Կադրային եւ կառուցվածքային ռեֆորմներ Հանրային ռադիոյում

Հարցազրույց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ

- Պարոն Գրիգորյան, խոսակցություններ են շրջանառվում, թե Հանրային ռադիոյում մի քանի խմբագրություններ են փակվել, եւ մի շարք աշխատակիցներ են կրճատվել։ Ինչո՞վ են պայմանավորված այդ փոփոխությունները։

Ես որոշեցի գնալ շատ լուրջ լրագրողական ռեֆորմի։ Այս պահին մնացել են միայն լրատվական եւ մանկապատանեկան խմբագրությունները, լուծարվել են հասարակական հաղորդումների, մշակութային եւ երաժշտական խմբագրությունները, ինչպես նաեւ գարնան վերջում փակվելու է «Երեւան» ծրագիրը։ Բացատրեմ, թե ինչու եմ փակել դա․ բանն այն է, որ մենք ունենք 2 լրատվական միավոր ռադիոյի մեջ, որոնց ֆունկցիաները շատ անգամ իրար կրկնում են։ Մենք ունենք «Ռադիոլուր» լրատվական ծառայություն եւ առանձին «Երեւան» լրատվական հաղորդում։ Ու շատ անգամ ես տեսնում եմ այդ 2 խմբագրությունների լրագրողներին նույն իրադարձությունը լուսաբանելիս եւ շատ հաճախ եթերում լսում եմ նույն իրադարձության մասին տարբեր նյութեր՝ ե՛ւ «Ռադիոլուրի» հիմնական թողարկման մեջ, ե՛ւ «Երեւան» ծրագրում։ Դա ուղղակի նպատակահարմար չէ, եւ դրա համար որոշեցի «Երեւան» ծրագիրը փակել։ Ես դա շատ ծանր եմ տանում՝ մարդկայնորեն, բայց, մյուս կողմից, որպես ղեկավար՝ հասկանում եմ, որ պետք է։ Ինչ վերաբերում է այդ 3 խմբագրություններին, ապա այնտեղ բավականին լուրջ խնդիրներ կային եւ կան՝ ինչպես հաղորդումների որակի, այնպես էլ ժամանակակից լինելու հետ կապված։ Մենք ունենք 20-րդ դարում քարացած ռադիո, բայց արդեն 18 տարի է, ինչ ապրում ենք 21-րդ դարում, եւ, ուզած-չուզած, ռադիոն պետք է բերենք 21-րդ դարի ստանդարտներին։ Ես անընդհատ բախվում եմ նույն խնդիրներին՝ ինչո՞ւ չվերականգնենք պատի ռադիոները, ինչո՞ւ չեք ուզում վերականգնել այս կամ այն հաղորդումը։ Ես հասկանում եմ այդ նոստալգիան, մարդիկ ուզում են ոչինչ չփոխվի, բայց կյանքն է փոխվում, եւ, ուզեմ թե չուզեմ, ես պետք է հետեւեմ այդ կյանքի փոփոխություններին եւ եթե չհետեւեմ, մենք կմնանք լճացած։

