Երաժշտական ուսումնարան է ավարտել՝ Կամերային թատրոնը հենց իր տեղն է

Պետական կամերային երաժշտական թատրոնը երկար ամիսների ինտրիգներից հետո վերջապես նոր տնօրեն ունի։ Օրեր առաջ մշակույթի նախարարությունում կայացավ Կամերային թատրոնի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը, որտեղ հանձնաժողովը հաղթող ճանաչեց լրագրող, ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Հռիփսիմե Առաքելյանին:

Նկատենք միայն, որ դեռ հունվար ամսին տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը հանգուցալուծում չէր ստացել, եւ նախարարությունը 2-րդ մրցույթն էր հայտարարել, ու թեեւ հիմնական հավակնորդները՝ թե՛ 1-ին մրցույթի ժամանակ եւ թե՛ 2-րդի, համարվում էին թատրոնի դերասան Արա Դեղտրիկյանն ու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եղիշե Խերանյանը, բայց երկուսն էլ չառաջադրեցին իրենց թեկնածությունը 2-րդ անգամ։ Ավելին՝ եթե Դեղտրիկյանը նշել էր, որ ժամանակ չունի եւ այլեւս չի ուզում դիմել, Խերանյանն ավելի անկեղծ էր գտնվել եւ նկատել, որ չի ուզում մասնակցել այդ աթոռակռվին։

Հռիփսիմե Առաքելյանից հետաքրքրվեցինք, թե ինչու եւ ինչպես որոշեց առաջադրել թեկնածությունը, ինքն է՞լ էր մրցույթին մասնակցելու առաջարկ ստացել Արմեն Ամիրյանից։ «Հավատացեք՝ մրցույթին առանց որեւէ մեկի առաջարկի եմ մասնակցել, ու քանի որ դա անմիջականորեն կառավարչական եւ ադմինիստրատիվ աշխատանք է իրենից ենթադրում, եւ մրցույթի պահանջների մեջ իմ պարամետրերն ամբողջովին համապատասխանում էին, դիմեցի։ Հետո՝ Արմեն Ամիրյանի հետ մենք գործընկերներ ենք եղել, ես Հանրային ռադիոյի լրատվական ծառայությունն եմ ղեկավարել, մենք միասին աշխատել ենք, բայց Արմեն Ամիրյանը նույնիսկ չգիտեր, որ ես Երեւանում եմ, մրցույթին հայտը տալուց հետո է իմացել, որ դիմել եմ, քանի որ վերջին 6 ամիսներին Հորդանանում մասնագիտական գործունեություն էի իրականացնում եւ, անձնական խնդիրներից ելնելով, վերադարձա Հայաստան ու աշխատանք էի փնտրում, որը կարող էր հետաքրքիր լինել»։

Չի՞ կաշկանդում այն հանգամանքը որ ինքը թատրոնի մարդ չէ․ նորանշանակ տնօրենը նշեց, որ առաջին մասնագիտությամբ դաշնակահար է, ավարտել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանը, իսկ Կամերային երաժշտական թատրոնն ունի նաեւ երաժշտական ուղղվածություն․ «Այս մրցույթի պահանջները բավականին համապատասխան էին ինձ, որովհետեւ այստեղ կառավարչի գործառույթներ պետք է իրականացնեմ, այսինքն՝ ադմինիստրատիվ, կազմակերպչական աշխատանք, որով ես շատ երկար տարիներ աշխատում եմ լրատվական դաշտում, քանի որ վերջին մեկ տարին կառավարության լրատվական ծառայությունն եմ ղեկավարել։ Այսինքն՝ ե՛ւ արվեստի հետ կապ ունեմ, ե՛ւ դիպլոմավորված հանրային կառավարիչ եմ՝ Կառավարման ակադեմիան եմ ավարտել։ Ես շատ մեծ սիրով ու հաճույքով պատրաստ եմ այս աշխատանքն անել։ Ո՞րն է լինելու տնօրենի գործառույթը, ով բեմադրիչ չէ, դերասան չէ․ իմ կարծիքով, տնօրենի գործառույթն է՝ համախմբել, կազմակերպել, կոլեկտիվի հետ աշխատել, ադմինիստրատիվ գործառույթներ իրականացնել, որպեսզի մեր ռեժիսորների, դերասանների աշխատանքն ավելի ճիշտ կազմակերպվի, կարողանանք թատրոնում լավ ներկայացումներ բեմադրել։ Սա է խնդիրը, ես բեմադրիչ չեմ, ռեժիսոր չեմ, ես պետք է աշխատեմ լավ բեմադրիչների եւ լավ ռեժիսորների հետ»։

