Զոմբիացման մեխանիկա

Ինքս Ռուսաստանի պետդումայի պատգամավորներին հարցեր ունեցել եւ հնչեցրել եմ «Զատուլինի հետքերով» հոդվածում: Ապրիլյան պատերազմից մի քանի օր անց tert.am-ին տված հարցազրույցում ասել եմ, որ հայկական զինուժը կանխել է «Ալեքսանդրապոլ- 2»-ը: Երկու տարի անց մնում են նույն տեսակետին:

Փակագծեր բացելու անհրաժեշտություն, կարծես, չկա: Բայց մեր զգացմունքները մեծ քաղաքականության համար գրոշի արժեք չունեն: Եւ եթե վաղը դարձյալ (չտա Աստված) ստեղծվի նույն կրիտիկական իրավիճակը, Ադրբեջանը կրկնելու է Լեռնային Ղարաբաղը նվաճելու ռազմական փորձը: Դրանում ոչ մի կասկած չկա: Շաղակրատանք է, երբ մերոնցից մեկը կամ օտար վերլուծաբանը հավաստիացնում է, որ Մինսկի խումբը «լարվածության բռնկում թույլ չի տա»:

Պետք է նաեւ պարզ ընկալել, որ չկա «եռանախագահության ինստիտուտ»: Կա Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա: (Ընդ որում, այստեղ շատ հարմար է գալիս «երրորդն ավելորդ է» արտահայտությունը): Եւ եթե հրադադարին հաջորդած տարիներին լայնամասշտաբ պատերազմ չի սկսվել, դա ոչ թե մեզ արված նվիրատվություն է, այլ՝ հետեւանք այն բանի, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը միասին եւ առանձին-առանձին չգիտեն, թե պոստկոնֆլիկտային Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում ո՞վ է լինելու «պարահանդեսի կարգադրիչը», ի՞նչ կոնֆիգուրացիայով: Որեւէ երաշխիք չկա, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը վաղը կարող են պայմանավորվել կամ նրանցից մեկը որոշի, որ ներկայիս ստատուս-քվոն փոխելու ժամանակն է: Այս կոնտեքստում չափազանց հավակնոտ են թվում վերլուծությունները եւ կանխատեսումները, որովհետեւ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները բացառիկ գերգաղտնի են:

Կամ, ավելի ճիշտ, դրանց նկատմամբ միջազգային հետաքրքրությունն է այնքան թույլ, որ գաղտնիք կորզելու, բացահայտումներ անելու-հրապարակայնացնելու եւ այդ ձեւով հանրային ռեակցիա ստուգելու անհրաժեշտություն չկա: Բոլորն էլ, կարծես, հասկանում եւ ընդունում են, որ խնդիրը կոնսերվացրել է Ռուսաստանը, եւ փականը բացելու բանալին էլ Մոսկվայի ձեռքին է: Ներկայիս ինտրիգը միայն այն է, թե ԱՄՆ-ը շարունակու՞մ է ղարաբաղյան խնդիրը ռուսական ծագման, կարգավորումը՝ Ռուսաստանի պարտավորություն համարել, թե՞ որոշել է սեփական խաղը խաղալ: Ահա այս իրավիճակում հայրենական փորձագետներ, վերլուծաբաններ եւ նրանց աջակից լրագրողներ կան, որ Լեռնային Ղարաբաղի հարցում տեսնում են ամերիկյան «փրկարար ձեռքը»: Բայց նրանց վկայակոչած փաստարկները միայն արտաքին գրավչություն ունեն:

Գործնականում ԱՄՆ-ը եղել եւ շարունակում է մնալ Ադրբեջանի դաշնակիցը: Պատերազմում պարտված, քայքայված եւ փլուզման եզրին գտնվող Ադրբեջանն ընդամենը մեկ տասնամյակում չէր դառնա Հարավային Կովկասի «լոկոմոտիվ», եթե դա չլիներ բրիտանա-ամերիկյան համատեղ նախագիծ, որը շարունակվում է նաեւ այսօր: Մեկ-երկու տարի հետո ադրբեջանական գազը կհասնի հարավային Եվրոպա: Դա ԱՄՆ-ի, ինչպես ռուսներն են ասում, կապույտ երազանքն է՝ որ Եվրոպայում «Գազպրոմի» մենաշնորհ չլինի: (Ի դեպ, ԱՄՆ-ը գերազանցապես նույն նպատակն է փորձում իրականացնել նաեւ Մերձավոր Արեւելքում):

Ի՞նչ պայմանավորվածությունների են գալու գլոբալ խաղացողները: (Անկեղծ ասած, դա հայրենական փորձագիտական հանրության «կերակուրը» չէ: Ցավոք, անցած քառորդ դարում մենք այդպես էլ չունեցանք մեր «Բժեզինսկուն» կամ «Քիսինջերին»: Մեր վերլուծաբաններն ընդամենը բավական վատ ձեւակերպումներով կրկնում են այն, ինչ ասվում է միջազգային մամուլում: Ես մի անգամ փորձ արեցի համեմատել inosmi.ru եւ inopressa.ru կայքերի՝ միջազգային մամուլից հրապարակումները եւ մեր որոշ «մեթր» մեկնաբանների ասածները: Պատկերն ավելի քան խոսուն էր, մեծամասնությունն զբաղվում է պլագիատով): Եւ այսպես, մենք ընդամենը կարող ենք հուսալ, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը գլոբալ առճակատման չեն գնա, ներկայիս լարվածությանը կհաջորդի լիցքաթափումը:

Գերխնդիրն այն է, որպեսզի Ռուսաստան-ԱՄՆ դիմակայության այս փուլում Լեռնային Ղարաբաղը չվերածվի միջնորդավորված բախման կամ հիբրիդային պատերազմի թատերաբեմի: Ադրբեջանը ճիշտ հակառակ ուղղությամբ է գործում: Գլխավոր վտանգը դրանում է: Թե չէ Ռուսաստանը զենք վաճառել, վաճառում եւ վաճառելու է, իսկ ԱՄՆ-ը, ինչպես քառորդ դար առաջ, այսօր էլ Ադրբեջանը դիտարկում է որպես Կենտրոնական Ասիան ՆԱՏՕ-ի հարավային սահման Թուրքիային կապող օղակ: Իսկ հայերնական որոշ լրատվամիջոցներ որդեգրել են զոմբիացման մեխանիկայի սկզբունքը եւ ջանք չեն խնայում հասարակությանը ներշնչելու, որ ԱՄՆ-ը հայկական հարցի, մեր ազգային ձգտումների հովանավորն է:

Մեկնաբանություն
X