Փոխել ենք, մնում է փոխվենք

Սերժ Սարգսյանին հաճախ են մեղադրել փոխարինող չպատրաստելու, իրավահաջորդ չունենալու մեջ: Եվ բնական է, որ նրա հայտարարությունը, թե ցանկանում է վարչապետ դառնալուց հետո ավելի մեծ ուշադրություն դարձնել ղեկավար կադրերի պատրաստման գործին, ավելի շատ ընկալվեց որպես այդ բացը լրացնելու ցանկություն: Վարչապետի պաշտոնում, գուցե, Սերժ Սարգսյանին հաջողվի իրավահաջորդ պատրաստել: Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Պուտինի իրավահաջորդի մասին են սկսել խոսել նաեւ Ռուսաստանում, որովհետեւ սա Պուտինի նախագահության վերջին շրջանն է, եւ նա ստիպված է լինելու առնվազն 2 տարի անց հրապարակ բերել մեկին, որին կկարողանա փոխանցել իշխանությունը: Հազիվ թե Պուտինը փորձի Ռուսաստանը դարձնել խորհրդարանական կառավարմամբ երկիր եւ շարունակել պաշտոնավարել որպես վարչապետ: Կայսրությունների պարագայում դա չափազանց վտանգավոր է, այն առումով, որ ուժեղանում են տարածաշրջանային (նաեւ՝ ազգային եւ կրոնական) իշխանիկները, ինչը միշտ հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Խոսվում է նաեւ իշխանությունը մեկ այլ` համառուսաստանյան խորհրդի միջոցով պահելու տարբերակի մասին, որն իր կազմից է ընտրելու նախագահին: Սա ըստ էության նույն նախագահական համակարգն է, սակայն Պուտինին թույլ կտա մնալ իշխանության գլխին` շրջանցելով սահմանադրական արգելքը:

Հայաստանին հատուկ չեն Ռուսաստանի խնդիրները: Մեզ մոտ ոչ մի խնդիր չի առաջանում նախագահականից կիսանախագահական, իսկ հետո խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում: Եթե կուզեք` սա ավելի շուտ ճաշակի հարց է, որովհետեւ մեր պարագայում առաջընթաց կարող է ապահովել թե՛ նախագահը, թե՛ կիսանախագահը եւ թե՛ վարչապետը, եթե, վերջապես, փլուզվի այս սխալ համակարգը եւ սկսի գործել նոր, համաշխարհային զարգացմանն ադեկվատ համակարգ: Ոչ ոք չի կարող ասել, թե մենք ինչ կշահենք խորհրդարանական համակարգից, եթե շարունակաբար ունենանք այնպիսի ԱԺ, որ, դժբախտաբար, ունենք այսօր: Եթե ապագայում էլ մեկ մարդ կարողանալու է Հայաստանում միայնակ ԱԺ ձեւավորել, ուրեմն խորհրդարանական համակարգը մեզանում կդառնա ինքնանպատակ մի բան, միանգամայն անիմաստ, որովհետեւ այն ոչ թե գործելու է, այլ աշխատեցվելու է այդ մեկ մարդու համար: Դուք հեռուստացույցի առաջ վահանակով փոխում եք ալիքները, հեռուստացույցը հլու-հնազանդ ենթարկվում է ձեզ: Նույնն էլ հիմա կարող է պատահել, եթե վարչապետը միայնակ ձեւավորի ԱԺ-ն, եւ ոչ թե ԱԺ-ն ընտրի վարչապետին: ԱԺ նորմալ մեծամասնություն ունենալու պարագայում կարելի է վարչապետին ավելի մեծ լիազորություններ տալ եւ չվախենալ, ինչպես հիմա ենք վախենում, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ իր ձեռքն է վերցնում: Մեր այդ վախը պայմանավորված է ԱԺ-ում մեկ կուսակցության մեծամասնությամբ եւ ոչ թե վարչապետի անձով: Ի վերջո, վաղը դա կարող է Սերժ Սարգսյանը չլինել, այլ մեկ ուրիշը, որին նա մեխանիկորեն կփոխանցի «պուլտը»:

