Շիրազի փողոցը վերանորոգում են, իսկ Ռուսթավելին քանդվում է

Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում Հ.Շիրազի փողոցի վերակառուցման աշխատանքները մարտ ամսից մեկնարկել են: Շիրազի փողոցի նախագծման աշխատանքներն ավարտվելու են մինչև ապրիլի 15-ը, որից հետո շինարարի մրցույթ կհայտարարվի: Իսկ մինչ այդ, մրցույթը շահած «Տրանս նախագիծ» ընկերությունը զբաղված է փողոցի կոմունիկացիոն համակարգի թարմացմամբ:

Նշենք, որ «Կումայրի վերածնունդ» հիմնադրամի միջոցով վերանորոգվելու են նաև Շիրազին հարակից 4 փողոցները ևս: Իսկ ահա 3 փողոցներ՝ Ջիվանին, Ղորղանյանն ու Վարպետացը վերանորոգվելու են վերջապես տեղ հասած 23մլն եվրո վարկով, որը տրամադրել է «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը»:

Շիրազի փողոցում նախատեսված է կարմիր ասֆալտ փռել, մյուս փողոցներում մանր քարեր ու գունավոր սալիկներ են շարվելու: Մենք արդեն անդրադարձել էինք անցյալ տարվա հոկտեմբերին շահագործման հանձնված Ռուսթավելի փողոցին: «Կումայրի վերածնունդ» հիմնադրամի միջոցով վերանորոգված այս փողոցի սալաքարերը տեղ-տեղ ճաք են տվել: Մասնագետները մտահոգված են՝ ի՞նչն է պատճառը՝ անորակ շինարարությունը, թե՞...:

Ոմանք էլ պնդում են, թե ճաքերն ավելի խորացան, երբ սկսվեցին Շիրազի փողոցի շինարարական աշխատանքները: Բանն այն է, որ Ռուսթավելի փողոցով են անցնում այն բեռնատարները, որոնք շինանյութ են մատակարարում Շիրազի փողոցում իրականացվող աշխատանքների համար, մինչդեռ առկա է ցուցանակ, որով արգելվում է խոշոր ավտոմեքենաների մուտքը Ռուսթավելի փողոց: Քաղաքապետարանից վստահեցնում են, թե իրենք ևս մտահոգված են եւ արձանագրելով փաստերը՝պատրաստվում են այն ներկայացնել պատասխանատուներին:

Մեկնաբանություն
X