Սակուրան ու հայ երեսփոխանները

Հերթական հաղորդագրությունն է ստացվել խորհրդարանական կառավարման անցած երկրիս գլխավոր քաղաքական մարմնից՝ խորհրդարանից․ «Ազգային ժողովի այգում մարտի 29-ին նշվել է Հանամի տոնը, տեղի է ունեցել ճապոնական սակուրաների մասին ցուցանակի բացման արարողություն»։

Հանամին ճապոնական մշակույթի մասնիկն է․ երբ ծաղկում է սակուրան (բալենու ծաղիկը), ճապոնացիները սրբազան ծառի տակ պիկնիկ են անում եւ հիանում սակուրայի վարդագույն ծաղիկներով: Մեր Ազգային ժողովի պատգամավորներն էլ, դատելով ԱԺ-ից ստացված լուսանկարներից, շատ ուրախ-զվարթ նշել են ճապոնական սակուրայի ծաղկման տոնը։ Նրանք գոհ ու երջանիկ շրջապատել են ճապոնական մշակույթի ներկայացուցիչներին ու հայ-ճապոնական կենտրոնի սաներին, դիտել նրանց բեմադրած շոուն, մասնակցել դրան։ Ապա խորհրդարանի բակում տնկել են սակուրաներ, չնայած հայտնի է, որ Հայաստանում սակուրա չի աճում։ Ահա, այսպես հայկական ու համաշխարհային տոները նշելով էլ անցնում է հայ խորհրդարանականների «ծանր» առօրյան՝ ուրախ, զվարթ, անդարդ ու տոնական։

Նրանք կա՛մ գործուղումների են, կա՛մ ծնունդ-կնունք-հարսանիքների եւ այլ կերուխումների։ Պատգամավորի մանդատը ոչ թե պարտականություններ է բերում, այլ հաճույքների մի շարան, որը պահպանելու համար էլ նախընտրական շրջանում այդքան ջանք են թափում նրանք, այդքան փող ծախսում։ Եվ ամենակարեւորը՝ ընտրությունից ընտրություն ընկած շրջանում էլ այդքան ծառայություններ մատուցում նրանց, ում կամքից կախված է խորհրդարանում իրենց կրկին հայտնվելը։

Իսկ մինչ մեր օրենսդիրները սակուրա են տնկում եւ ճապոնական «կայֆերի» մեջ են, ժողովուրդը հերթական զոհերին է դիմավորում Արցախից, հաշվում է, թե քանի դրամ է մնացել մինչեւ հաջորդ աշխատավարձը, եւ նոր վարկեր վերցնելու ծրագրեր է կազմում։

Մեկնաբանություն
X