ՀՀ-ում վարչապետի ընտրությունից եւ նոր կառավարության ձեւավորումից հետո սկսվում է կառավարման համակարգի փոփոխության գործնական փուլը: Առաջիկա մի քանի տարիներին, մինչեւ ԱԺ նոր ընտրություններ, մենք բազում առիթներ կունենանք տեսնելու գործող ԱԺ-ի նկատմամբ կառավարության լիակատար գերիշխանությունը: Նույն ոգով կշարունակի գործել ԱԺ բերվող կառավարական օրենքների ու օրենսդրական նախաձեռնությունների հաստատման հոսքագիծը, կընդունվեն օրենքներ, որնք, ինչպես նախկինում, որեւէ կապ չեն ունենա ՀՀ քաղաքացու հետ եւ կսպասարկեն համակարգի շահերը: Այս իրավիճակը կարելի է փոխել միայն ու միայն խորհրդարանական ընտրություններով, միայն ու միայն քաղաքական գործընթացների հանդեպ անտարբեր ընտրազանգվածին ոտքի հանելով եւ ընտրության տանելով: Իսկ դրա բոլոր նախադրյալները կան Հայաստանում, եւ դա, առաջին հերթին, անձնավորված համապետական ընտրություններից հրաժարվելու շնորհիվ: Մենք կարեւոր քայլ ենք կատարել այդ առումով եւ պարտավոր ենք կատարելու երկրորդ քայլը` լավ իմաստով կայուն մեծամասնության ձեւավորումը, որը նույնական չէ միահեծան մեծամասնության հետ, որ ունենք այսօր` որպես նախորդ ԱԺ ընտրությունների տխուր հետեւանք:

Կարիք չկա վախենալու, որ ՀՀ նախագահի ձեռքից վերցվել են գրեթե բոլոր նշանակալի լծակները: Դա ժամանակավոր երեւույթ է եւ, անկասկած, դեռ սրբագրումների կենթարկվի, եթե զգանք, որ ՀՀ նախագահը որեւէ հարց չի կարողանում լուծել այս կամ այն խոչընդոտի պատճառով: Մյուս կողմից էլ՝ ոչ ոք չի կարող նստել եւ թղթի վրա անբեկանելի սահմաններ գծել նախագահի համար: Այստեղ շատ կարեւոր է նախագահի անձը` նրա քաղաքական կշիռը երկրի ներսում, խարիզման, կապերը, կյանքի իմացությունը: Ի վերջո, նրա դիրքից է ամենից լավ երեւում այն դաշտը, որտեղ կարելի է գործել ու անել ավելին, քան Սահմանադրությունն է թույլատրում: Արմեն Սարգսյանի անձը հույս ներշնչում է, որ նա լուրջ պոտենցիալ ունի իր գործունեության դաշտի ոչ միայն մակերեսային, այլեւ խորքային ընդլայնման համար: Մեր հարեւան Վրաստանի հաջողություններից մեկն էլ նախագահ-վարչապետ առողջ մրցակցությունն է: Միշտ էլ երկու առաջին դեմքերը երկրի համար ավելին կարող են անել, քան մեկը: Արմեն Սարգսյանը մոտ 4 տարի ունի ՀՀ ներքաղաքական կյանքում արմատներ նետելու, ինչպես ասում են` ունեցած-չունեցածը ինվենտարիզացիա անելու եւ իր քայլերով ու աշխատանքով հասարակության համակրանքը նվաճելու համար: 2022 թվականի ԱԺ ընտրություններում նրա գաղափարական թիմը (նոր կուսակցություն կամ դաշինք) կկարողանա հաջողությամբ մրցակցել բոլոր ուժերի հետ:

Գուցե այս ուղղությամբ է մտածում նաեւ Սերժ Սարգսյանը, որ Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում նշանակելու հարցում, եթե չասենք՝ մենակատար, ապա գլխավոր որոշում կայացնողը դարձավ: Ինչ-որ տեղ հասկանալի է նաեւ նրա մտահոգությունը, որ միանգամից մեծ լիազորություններով նախագահ չբերեց: Մենք դրա փորձն էլ ունենք`ուզում ենք լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ: Տեղ կա, որ պետք է դանդաղ շտապել: Սահմանադրությունն այն բանը չէ, որ փոխես ու ասես` վերջ, փոխվեցինք:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X