Ձեր տակի ճյուղը կտրում եք, որ ի՞նչ լինեք

Սամուիլ Մարշակը մի խրատական բանաստեղծություն ունի, որ կոչվում է «Հեքիաթ թագավորի եւ զինվորի մասին»: Եթե մի պահ պատկերացնենք, որ 21-րդ դարի պետության թագավորն իշխանությունն է, իսկ զինվորը՝ այդ իշխանությանը լեգիտիմություն հաղորդող ԶԼՄ-ները, ապա Սամուիլ Մարշակի հեքիաթը կարելի է նույնությամբ պրոյեկտել հայաստանյան իրականության վրա, որտեղ թագավորը (իշխանությունը) վիճում է իր զինվորի (լրագրողի) հետ, թե ով է իրենցից ավելի կարեւոր: Կարդանք այդ ստեղծագործությունը բնագրով` մտքում ունենալով մեր «թագավորին» եւ «զինվորին».

Солдат заспорил с королем:

Кто старше, кто важней?

Король сказал: - Давай пойдем

И спросим у людей!

Вот вышли под вечер вдвоем

С парадного крыльца

Солдат под ручку с королем

Из летнего дворца.

Идет навстречу свинопас,

Пасет своих свиней.

Скажи, приятель, кто из нас,

По-твоему, важней?

Ну что ж, - ответил свинопас, -

Скажу я, кто важней из вас:

Из вас двоих важнее тот,

Кто без другого проживет!

Ты проживешь без королей? -

Солдат сказал: - Изволь!

А ты без гвардии своей?

Ну нет! - сказал король.

Թագավորն ընդունում է, որ առանց իր պահակազորի ինքը չի կարող գոյատեւել: Մյուս կողմից էլ` ո՞ւմ է պետք պահակազորը, եթե չկա թագավորը, մեր դեպքում՝ իշխանությունը: Այստեղ հարց է ծագում` ինչո՞ւ են ՀՀ կառավարությունը, իսկ նրա օրինակով նաեւ Երեւանի քաղաքապետարանը, լրագրողներին հեռու վանում իրենցից, եթե նրանց կյանքն առանց լրագրողների պարզապես անհնար է պատկերացնելը: Չմոռանանք, որ մենք 21-րդ դարում ենք ապրում, եւ եթե այսօր ողջ աշխարհն ասում է «Հայաստան», ապա միանշանակ պատկերացնում է պետություն` իր ժողովրդով, իշխանությամբ եւ այդ իշխանության զորքով: Պետության այլ պատկերացում պարզապես չկա էլ, եւ մեր իշխանությունն ու ԶԼՄ-ները ստիպված են ապրել խաղաղ համակեցության բոլոր կանոններով:

Այս օրերին Հայաստանում օրենքներ են ընդունվում, որոնց միակ նպատակը ԶԼՄ-ների իրավունքի ու գործունեության դաշտի հաշվին իշխանությունների կամայականությունների եւ տնամերձի ընդլայնումն է: Մի անգամ, երբ ես «բարենորոգում» էի բնակարանս, կնոջս խորհրդով հարեւանի պատը քանդեցի եւ մի «չուլանի» չափով մտա նրա բնակարանի մեջ: Եվ պատկերացնո՞ւմ եք, իմ հարյուր տարվա հարեւանը սաստիկ զայրացավ ու ինձ սպառնաց, որ կբողոքի: ՀՀ իշխանությունները, փաստորեն, առանց ավելորդ սեթեւեթանքների, մտել են ԶԼՄ-ների տարածքը, ընդ որում` ոչ միայն ֆիզիկապես, այլեւ իրավական տեսանկյունից: Ի՞նչ է նշանակում` լրագրողներին չթողնենք կառավարության նիստերին կամ նրանց չթույլատրենք Երեւանի քաղաքապետարանի առաջին հարկից ավելի վերեւ բարձրանալ: Եթե մեր իշխանությունները չունեն նույնիսկ այն թագավորի մտածողությունը, որ իրենք ոչինչ են առանց թիկնազորի, ապա թող գոնե քաջություն ունենան եւ հայտարարեն, որ առանց ԶԼՄ-ների էլ կկարողանան հարաբերվել հասարակության հետ, որը նրանց մերժում է ոտքից գլուխ եւ իր անկախության 30 տարիներին իշխանափոխությունից բացի ոչինչ չի պահանջել: Սա` դեռ ներսում: Իսկ ի՞նչ կկատարվի դրսում, ազատությունների սանդղակի ո՞ր տեղում կհայտնվի Հայաստանը, որը մինչ այս գոնե գնահատվում էր որպես «մասամբ ազատ» երկիր, եւ դա միայն ու միայն ի հաշիվ Հայաստանում առկա ազատ խոսքի ու լրատվամիջոցների:

