Կեմերովոյում զոհվածների եւ անհետ կորածների թվերը կարող են փոխվել

>

Կեմերովոյի առեւտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած ողբերգական հրդեհից զոհվածների եւ անհետ կորածների թվերը կարող են փոխվել: Արդեն իսկ պաշտոնական վարկածը կարծես թե հերքվում է կամ լրացվում: Խոսվում է մինչեւ երեք հարյուր հիսուն զոհի մասին: Նույնիսկ Կեմերովոյի քաղաքային իշխանությունները սկսել են վերանայել պաշտոնական թվերը: Կազմավորված ժողովրդական շտաբը իր ձեռքի տակ եղած տեղեկատվության հիման վրա հաղորդում է առնվազն ուսունհինգ զոհի եւ ավելի քան երեք տասնյակ անհետ կորածի մասին:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կհրապարակվեն վերջնական թվեր: Մինչ այդ, այսօր Ռուսաստանում սգո օր է եւ հիշատակի միջոցառումներ են տեղի ունենում ՌԴ բոլոր մեծ քաղաքներում: Ռուսաստանի բարձրագույն իշխանությունները փորձում են իրավիճակը պահել վերահսկելիության սահմաններում, քանի որ Կեմերովոյում երեկ աննախադեպ մեծ բողոքի ցույց էր տեղի ունեցել, եւ ցուցարարները պահանջում էին նահանգապետի հրաժարականը:

Քաղաք էին բերվել լրացուցիչ ուժեր եւ ծանր տեխնիկա: Ռուսական Vedomosti պարբերականի գլխավոր խմբագիրն էլ TVRain-ի հետ զրույցում նշել է, որ Կեմերովոյի նահանգապետի հարցը կլուծվի, քանի որ նա հայտնվել է Կրեմլի տեսադաշտում: Արդեն հայտնի է նաեւ առեւտրի կենտրոնի սեփականատերը, ով ավստրալաբնակ ռուս միլիարդատեր է: Հայտնի է դարձել նաեւ որ չի գործել առեւտրի կենտրոնի հակահրդեհային ազդանշանային համակարգը եւ շենքը վերագրանցվել եւ շահագործվել է առանց ԱԻՆ թույլտվության:

Մեկնաբանություն
X