Ո՞վ է կապույտ մազերով Ասյան, որ Արցախի ոստիկաններին սարսափեցրել է․․․

Խնդիրը բարդացնելու տեղ փորձենք պարզություն մտցնել․ Ո՞վ է Ասյա Խաչատրյանը, որ Արցախի ոստիկաններին սարսափեցրել է։ Նման մարդ կա՞․․․

Ֆեյսբուքն անմիջապես բերում է երիտասարդ աղջկա էջը։ Փորձում եմ ծանոթանալ, հասկանալ, թե ինչն է եղել պատճառը, որ Արցախի ոստիկանները մի քանի անգամ բերման են ենթարկել աղջկան, նրա պատմելով՝ ծեծել, հայհոյել վիրավորել իրեն։ Ծեծի է ենթարկվել նաև Ասյայի ընկերուհին։

Ասյա Խաչատրյանն աշխատում և ապրում է Ստեփանակերտում։ Փետրվարի 1-ին, երբ նա ուշ երեկոյան զբոսնում էր քաղաքով, իրեն են մոտենում երեք ոստիկան ․․․ ու սկսվում է․․․

Ասյայի ֆեյսբուքյան էջը պատմում է, որ նա ազատ մտածելակերպով, կյանքով ապրող մարդ է։ Արտահայտամիջոցներն էլ ազատ են, կաշկանդումներ չունի։ Հասկանալի պատճառով նրա գրառումները չեմ ներկայացնում։ Ինքներդ կարող եք մտնել ու ծանոթանալ։ Հենց դա է պատճառը, որ նա ոստիկանների հետ այդպես ազատ, անկաշկանդ խոսում է, նրանց մասին արտահայտվում։ Ձվի մեջ «մազ չպիտի փնտրել»։ Ինքը այդպիսինն է, իր տեսակն է։

Բայց Արցախի համար, ինչու չէ, նույն կերպ կվարվեին Հայաստանում, գիշերվա ժամը 12-ին, եթե կապույտ մազերով ու ծխող աղջիկ հանդիպեին՝ միայնակ քայլելիս, ինչ որ բան կկասկածեին ու կկանգնեցնեին։ Բայց դա մի զրույցով պիտի ավարտվեր։ Ոստիկան չպիտի լինել՝ հասկանալու, որ «շպիոնը» մազերը կապույտ չի ներկի, որ տեսանելի լինի, նա քողարկված հանդես կգա։

Չեմ հասկանում՝ մնացած «այցերի նպատակը»։

Սարսափելին այն է, որ ղարաբաղցի ու հայաստանցի հարցն է չարչրկվում։ Ես էլ մազերիս հաշվով Ղարաբաղում եղել եմ, իրենց տանն էլ գիշերել, իրենց հացը կիսել։ Շնորհակալությունից բացի, ուրիշ բան չեմ կարող ասել։ Հյուրասեր, պատվախնդիր․․․ Հա, մի քիչ ավելի ավանդապաշտ են։ Եթե Հայաստանում օրը ցերեկով տկլոր կարող են «կենտրոնում ֆռֆռալ», Ստեփանակետում կբռնեն նրա ձեռքը՝ ախչի էդ հի՞նչ ես անում, խե՞ ես մեզ խայտառակ անում։

Բնական եմ գտնում, որ գիշերը ժամը 12-ին կապույտ մազերով ու ծխող աղջիկ հանդիպելիս կկանգնեցնեին։ Դե, ինչ իմանան, որ այդ կապույտ մազերով աղջիկը «իրա կայֆերով ապրող մի լավ աղջիկա» ու իր մասին էլ ֆեյսբուքյան էջում գրում է․

Ասյա Խաչատրյան

6 March at 14:29

Կապույտի մեջ

կապույտի մեջ

արևի ոսկին

  • Քնիր, քնիր, կապույտ աղջիկ,

Չզարթնես ծեգին

Մնում է հարցը ավելի չբարդացնեն՝ երիտասարդ աղջկա վրա նոր ցուցմունքներ տալով։

Նրա էջն ուսումնասիրելուց պարզ երևում է, որ իրեն սիրող- հարգող ընկերներ ունի ու Արցախ- Հայաստան սեպ խրելու հետ որևէ աղերս չունի․․․

Ոստիկանությունը բան ունի մտածելու՝ մոտեցման ձևերի, իրավասությունների չափի ու նույն ազգի մեջ տարբերություն, նուրբ եմ ասում, չմտցնելու առումով։ Եթե Արցախը պատերազմական երկիր է , դա չի նշանակում, որ կարճ փեշով կամ կարմիր ու կապույտ մազով աղջիկներին պիտի բերման ենթարկեն։ Ծեծելն ու վիրավորելն էլ ամոթալի է։ Հո "շպիոն չէին բռնել", որ ծեծել, հայհոյելով խոստովանություն էին կորզում։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X