Ինչպես Հռիփսիմե Առաքելյանն է ընդգծում՝ ներկայացրել է բավական ռացիոնալ եւ արդիական հայեցակարգ․ «Ես հետեւել եմ նաեւ Կամերային թատրոնի գործունեությանը, քանի որ ինքս երեխաներ ունեմ եւ նրանց շատ եմ տանում թատրոններ, այդ թվում՝ Կամերային թատրոն։ Իրենք ունեին շատ լավ մյուզիքլային ներկայացումներ, որոնք ես նայել եմ եւ այն ժամանակ, երբ «Ար»-ում էի աշխատում, լուսաբանել ենք այդ ներկայացումների ընթացքը։ Սա շատ հետաքրքիր թատրոն է, պարզապես այս վերջին տարիներին, թերեւս, ներքին անհամաձայնությունների խնդիր է եղել եւ չի կազմակերպվել ինչ-որ բան, բայց, ամեն դեպքում, այդ ամեն ինչով հանդերձ, շատ լավ բաներ եմ այնտեղ տեսել։ Մի քանի տարի առաջ լավ մանկական ներկայացումներ էին արել, որոնք իմ երեխաները շատ հաճույքով են նայել»։

Կամերային թատրոնի նոր տնօրենը կոլեկտիվի հետ հանդիպելու է արդեն այսօր եւ ջերմ հանդիպում է ակնկալում։ «Ես ակտիվ մարդ եմ իմ տեսակով եւ կարծում եմ՝ իմ ակտիվությամբ նաեւ այնտեղի ակտիվներին կհամախմբեմ։ Ես կոլեկտիվի հետ բոլոր հարցերը քննարկելու եմ, իրենց պետք է լսեմ, այնտեղ շատ լավ երիտասարդներ կան, ոմանց ճանաչում եմ։ Պետք է միասին նստել, մտածել, հետաքրքիր լուծումներ գտնել՝ համագործակցային սկզբունքով։ Ներգրավել նոր, հետաքրքիր, թարմ, երիտասարդ ուժեր, տեսնել ինչ ունենք։ Մենք հնարավոր է Կոնսերվատորիայում ունենք շատ լավ սովորող երիտասարդներ, ովքեր լավ գործեր են գրել, բայց դրանց մասին տեղյակ չենք։ Մենք կարող ենք գնալ, փնտրել, գտնել, ես պատրաստ եմ դա անել։ Կարող է այնքան սիրուն գործ կա, որ բեմադրում ենք, ու մի հատ սիրուն մյուզիքլ է ստացվում, որը բում է անում։ Ես այս ամեն ինչն անելու հավեսով եմ գնալու այնտեղ»,- ասում է նա ու նկատում, որ այս պահին կարող է միայն խոստանալ, որ բաց է աշխատելու։

Իսկ մինչ կոլեկտիվի հետ հանդիպումը Հռիփսիմե Առաքելյանը նախօրեին հանդիպել է նախարար Արմեն Ամիրյանին, ում հետ զրուցել են թատրոնի խնդիրների մասին, կիսվել իրենց տեսլականով։ Նկատեցինք՝ նախարարը մենեջմենթի գործոնը թատրոնի պարագայում շատ է կարեւորում․ ինչպե՞ս է այն առաջ տանելու՝ որպես տնօրեն, ինչին ի պատասխան Առաքելյանը կարծիք հայտնեց, որ թատրոնը չպետք է դառնա նորարարական փորձարկումների թիրախ, պետք է կիրառել այն, ինչը կարող է օգտակար լինել՝ հաշվի առելով նաեւ միջազգային մենեջմենթի փորձը։

Թե ինչպես է նայում թատրոնում գեղարվեստական ղեկավար ունենալու հարցին, ինչի մասին կոլեկտիվը վերջին 2 տարիներին մշտապես բարձրաձայնել է, ապա դրա մասին դեռ ժամանակ կունենան մտածելու։ «Նախ պետք է գնամ թատրոն, տեսնեմ, թե ինչպիսի գործընթաց է։ Դա արդեն ժամանակի հարց է, կքննարկենք, կտեսնենք, միմիայն լավ լուծումներ պետք է ունենանք, չենք խաթարելու այն ստեղծագործական մթնոլորտը, որ կա թատրոնում։ Եթե խնդիրը լուծվում է գեղղեկավար շուտ բերելով կամ այդ աշխատանքները կազմակերպելով, ապա միանշանակ այդպես կարվի։ Ժամանակի ընթացքում կտեսնենք, թե ինչ լուծումներ կլինեն»,- ասաց նա։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X