Ռուսաստանին արտաքսում են Երկիր մոլորակից

Ֆիզիկապես, հասկանալի է, Երկիր մոլորակից որեւէ մեկին չես տեղափոխի կամ արտաքսի, որքան էլ ոմանք դրան արժանի լինեն, բայց եթե եվրոպական արժեքների վրա խարսխված ողջ արեւմտյան աշխարհը, որ Երկիր մոլորակի եւ մարդկային քաղաքակրթության դեմքն է, կերտողն ու ծանրության կենտրոնը, համախմբված արտաքսում է ՌԴ դիվանագետներին, դա այլաբանորեն համազոր է Ռուսաստանին մոլորակից արտաքսելուն:

Երկուշաբթի երեկոյան ՌԴ դիվանագետներին արտաքսելու մասին հայտարարեցին Եվրամիության անդամ 14 երկրներ, գումարած ԱՄՆ-ն, Կանադան եւ Ուկրաինան: Երեքշաբթի երեկոյան ՌԴ դիվանագետներին արտաքսող երկրների թիվը հասավ 25-ի, եւ ենթադրելի է՝ դեռ ցանկը կընդլայնվի: Բոլոր այդ երկրները ռուս դիվանագետներին կամ դիվանագետի անվան ներքո աշխատող ռուս գործակալներին արտաքսում են՝ ի նշան Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության, եւ իբրեւ դատապարտում ՌԴ ГРУ-ի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր դեմ բրիտանական Սոլսբերի քաղաքում Ռուսաստանի իրականացրած քիմիական զենքով մահափորձի մեջ:

Մահափորձն իրականացվել էր դեռ խորհրդային ժամանակներից Ռուսաստանում սինթեզվող новичок թունանյութով, որը քիմիական զենք է: Եվրոպայում քիմիական զենք կիրառելը, ի դեպ, Երկրորդ աշխարհամարտից ի վեր առաջին անգամ, այնպիսի հանցագործություն էր, որ չէր կարող ահազանգ չլինել բոլորի համար: Ռուսաստանն իր կատարած քստմնելի հանցագործությամբ եւ Եվրոպային նետած մարտահրավերով իր դեմ միավորեց բոլորին: Հանգամանքը, որ ողջ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն կանգնեցին մեծ Բրիտանիայի կողքին, ոչ միայն Միացյալ Թագավորության անանց հեղինակության, արժեքի եւ կշռի վկայությունն է միջազգային հարթությունում, այլեւ Ռուսաստանի վտանգավորության եւ մերժման ցուցանիշը նույն հարթությունում:

Ռուս դիվանագետների արտաքսման մարաթոնում ամենից տպավորիչը, իհարկե, նրանց արտաքսումն էր ԱՄՆ-ից. Վաշինգտոնից հեռացվում են 48 ռուս դիվանագետներ կամ դիվանագետի անվան ներքո գործող ՌԴ հատուկ ծառայությունների գործակալներ, եւս 12 ռուս դիվանագետներ կամ լրտեսներ արտաքսվում են ՄԱԿ-ի կենտրոնակայանից: Փակվում է նաեւ Սիեթլում ՌԴ հյուպատոսությունը՝ այն պատճառաբանությամբ, որ դա չափազանց մոտ է գտնվում ԱՄՆ ռազմածովային բազային:

ԱՄՆ իշխանությունների այդ որոշման հրապարակումից հետո Ռուսաստանից ճրթվրթացել էին, թե իրենք էլ ԱՄՆ դիվանագետներին կարտաքսեն, բայց Վաշինգտոնից հետեւեց զգուշացումը` եթե փորձեք արտաքսել, կստանաք հաջորդ պատժամիջոցը: Իսկ հաջորդ պատժամիջոցը կարող է լինել, օրինակ, ՌԴ քաղաքացիներին եւ կազմակերպություններին պատկանող հաշիվների տոտալ սառեցումն ԱՄՆ բանկային համակարգին կապված միջազգային բոլոր հաստատություններում: Պուտինին շրջապատող օլիգարխներին հասցվող նման հարվածը ոչ միայն Պուտինին իր գահով կցնցի, այլեւ Ռուսաստանը հակադարձ որեւէ քայլ կատարելու անկարող կլինի: Չէ՞ որ ՌԴ-ում ոչ մի օտարերկրացի միջոցներ չի պահում:

Եվրոպական երկրներից ամենից մեծ թվով ռուս դիվանագետներ արտաքսեց Մեծ Բրիտանիան` 23 անձ, չորսական դիվանագետներ արտաքսեցին Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը: Մնացյալ տասնյակից ավելի երկրներն արտաքսեցին մեկ-երկու-երեք դիվանագետներ` ի նշան Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության եւ ռուսական ամենաթողության ու հանցագործությունների դեմ քաղաքակիրթ աշխարհի միասնականության: Ուկրաինան արտաքսեց 13 դիվանագետի, Կանադան` յոթ: Երեկ երեկոյան ՆԱՏՕ-ում հավատարմագրված ռուս 30 դիվանագետներից տասին արտաքսելու մասին հայտարարեց նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Արդյունքում, ըստ եվրոպական առաջնորդների, գրեթե կազմալուծվեց ռուսական հատուկ ծառայությունների ցանցն Արեւմուտքում, որը վերականգնելու համար Ռուսաստանից այլեւս տարիների ջանքեր կպահանջվեն: Կրեմլից պատասխան քայլեր չկան: Իհարկե, Կեմերովո քաղաքում հրդեհից տասնյակ մարդկանց զոհվելը ժամանակային առումով փրկել է ՌԴ իշխանություններին, քանի որ մի քանի օր սգո անվան ներքո կարող են գլուխը թաղել ավազի մեջ եւ հետագա քայլերը ծանրութեթեւ անել, սակայն վաղ կամ ուշ հարկադրված են լինելու կա՛մ ողջ քաղաքակիրթ աշխարհին դիմակայել, կա՛մ, ինչպես Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն էր խորհուրդ տվել, «ձայնը կտրել եւ գրողի ծոցը կորչել»: Տեսնենք՝ Կրեմլում որ տարբերակը կընտրեն:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X