- Այդ փոփոխություններն ինչի՞ն են միտված։

Այս փոփոխությունների իմաստը հետեւյալն է․ մարդիկ՝ այն լրագրողները, ովքեր աշխատում էին լուծարված խմբագրություններում, նրանց ստաժը չի կորում, աշխատանքային պայմանները չեն վատանում, փոխվում է միայն աշխատավարձը։ Ընդ որում՝ եթե իրենք աշխատում են քիչ, իրենք կստանան քիչ, եթե աշխատում են շատ, կստանան շատ, որովհետեւ հիմա մենք անցնում ենք այն համակարգին, որը, կարծեմ, ընդունված է մեր բոլոր հեռուստաընկերություններում։ Այսինքն՝ մենք վճարում ենք այստեղ ոչ թե աթոռ մաշեցնելու համար, այլ վճարում ենք արտադրանքի համար։ Կա հաղորդում, որն արժի այսքան, որի գինը հաշվված է՝ ըստ ռադիոյի միջին ծախսերի, եւ մենք գնում ենք այդ հաղորդումը։ Եթե դու կարող ես պատրաստել 4 հաղորդում, կստանաս 4 անգամ ավելի գումար, եւ դա կլինի ավելի շատ, քան դու ստանում էիր այստեղ, երբ նստած էիր հաստիքի վրա։ Բնականաբար, 4 հաղորդման համար դու պետք է աշխատես նաեւ շատ, եւ, բնականաբար, այդ հաղորդումները պետք է լինեն մեզ՝ մասնավորապես ինձ, բավարարող որակի։ Այդ ամբողջ փոփոխության իմաստը սա էր։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ կլինեն մարդիկ, ովքեր կկորցնեն իրենց աշխատանքը․ դա էլ ինձ համար ծանր որոշում է, անկախ նրանից՝ այդ կինը (որովհետեւ այդ խմբագրություններում միայն կանայք են աշխատում) ունի՞ ամուսին, թե՞ չունի, ամուսինն աշխատո՞ւմ է, կարողանո՞ւմ է ընտանիքը պահել, թե ոչ, բայց, մյուս կողմից էլ, ես պետք է ինչ-որ բան անեի։ Դա այն զոհողությունն է, առանց որի ռադիոյի որակը բարձրացնել հնարավոր չէ։ Մենք նայում ենք մեր լսարանին եւ տեսնում ենք, որ մեր հիմնական լսարանը 35+ է, եւ մենք խնդիր ունենք երիտասարդություն ունենալու, նրանց բերելու մեր եթեր։ Հիմա հին հաղորդումներ հեռարձակելով՝ մենք իրենց եթեր չենք բերի, մենք պետք է անենք ինտերակտիվ ռադիո՝ իր վեբ կայքերի, սոցցանցերի հետ միասին, որ դեռահասները հաղորդումներ անեն դեռահասների համար, ոչ թե մեծերն իրենց համար գրեն ու իրենք նստեն կարդան, այլ իրենք պատմեն իրենց կյանքի մասին։ Իսկ դեռահասներին ռադիոեթեր բերել՝ առանց համացանցի, դա երեկվա մտածողություն է։ Ես, որպես Հանրային ռադիոյի տնօրեն, պետք է մտածեմ այսօրվա եւ, ամենակարեւորը՝ վաղվա ձեւով։

- Չնայած ասացիք, որ նրանց աշխատանքային պայմանները չեն փոխվում, բայց, դառնալով պայմանագրային աշխատողներ, նրանց ստաժը չի՞ կորում։

Ստաժը շարունակվելու է, ըստ ՀՀ օրենքների՝ ստաժը չի ընդհատվում, եւ թոշակի վրա դա չի ազդում։ Ես հատուկ դա ստուգել եմ իրավաբանների հետ։

- Այնուամենայնիվ, այդ խմբագրությունները փակելիս ունեի՞ք ինչ-որ ցուցիչներ՝ լսարանի հետ կապված, որոնք փաստում էին, որ այս կամ այն հաղորդումները մրցունակ չեն, ուստի պետք է փակվեն։

Կա հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոն, որը Հանրային հեռուստառադիոընկերության կազմում է եւ որն անընդհատ աշխատում է մեր պատվերներով։ Դա նշանակում է, որ տարին մի քանի անգամ ես ստանում եմ սոցիոլոգիական հարցումների արդյունքներ՝ կապված ընդհանրապես հայկական ռադիոեթերի եւ, մասնավորապես՝ մեր ռադիոյի աշխատանքների հետ։ Այսինքն՝ չափել ռադիոլսարանը, հնարավոր է, էլ չասեմ, որ ստանում ենք տվյալներ «Գուգլ անալիտիկսից»՝ կապված մեր վեբ կայքի հետ, եւ ցանկացած ռադիո կարող է ստանալ այդ տվյալները։

