Ինչ անիշխանություն

Մամուլը, այդ թվում՝ «Հրապարակը», վերջին ամիսներին բազմիցս անդրադարձել է այն «7-օրյա վակուումին», որն առաջանալու է ապրիլի 9-17-ն ընկած շրջանում, այսինքն՝ մինչեւ ՀՀ նոր վարչապետի ընտրությունը, որը դառնալու է երկրի փաստացի ղեկավարը։ Սակայն ի՞նչ անիշխանության մասին է խոսքը, որից, իբր, փորձելու է օգտվել ընդդիմությունը, եւ ինչը, իբր, խիստ անհանգստացնում է իշխանությանը։ Թողնենք այն, որ այդ շրջանում արդեն ունենալու ենք «երդված» նախագահ, որը, այնուամենայնիվ, ըստ Սահմանադրության, «պետության գլուխն» է համարվում։

Թողնենք նաեւ այն, որ պառլամենտական կառավարման շրջանում երկրի թիվ մեկ մարմինը՝ խորհրդարանը կա եւ բնականոն գործելու է նաեւ այդ օրերին։ Ինչպե՞ս կարող է «իշխանությունը փողոցում» ընկած լինել, ինչպես պատկերավոր արտահայտվում են ոմանք, եթե, ասենք՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ԱԻՆ-ը, դատախազությունն ու դատարանները շարունակելու են գործել եւ ենթարկվել Հանրապետական իշխանությանը։

Ի վերջո, Հայաստանում երբեք իրավական չեն ընթացել գործընթացները, եւ ֆորմալ չի եղել կառավարումը, այլ իշխել են ավելի շուտ չգրված օրենքները, մեզանում ձեւավորված իրավահարաբերությունները, «հեղինակությունները»՝ կրիմինալ եւ քաղաքական։ Բացի այդ՝ արյունալի պայքարը, որն իշխանությունը՝ ի դեմս իշխող մեծամասնության, վարում է ընտրությունների շրջանում, երբ ոչ մի ծեղ չեն ուզում զիջել ընդդիմությանը, խոսում է այն մասին, որ Հայաստանում երբեք, ոչ մի պարագայում, ոչ մի իրավիճակում իշխանությունն «անտեր» չի լինելու։ Ճիշտ հակառակը՝ մեր իշխանավորներն այս տարիներին մի բանի մեջ են միայն վարպետացել՝ իշխանությունն ատամներով պահելու։ Նրանցից իշխանությունը վերցնելու համար պետք է նրանց հավասար ուժեղ լինել, խելացի ու նպատակասլաց։

Մեկնաբանություն
X