Արցախի իշխանությունները պետք է պատժվեն այս ամենաթողության համար

Երբ Հայաստանը դեռ նոր էր անկախանում, հայաստանցիներն արդեն իսկ գիտեին, որ իրենք պետք է վատ ապրեն, քանի որ կրակների մեջ այրվող Արցախին օգնություն էր պետք։ Բանվորը պետք է ցածր աշխատավարձ ստանար, թոշակառուն՝ չնչին թոշակ, իսկ շատերն էլ պետք է մնային առանց ոչնչի՝ բախտի քմահաճույքին թողնված։ Հայաստանցին կանխատեսում էր իր մոտալուտ մահը, մայրերը կորցրեցին որդիներին, կանայք՝ ամուսիններին, իսկ հազարավոր երեխաներ պարզապես որբ դարձան։

Մարդիկ ապրեցին շրջափակման, ցրտի ու մթի դժոխքի պայմաններում, բայց միևնույնն է հաղթահարեցին բոլոր դժվարությունները։ Եվ հաղթահարեցին պատվով, որովհետև բոլորին միավորել էլ Արցախի հայրենակիցներին ցեղասպանությունից փրկելու գաղափարը։ Իսկապես այդպես է, հայաստանցին ինքն իրեն նեղեց, որ Արցախը ազատ ապրի։ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» վահանակը հողի մեջ կանգուն է, քանի որ այդ հողին արյուն է խառնված։ Իսկ դա հայաստանցու արյունն է։

Արցախը բանակը ունի՞, տնտեսություն ունի՞, ընդհանրապես Արցախն ի՞նչ ունի։ Ո՛չ Արցախն աշխարհի երեսին ոչինչ չունի, բացի Հայաստանից ու հայաստանցուց։ Արցախն ու Հայաստանը նույն հոգին են՝ երկու տարբեր մարմիններում, միաձուլված, բայց անխառն ու անշփոթ։ Ավելի ճիշտ կլինի ասել Արցախը հենց Հայաստանն է, Հայաստանի 12-րդ մարզը, հանուն որի 100-ից ավել երեխաներ, որոնց տարիքը չէր գերազանցում 19-ը, պարզապես մորթվեցին։ Ապրիլյան պատերազմի ժամանակ Գյումրիում, Վանաձորում և Իջևանում օդը կանգնել էր, մարդիկ արտասվաթոր աչքերով հայացքներն ուղղել էին դեպի Արցախ։

Եվ այսքանից հետո ինչ-որ մարդիկ Հայաստանում և Արցախում փորձում են անջատողական տրամադրություններ արմատավորել, արհեստական թշնամանք ու ատելություն առաջացնել։ Հայաստանցի աղջկան Արցախում ծեծում ու խտրականության են ենթարկում և ամենայն լկտիությամբ շեշտադրում նրա հայաստանցի լինելու հանգամանքը։ Այն դեպքում, երբ Արցախը կանգուն է նաև Ասյա Խաչատրյանի վճարած հարկերի հաշվին։

Սա չափազանց վտանգավոր երևույթ է և չի սահմանափակվում միայն Ասյա Խաչատրյանի հետ պատահած միջադեպով։ Ակնհայտ է, որ արհեստական սահմանները սաղմնավորում են երկու տարբեր ինքնություններ և չի բացառվում, որ տասնամյակներ անց արցախցին ու հայաստանցին մշակութային և քաղաքակրթական տեսանկյուններից օտարանան իրարից։ Ինչպես որ արհեստական սահմանների արդյունքում օտարացան հորդանանցի ու պաղեստինցի արաբները։ Պատմական պրակտիկան փաստում է, որ սահմաններն ու միջավայրերի առանձնահատկությունները պատճառ են դառնում էթնիկական խմբերի ճյուղավորման գործընթացի համար։ Ու ավելի քան կանխատեսելի է, որ տասնամյակներ անց արցախցին ինքն իրեն կսկսի դիտարկել որպես առանձին էթնիկական միավոր։

Կրնենք սա չափազանց վտանգավոր, բայց նաև օրինաչափ երևույթ է։ Նշենք, որ գործընթացն այդ հնարավոր է և պետք է կանխարգելել։ Իսկ այդ ճանապարհի հաղթահարման համար առաջին հերթին անհրաժեշտ է ամենայն խստությամբ պատժել բոլոր նրանց, որոնք արհեստական սահմանները իրենց կամքից անկախ, բայց հիմարության արդյունքում տեղափոխում են մշակութաբանական ու փիլիսոփայական տիրույթներ։ Ինչևիցե սա չափազանց ծանր ու երկար թեմա է և կարիք է զգում համալիր վերլուծության։

Վերջաբանի փոխարեն միայն նշենք, որ կատարված հակաօրինական և հակամարդկային միջադեպն անշուշտ պետք է ամենայն խստությամբ դատապարտվի, իսկ մեղավորները վստահաբար պետք է հայտնվեն բանտում։ Կատարվածի համար մեղավոր են նաև հենց Արցախի իշխանությունները, իսկ հանրությունը չգիտես ինչու լուռ է, այն դեպքում, երբ քաղաքացիները պետք է փողոց դուրս գային ու պահանջեին հանցագործների «դատաստանը»։

Ժիրայր Սեֆիլյանին ու Հիմնադիր խորհրդարանի անդամներին դեռ Արցախ չմտած սոսկալի բռնության ենթարկեցին: Լուռ էինք:

Հայկ Խանումյանին Արցախի ԱԺ-ի դիմացից առևանգեցին ու դաժանագույն ծեծի ենթարկեցին: Լուռ էինք: Ասյա Խաչատրյանին ամենանողկալի պայմաններում խտրականության են ենթարկել ու ծեծել: Դեռևս լուռ ենք: Հաջորդիվ ի՞նչ է սպասվում:

Արցախի իշխանությունները պետք է պատժվեն այս ամենաթողության համար: Պատերազմի խրտվիլակի տակ թաքնված՝ նրանք արյունով փրկված երկիրը վերածել են համակենտրոնացման ճամբարի:

Արցախը կրոնապետություն չէ, Պակիստանը չէ, այնտեղ հարցերը «շարիաթով» չեն կարգավորվում։

Մեկնաբանություն
X