- Հանրային ռադիոյի համար ռեյտինգն ինչքանո՞վ է կարեւոր։

Առանց հասկանալու, թե քեզ ովքեր են լսում, ինչպես են լսում եւ ինչ են լսում, մենք չենք կարող, մենք անպայման դա պետք է հասկանանք։ Եվ թերություններից մեկը, որ մենք այսօր ունենք, ռադիոյի ճանաչելիության պակասն է, մասնավորապես՝ Հանրային ռադիոյի։ Այսինքն՝ այստեղ մենք պետք է լուծենք նաեւ ճանաչելիության հարց, որ եթերում լինեն վառ անձնավորություններ, որոնք կաշխատեն վառ ձեւերով, որ դա լինի նաեւ իսկական վառ լրագրություն։ Կլինեն այդ մարդիկ նոր կամ հին՝ դա այդքան էլ կարեւոր չէ։ Դրա համար է, որ ես հրավիրել եմ Պետրոս Ղազարյանին, ով ամեն շաբաթ օր Հանրային ռադիոյում ունի հաղորդում, որտեղ ինքը եւ Տիգրան Հակոբյանը վերլուծում են շաբաթվա քաղաքական եւ ոչ միայն քաղաքական իրադարձությունները։ Դրա համար է այստեղ Վահան Արծրունին, ով ունի երաժշտական ծրագիր, նաեւ՝ Ավետ Բարսեղյանը։ Այսինքն՝ եթե այսպիսի մարդիկ չգան ու չվարեն եթերներ, մենք մեր ճանաչելիությունը չենք բարձրացնի։ Դրան գումարած՝ մենք ունենք մի շարք հաղորդումներ, որոնք բավականին իրար նման են․ դա էլ է թերություն, իսկ ես ուզում եմ, որ Հանրային ռադիոն դառնա իսկական 21-րդ դարի եվրոպական ռադիոներից մեկը։ Եվ ես երկար ձգեցի դա, հատկապես որ հունիս ամսից տնօրեն եմ։

- Կարելի է ասել, որ սա Ձեր առաջին կառուցվածքային, կադրային փոփոխությունն է, որին զգուշորեն եկաք եւ հեռվից։

Այո, ես շատ զգուշորեն մոտեցա եւ ամեն ինչ արեցի, որպեսզի մենք ներսից փոխվենք՝ մենք չփոխվեցինք։ Ընդ որում՝ «Ռադիոլուրը» փոխվում է անընդհատ եւ իր մեջ գտավ այն ճկունությունը, որն ինձ պետք էր։ Եվ լսել այսօրվա, 3 ու 6 ամիս առաջվա «Ռադիոլուրը»՝ պարզ երեւում է առաջընթացը։ Այս մյուս դեպքում էլ ես գիտեմ, թե ինչ եմ ուզում 3-6 ամսից, եւ սա հնարավորություն է տալիս փոխվելու։ Այլ բան, որ ես հասկանում եմ, որ այս մրցակցային միջավայրում ինչ-որ մարդիկ կարող են պարտվել, բայց դա էլ է նորմալ, ինչո՞ւ պետք է ես կառչեմ նույն մարդկանցից եւ նույն հաղորդումներից՝ միայն այն պատճառով, որ իրենք 15, 25, 35 տարի այստեղ աշխատում են։ Ինչո՞ւ ես հնարավորություն չտամ երիտասարդներին գալ ու փորձել իրենց ուժերը։

- Իսկ ճի՞շտ է, որ այդ փակված խմբագրությունների խմբագիրները մի խորհրդի մեջ են լինելու, եւ դա իրենից ի՞նչ է ներկայացնելու։

Ճիշտ է, դա լինելու է մի խորհրդատվական մարմին, այն խորհուրդ չի անվանվելու, որովհետեւ մենք ունենք հեռուստառադիոխորհուրդ, որն ըստ էության իմ վերադասն է, բայց ես հարգում եմ մեր ռադիոաշխատողների փորձը, նրանց ունակությունները եւ կուտակած վարպետությունը եւ չեմ կարող դատարկ տեղը հրաժարվել այդ փորձից, ունակությունից եւ վարպետությունից։ Ես ուզում եմ, որ իրենք շարունակեն այստեղ մնալ եւ իրենց ներդրումն ունենալ ապագա ռադիոյի մեջ, որովհետեւ իրենք այն մարդիկ են, ովքեր կարող են լսել եւ տարբերել լավն ու վատը, թացն ու չորը։ Դրա համար ես բոլորին խնդրեցի մնալ, եւ նրանք համաձայնեցին, ինչի համար ուրախ եմ։

- Այդ խորհրդակցական մարմնի գործառույթները որո՞նք են լինելու, մասնակցելո՞ւ են հաղորդումների ստեղծմանը, միայն խորհուրդնե՞ր են տալու, թե՞ նաեւ պրակտիկ գործառույթներ են իրականացնելու։

