Քանի՞ կոպեկ արժի այս գիտությունը

Երեկ տեղի է ունեցել ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը, որին, ի թիվս ակադեմիայի անդամ գիտնականների, ակադեմիկոսների, մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մինչ այդ, 2017-ի գիտական գործունեության արդյունքները ներկայացրել է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ում խոսքերով՝ մշակվել է «ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման կանոնակարգ» եւ կազմվել է ԳԱԱ համակարգում ակնկալվելիք իրական բարեփոխումների ցանկը: Ինչ վերաբերում է ֆինանսական հատկացումներին, ապա ԳԱԱ-ի գիտական աշխատանքների տարեկան ֆինանսավորումը պետական բյուջեից 2017-ին կազմել է 7 միլիարդ դրամ, արտաբյուջետային ֆինանսավորումը հաշվետու տարում՝ մոտ 2 միլիարդ դրամ, ամսական միջին աշխատավարձը, առանց արտաբյուջետային միջոցների՝ 100 հազար դրամ:

Դեռ անցած տարի ԳԱԱ-ի տարեկան ժողովում Սերժ Սարգսյանը ցանկություն էր հայտնել, որ ակադեմիան օպտիմալացվի, եւ այն հաստատությունները, որ կան թղթի վրա, իրական լինեն։ Օպտիմալացման հարցը Սերժ Սարգսյանն այս տարի էլ է առաջ քաշել՝ բարձրաձայնելով մի քանի հազար գիտնականների աշխատանքի արդյունավետության մասին։ Այլ կերպ ասած՝ կասկածի տակ է դրել գիտնականների գիտական մտքի արդյունավետությունը, որին հաջորդել է եղած միջոցներն արդյունավետ ծախսելու հորդորը։ «Միակ զարգացման ճանապարհն այստեղ, եղած միջոցներն արդյունավետ օգտագործելու մեջ է: Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը միշտ ակնածանք է ունեցել գիտության նկատմամբ: Գիտությունը Հայաստանում միշտ պահանջված է: Եվ, ուրեմն, ե՛ւ դուք, ե՛ւ ձեզանից հետո եկողները մեծ գործ ունեն անելու, ցավոք սրտի, սուղ միջոցներվ: Փոքր հնարավորություններով մենք լուրջ խնդիրներ պետք է լուծենք»,- իր ելույթում մասնավորապես նշել է նա։ Ինչը նշանակում է, որ գիտությանը տրվող ֆինանսական գումարները ոչ միայն չեն ավելանա, այլ գուցեեւ նվազեն։ Ավելին, երբ ժողովի ժամանակ ակադեմիկոսներից մեկը՝ Վիգեն Թոփուզյանը, նոր սարքավորումների մասին հարց է բարձրացրել, Սերժ Սարգսյանը հետաքրքրվել է, թե որն է խնդիրը։ Դահլիճից ռեպլիկի ձեւով հակադարձել են, թե գումար է պետք, ինչին Սերժ Սարգսյանն այսպես է արձագանքել․ «Հա, գումա՞ր եք ուզում, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են»: Զարմանալի չէ նման պատասխանը, հատկապես որ անցած տարի ակադեմիայի տարեկան ժողովում գիտնականները Սերժ Սարգսյանից նախեւառաջ հետաքրքրվում էին, թե ինչպես է տեսնում իրենց՝ գիտնականների դերն առաջիկա ընտրություններում։ Ահա եւ պատասխանը՝ սուղ միջոցներ եւ օպտիմալացում։ Ի դեպ, 2018թ․ տվյալներով, ԳԱԱ կազմում ընդգրկված են 49 ակադեմիկոս եւ 57 թղթակից անդամ: Ընդհանուր՝ ԳԱԱ աշխատակիցները 3 հազար 875-ն են, որոնցից 2 հազար 362-ը՝ գիտական աշխատողներ, 336-ը` գիտության դոկտորներ, 1079-ը` գիտության թեկնածուներ, 947-ը գիտական աշխատողներ են՝ առանց գիտական աստիճանի:

Ակադեմիկոս Հանրի Ներսիսյանը չի գնացել ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին, ասում է՝ այդպիսի անիմաստ ժողովներին մասնակցելու կարիք չունի, որովհետեւ դա խայտառակություն է եւ ոչ թե հաշվետու ժողով․ «Դա խաբեբայություն է, Ռադիկ Մարտիրոսյանն արդեն երկար ժամանակ նախագահ է, բայց ոչ մի իրական պատասխանատվություն չի կրում, որովհետեւ նա ըստ կանոնադրության չի գործում։ Նա պետք է հաշվետվությունը տա ոչ թե երկրի ղեկավարների առաջ՝ նրանց բեմում նստեցնելով ու ձեւական հաշվետվություն կարդալով, այլ պետք է հաշվետվություն տա՝ մեծ ժողովի անդամների առաջ նախապես կազմակերպելով ֆինանսական հարցերը ստուգելու հանձնաժողով՝ բաղկացած մեծ ժողովի անդամներից։ Առանց դրա ժողովներն անիմաստ են, դա ժամանակի կորուստ կլիներ։ Երեկ եղել են բաժանմունքների ժողովները, որոնց սովորաբար գնում եմ, բայց երեկ վատառողջ էի եւ չգնացի։ Բաժանմունքների ժողովներն ինչ-որ իմաստ ունեն, իսկ այս ժողովը միայն ձեւամոլություն է, խաբեբայություն, որտեղ սովորաբար սկզբից անդամներին եւ մասնակիցներին տալիս են ընդհանուր հարցեր։ Այդ հարցերը տալիս պետք է անպայման լինի հատուկ հանձնաժողովի եզրակացությունը՝ ֆինանսները ծախսելու մասին նախագահության կողմից, բայց, փաստորեն, նախագահությունը եւ առաջին հերթին ակադեմիայի նախագահը ոչ մի պատասխանատվություն չեն կրում։ Ակադեմիայի հիմնական ցավերը սրանից են գալիս։ Ինչ վերաբերում է ֆինանսավորման չափին, ես դրա մասին դեռ չեմ էլ խոսում, պետք է խոսել նրա մասին, թե ինչպես են ծախսվել նույնիսկ այն սուղ միջոցները, որ տրվում են ակադեմիային։ Տվածը պետք է նախագահության կողմից օգտագործվի մի քիչ պատասխանատու ձեւով, եւ սա է ակադեմիայի հիմնական թերությունը, որը թույլ չի տալիս այս ակադեմիա-ինստիտուտներին նորմալ աշխատել։ Մենք՝ գիտնականներս, գիտական լաբորատորիաները եւ գիտական ինստիտուտները նախագահության լծի տակ ենք»։

Ակադեմիկոսը մոտավորապես պատկերացնում է, թե հերթական անգամ ինչ է ասել Ռադիկ Մարտիրոսյանը։ Օրինակ, որ թեեւ միջոցները քիչ են, բայց բարձր տեղեր ենք գրավում, այսպիսի բարձր ցուցանիշներ ունենք, այսքան աշխատանքներ են տպվել, եւ էլի այսպիսի բաներ․ «Սուտ խոսակցություն, ոչ մի իմաստ չունեցող, գիտնականները ոչ մի դերակատարություն չունեն, որովհետեւ տարին մեկ անգամ է ժողով արվում, այնինչ, ըստ կանոնադրության, հիմնական ղեկավարը ոչ թե նախագահն է, այլ մեծ ժողովը եւ նրա անդամները, ովքեր եթե հանդես են գալիս, փող են ուզում, եւ ոչ մի քննադատություն»։

Ներսիսյանն անդրադարձավ նաեւ նոր սարքավորումների անհրաժեշտության հարցին․ «Եթե մարդը զբաղվում է գիտական հետազոտություններով, լաբորատոր աշխատանքներով, օրինակ, դիցուք, գիտնականը հետազոտում է դեղամիջոցների ստեղծումը, եթե նա ժամանակակից սարքավորում չունի, ինչի՞ մասին է խոսքը։ Այսինքն՝ միակ հնարավորությունը նոր սարքավորումներով աշխատելն է, առանց դրա անիմաստ է դառնում ամեն ինչ, այդ դեպքում քանի՞ կոպեկ արժի այդ գիտությունը։ Այդպես գիտությունն առաջ չի գնում»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X