Իրանի ադրբեջանական «հավասարակշռությունը»

Մարտի 28-ին Իրանի նախագահ Հասան Ռուհանին Բաքվում էր: Նա Ադրբեջան էր ժամանել Թուրքմենստանից, որտեղ քննարկվել են նավթագազային ոլորտում երկու երկրների համագործակցության հետ կապված հարցեր: Բաքվում Ռուհանին նախ առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ, ապա բանակցությունները շարունակվել են պատվիրակությունների կազմով: Արդյունքում ստորագրվել են մի քանի ոչ էական, մասնավորապես՝ ընտանիքի հարցերին, զբոսաշրջությանը վերաբերող համաձայնագրեր, որոնց գործողության ժամկետը սահմանափակվում է ընթացիկ տարով: Միամտություն կլիներ կարծել, թե այդ արարողությանը ներկա գտնվելու համար է Իրանի նախագահը ժամանել Ադրբեջան:

Հիմնական հարցերն, ըստ երեւույթին, քննարկվել են փակ ռեժիմում, եւ կողմերը պայմանավորվել են քննարկումներն առայժմ պահել գաղտնի: Փորձագիտական տպավորություն կա, որ Իրանը եւ Ադրբեջանը բանակցում են Կասպից ծովում համատեղ նավթագազային ծրագրերի շուրջ: Հայտնի է, որ այդ հարցը նախկինում սուր տարաձայնությունների պատճառ էր, քանի որ որոշ նավթագազային հանքավայրեր համարվում են վիճելի: Ըստ երեւույթին, խոսքը հենց դրանց համատեղ շահագործման մասին է, եւ սկզբունքային պայմանավորվածություններ դեռեւս չկան: Այդ պատճառով էլ Ռուհանին եւ Ալիեւը մամուլի համար հայտարարություններում գերադասել են խոսել ընդհանուր, նույնիսկ որոշ դեպքերում՝ բարեկամության եւ եղբայրության մասին պաթետիկ ձեւակերպումներով: Այդուհանդերձ, Իրանի նախագահի խոսքում առանձնանում են Լեռնային Ղարաբաղի մասին հետեւյալ մտքերը. «Հարկ է տարածաշրջանում երկու երկրների՝ Ադրբեջանի եւ Հայաստանի, ջանքերով ամրապնդել կայունությունը: Մենք ուրախ ենք, որ այդ ուղղությամբ դիվանագիտական ջանքեր գործադրվում են: Մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունի երկրների տարածքային ամբողջականության, տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության պահպանումը»:

Համենայնդեպս, ադրբեջանական լրատվամիջոցներն այսպես են փոխանցել Իրանի նախագահի խոսքը: Ըստ այդմ, նա մի կողմից հանդես է եկել խնդրի ռազմական ճանապարհով լուծման դեմ՝ հորդորելով ամրապնդել հրադադարը, մյուս կողմից շատ հստակ մատնանշել խնդրի կարգավորման Իրանի տեսլականը՝ «տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության պահպանում», ինչից պարզ հասկացվում է, որ Իրանը դեմ է Լեռնային Ղարաբաղի անկախությանը: Որքան թույլ են տալիս դիտարկումները, սա առաջին դեպքն է, երբ Իրանը նախագահի մակարդակով նման պարզորոշ հայտարարություն է անում: Պաշտոնական Թեհրանը մինչ այդ գերադասում էր դիվանագիտական այլ բառապաշար օգտագործել: Վերջին շրջանում այդ «հավասարակշռությունը» խախտվել է հօգուտ Ադրբեջանի: Ի՞նչ նպատակի է այդ կերպ ձգտում Իրանը, երեւի թե հնարավոր կլինի հասկանալ մոտ ապագայում:

Մեկնաբանություն
X