Իրականացնելու են իրենց ֆունկցիաները, եւ այդ խորհրդի գործառույթները հիմա ճշտման փուլի մեջ են, շատ շուտով կավարտենք, իրենք կունենան իրենց պարտականությունների նկարագրությունը, որոնց մեջ կլինի եւ նոր հաղորդումների քննարկում։ Այդ մարդիկ հնարավորություն կունենան նաեւ պրոդյուսերություն անել այլ ծրագրերի։

- Նոր պայմանագրեր արդեն կնքվե՞լ է նրանց հետ։

Ովքեր համաձայնել են, արդեն կնքվել է։ Իհարկե, նման փոփոխությունները, երբ քո գլխին երկնքից ընկնում են, հեշտ չեն։ Դրանք շատ նորմալ բաներ են, բայց նաեւ ցավոտ ժամանակաշրջան, սակայն առանց այդ ցավի միջով անցնելու մենք առաջ չենք գնա, իսկ ես եկել եմ ինչ-որ բաներ փոխելու։

- Հանրային ռադիոն այսօր մասնավոր ռադիոկայանների հետ մրցակցության խնդիր ունի՞։

Իհարկե, որովհետեւ մարդիկ հիմնականում ռադիո լսում են մեքենաներում, եւ մենք պետք է լինենք այնքան լավ ռադիոկայան, որ մարդը մեքենա նստելիս փնտրի 107․7 FM-ը, եւ դա, իհարկե, մրցակցության խնդիր է, եւ ինձ համար այստեղ կա այսպիսի մի բան՝ պետք է տաս արժեք, երբ տալիս ես արժեք, մարդիկ քեզ լսում են։ Օրինակ՝ «Խոսենք հայերեն»-ը, «Գերդաստաններ» կոչվող հաղորդումը, լուրերը, Վահան Արծրունու հաղորդումը տալիս են այդ արժեքները։ Ինձ համար կարեւոր է, որ արժեքներ տալու միջոցով մտնենք մրցակցային դաշտ։

- Մամուլում պարբերաբար գրվում է, որ լարված հարաբերություններ ունեք Ձեր տեղակալ Լիկա Թումանյանի հետ։

Մեր միջեւ շատ պրոֆեսիոնալ, նորմալ հարաբերություններ են՝ տնօրենի եւ տեղակալի ֆունկցիաների հետ կապված։ Այս ռադիոյում ոչինչ չի արվում՝ առանց մեր կոնսենսուսի։

- Որոշ ժամանակ առաջ գրվեց, որ նա աշխատանքից ազատել է մի ազատամարտիկի կնոջ։

Իսկ ո՞վ է հրամաններն ստորագրում՝ Լիկա Թումանյա՞նը, թե՞ Մարկ Գիրգորյանը։ Ինչ խոսք, Հանրային ռադիոն իսկապես նշանակություն ունի հանրության համար, եւ, իհարկե, թերթերը պետք է հետեւեն, թե ինչ է կատարվում Հանրային ռադիոյում։ Այդ տեսակետից ես ողջունում եմ թերթերի ուշադրությունը ռադիոյի նկատմամբ։ Մյուս կողմից ես հասկանում եմ, որ պետք է հանրությանը բացատրեմ իմ մեծ ու փոքր քայլերը․ ազատամարտիկի կին լինելն արժեք չէ, դու կարող ես լինել ազատամարտիկի կին եւ աշխատել վատ, դու կարող ես լինել ազատամարտիկի կին եւ չաշխատել, ի՞նչ անեմ ես։ Ընդ որում՝ ես աշխատանքից ազատել եմ 2 հոգու եւ չեմ զղջում դրա համար, որովհետեւ մարդը որ գալիս է աշխատանքի, պետք է աշխատի, եւ դա հավասար չափով վերաբերում է բոլորիս։ Երբ ես սկսեցի այդ ռեֆորմը, իմ աշխատողներից մեկն ինձ ասաց՝ այստեղ պատահական մարդիկ չկան, ամեն մեկի հետեւում ինչ-որ մեկը կանգնած է․ դա նշանակում է, որ դու կա՛մ տապալելու ես այդ ամեն ինչը, կա՛մ քեզ են տապալելու։ Ես ամեն ինչ անում եմ՝ ռադիոյի շահերից ելնելով, այնքան հեշտ կլիներ ոչինչ չանելը, բայց ես չեմ եկել այստեղ լճացած վիճակը պահելու, ես եկել եմ այս ռադիոն դարձնեմ 21-րդ դարի ռադիո։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X