«Լույս ի լուսոյ» Հարության տոնին ընդառաջ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՆԱՐԵԿԱՑԻՈՒՄ

Նարեկացի արվեստի միությունում Հարության տոնին ընդառաջ Ավագ շաբաթվա ընթացքում իրականացվող միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ ՆԱՄ-ի լուսանկարիչ Գարեգին Աղաբեկյանի անհատական աշխատանքների «Լույս ի լուսոյ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Գարեգինն այս անգամ միության սրահի տարբեր անկյուններից լուսանկարչական ապարատով չէր որսում ուշագրավ կադրեր, այլ ցուցասրահում ինքն էր լուսանկարվում՝ պատասխանելով այցելուներին հուզող բազմաթիվ հարցերին: Ցուցահանդեսին ներկայացված էին հոգևոր թեմաներով լուսանկարներ՝ ընտրված լուսանկարչի տարիների ընթացքում արված լավագույն աշխատանքներից: Գարեգինն իր լուսանկարներից առանձնացնում է մի կադր, որն ունի վերնագիր՝ «Աղոթք», որից հետո նրա համար լուսանկարչության մեջ բացվել է բոլորովին նոր թեմա՝ հոգևոր-եկեղեցական լուսանկարչությունը: Նրա հավաստմամբ ցուցահանդեսին ներկայացվածը չի հավակնում լինել ավարտուն շարք, այլ կլինի շարունակական, կհամալրվի նորանոր ուշագրավ լուսանկարներով: Գարեգինի խոսքով՝ սա աղոթքի և քարոզչության յուրօրինակ ձև է՝ իր ձևը, ինչպես նաև լուսանկարչական արվեստը հոգևոր ոլորտում զարգացնելու միտում, քանզի հոգևոր միջավայրը ներկայացնելը կարևոր գործ է:

-Ես պատկերում եմ այն, ինչ տեսնում եմ, ինչով ապրում եմ, և եթե լուսանկարներին նայելով ամեն մեկն իր հետ մի փոքր լույս տանի, ուրեմն ամեն ինչ ստացված է,-ասում է Գարեգինը:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը Գարեգինին բնութագրեց որպես լուսավոր մարդ, ում ներսից հորդող պայծառությունն ու լույսն են արտացոլվում նրա նկարներում՝ անսպառ այդ լույսով լուսավորելով նաև շրջապատի մարդկանց: Գարեգինը մասնագիտությամբ գեղանկարիչ է, ով լուսանկարչական ապարատով կարողանում է ստանալ վրձնի** **ներդաշնակ և յուրովի գեղեցիկ կերտվածքներ:

Եթե դուք հաճախ եք այցելում Նարեկացի արվեստի միություն, ապա անակնկալի չգաք, եթե, հայտնվելով Գարեգին Աղաբեկյանի լուսանկարչական ապարատի օբյեկտիվի կիզակետում, մի օր դառնաք նաև ցուցահանդեսի հերոս… ՆԱՄ-ի բոլոր միջոցառումները լուսանկարող Գարեգին Աղաբեկյանի նախորդ ցուցահանդեսն ընդգրկում էր միայնակ մարդու կերպարը ներկայացնող ուշագրավ լուսանկարների շարք, միայնակ ոչ միայն ընտանեկան հարաբերություններում, այլ նաև սոցիալական և գաղափարական առճակատման մեջ: «Մշակույթով ապրողը» ցուցահանդեսին Գարեգինը ներկայացրել էր միության հավատարիմ այցելուի՝ մի ալեհեր կնոջ, տիկին Մաշայի՝ տարաբնույթ միջոցառումների ընթացքում արված դիմանկարների հավաքածուն՝ արտացոլելով միօրինակ օրերի ֆոնին նրա հետաքրքրությունը մայրաքաղաքի մշակութային անցուդարձի հանդեպ, նաև հաճախ անուշադրության մատնվող տարեց հայ մարդու կյանքն այսօրվա մեր հասարակության մեջ…

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Մեկնաբանություն
X