ԶԼՄ-ները, բնականաբար, բողոքում են նոր օրենքների եւ իշխանությունների հերթական «նոու հաու»-ի դեմ, որովհետեւ լույսից էլ պարզ է, որ իշխանություններն այդ օրենքներով փորձում են ավելի խորը թաքցնել իրենց, ներողություն, այլանդակությունները եւ դա անում են ամենացինիկ ձեւով` լրագրողներին մի կողմ հրելով: Կարծում ենք` սա համակեցության լավագույն տարբերակը չէ: Կա՞ որեւէ երաշխիք, որ վաղը լրագրողներին մոտ կթողնեն կառավարության կամ Երեւանի քաղաքապետարանի շենքերին: Իսկ ի՞նչ տարբերություն Երեւանի եւ Վանաձորի քաղաքապետարանների միջեւ: Մի գեղեցիկ օր էլ Վանաձորում եւ Գյումրիում նույնը կանեն, հետո էլ կանցնեն գյուղապետարաններին, եւ «քյոխվեքը» գործունեության լիակատար ազատություն կստանան: Դուք գնում եք սրան, հարգելի իշխանություններ:

Սա ինձ հիշեցրեց ՀՀ ԱԺ վերջին ընտրությունները, երբ որոշվում էր, թե ընտրական տեղամասում քանի լրագրող կարող է ներկա լինել: Տարբեր թվեր էին շրջանառվում, եւ վերջը եկան համոզման, որ սահմանափակման անհրաժեշտություն չկա, եւ լրագրողներն իրենք կկողմնորոշվեն` երբ եւ որ տեղամասում ներկա լինել եւ լուսաբանել: Հարցը կարգավորվեց անմիջապես: Հիմա ի՞նչ է պատահել, որ սեւեռվել են կառավարության կամ Երեւանի ավագանու նիստերին լրագրողների ներկայության վրա: Գոնե մի լուրջ պատճառաբանություն բերեն: Դա էլ չունեն: Ասում են` լրագրողները խանգարում են: Ոչ, լրագրողների ներկայությամբ ստիպված եք կարգի հրավիրվել, աշխատել, քաղաքակիրթ լինել, չգողանալ, չհայհոյել… Ահա թե ինչու եք լրագրողներին պահում «պատշաճ» տարածության վրա:

Առաջարկում եմ հետողորմյա անել կառավարության եւ Երեւանի ավագանու նիստերից լրագրողներին հեռացնելու մասին խայտառակ օրենքները: Ճիշտ չեք հաշվարկել այն վնասները, որ այդ օրենքների պատճառով կրելու եք դուք եւ պետությունը: Մի գեղեցիկ օր կմնաք Ֆեյսբուքի հույսին, իսկ սոցիալական ցանցերի պատասխանատվության չափը հայտնի է ամենքին: Ես ինձ աշխարհի ամենամիամիտ մարդը չեմ համարում, բայց եւ համոզված եմ, որ նույնիսկ ամենաչճանաչված լրատվամիջոցը, որ ունի գլխավոր խմբագիր եւ աշխատակազմ, պետության մեկ զինվոր է:

Հարգելի իշխանություններ, ձեր տակի ճյուղը կտրում եք, որ ի՞նչ լինեք:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X