You have me, I have you․ Modern Talking-ի համերգը՝ Երևանում (տեսանյութ)

Մարտի 27-ին, Երևանի «Կարեն Դեմիրճյան» մարզահամալիրում տեղի ունեցավ հանրահայտ Modern Talking-ի մենահամերգը: Բենդի մենակատար Թոմաս Անդերսին լսելու համար հյուրեր էին ժամանել տարբեր երկրներից, անգամ Գերմանիայից: Դահլիճում, սակայն, մեծամասնություն էին հարևան իրանցիները, որոնց համար նույնիսկ հատուկ թարգմանիչ-վարող էր աշխատում բեմից:

Համերգի ընթացքում Անդերսը կատակեց սմարթֆոններով հանդիսատեսների վերաբերյալ, ապա գրպանից հանեց իր սմարթֆոնն ու իր հերթին սկսեց նկարել հանդիսատեսին, ասելով. «You have me, I have you»։

Modern Talking-ի մենակատարը հանդիսատեսին անակնկալի բերեց՝ You are my heart, you are my soul երգով: Համերգի ժամանակ խումբը կատարեց նաև 80-ականների անմոռանալի այլ հիթեր՝ Cheri Cheri Lady, Brother Louie, No Face, No Name, No Number և այլն:

Համերգի մամուլի հետ կապերի պատասխանատու Լիլիթ Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ համերգի կազմակերպիչներն են Unity Production-ը և LA Concert Group-ը և, ընդհանուր առմամբ՝ սպասելիքներն արդարացվել են: Ավելին՝ մոտ 2 հազար տոմս գնել են արտասահմանցիները, ինչն իր հերթին, ըստ մեր զրուցակցի, նաև տուրիզմի զարգացման վկայություն է։

Նշենք, որ, չնայած համերգասրահը մարդաշատ էր, դահլիճը գրեթե լիքն էր երաժշտասերներներով և զբոսաշրջիկներով, Modern Talking-ի համերգն անցավ առանց միջադեպերի:

Նշենք նաև, որ Modern Talking բենդի երևանյան համերգին կհաջորդեն համերգներ Գերմանիայում, Պորտուգալիայում, Չեխիայում։

Հակոբ Մկրտչյան

Մեկնաբանություն
X