով:

Մեկնաբանություն
X