Ու՞մ է կասկածում Ալիեւը

Բաքվում անցկացվել է «Ինտերնետ-տիրույթում ազգային –բարոյական արժեքների պահպանում. Նեգատիվ երեւույթների դեմ լրագրողական համերաշխություն» խորհրդաժողովը: Այն անցկացվել է Իլհամ Ալիեւի օգնական Ալի Հասանովի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են գրեթե բոլոր պետական եւ իշխանահաճ լրատվամիջոցների ղեկավարները: Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը խոսել է արտերկրում, հատկապես Եվրոպայում գործող խմբերի եւ անհատների մասին, որոնք փորձում են «ստվերել նախագահական ընտրությունները, վիրավորում եւ անվանարկում եմ իշխանություններին եւ հատկապես նախագահին»:

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաեւ Minval.az կայքի հիմնադիր Ռաուֆ Արիֆօղլուն: Հղելով նախագահի օգնական Հասանովին, Արիֆօղլուն խոսել է Ադրբեջանի դեմ «խարդախ ծրագրի» մասին եւ արել հետեւյալ ընդհանրացումը. «Այժմ պարզ է դարձել, որ մեր պետությունը եւ նախագահը հատուկ տեղեկություն են ունեցել, դրա համար էլ որոշվել է անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ: Այդ քայլն արվել է, որպեսզի թույլ չտրվի Ադրբեջանի դեմ ցանց ստեղծել եւ ընդլայնել: Դա նման է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի բացահայտմանը: Դրա համար էլ պետությունը ձեռք է առել կանխարգելիչ միջոցներ: Խռովարարները հարձակում են սկսել անելանելիությունից ստիպված, նախապատրաստությունը ամբողջական չի եղել, ուստի նրանք տանուլ են տվել»:

Սա չափազանց լուրջ գնահատական է, որից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանում որոշակի խմբեր եւ կլաններ ունեցել են կամ իշխանությունը տապալելու կամ աշնանը կայանալիք ընտրություններին նախագահի սեփական լուրջ թեկնածու առաջադրելու եւ ներքաղաքական կոշտ մրցապայքարի մեջ մտնելու մտադրություն: Նշանակելով արտահերթ ընտրություններ, Ալիեւը կանխել է նրանց՝ կազմակերպվելու համար ժամանակի առումով:

Հնարավոր է, «խարդախ ծրագրի» եւ «պետական հեղաշրջման փորձի» մասին խոսակցությունները չունեն որեւէ հիմնավորում, այլ ընդամենը պետական քարոզչության կողմից են գեներացվում եւ ստեղծում ներքին թշնամու կերպար: Այդպես է, թե ոչ՝ էական չէ: Հիմնականն այն է, որ ընտրություններից հետո Ադրբեջանում միանգամայն հավանական է սպասել իշխանության մեջ կտրուկ վերադասավորումների: Չեն բացառվում նաեւ քաղաքական հալածանքները: Եթե Ալիեւը դիմի տոտալ հարձակման, ապա հնարավոր է, որ հետընտրական Ադրբեջանում արձանագրվեն ներքին սուր բախումներ: Առաջիկա երկու-երեք ամսում Ադրբեջանին սպասում են ներքաղաքական ցնցումներ:

Մեկնաբանություն
X