Ընդդիմությանը թույլ տվեք գործել

Մի տեսակ շատացել են լրագրային տիրույթի այն շատախոսները, որոնք այս օրերին մի հանգի քննադատում են փողոցային պայքարի թե նպատակը, թե հիմքերը, թե շարժառիթը, ընդհուպ` կազմակերպիչներին, որոնք, ինչպես գրում են նրանց մասին, մի բան են ուզում անել, բայց գիտեն որ դրանից օգուտ չկա: Շատախոսելով փողոցային պայքարի անիմաստության մասին, լրագրային տիրույթի ամենախոսները, սակայն, մոռանում են, որ «Իշխանության վակուումի» մասին առաջինը գրած հեղինակները կամ, այսպես ասած` «7-օրյա վակուումի» գաղափարի կնքահայրերը հենց իրենք են: Այսօր նրանք փոխել են կուրսը և սկսել են քննադատել Նիկոլ Փաշինյանին, որ կոչ է անում օգտվել այդ «7-օրյա անիշխանությունից» և վերցնել իշխանությունը:

Ինչպե՞ս հասկանալ այս ֆենոմենը, երբ մարդը կոչ է անում իրականացնել քո գաղափարը, իսկ դու շրջվում ու քննադատում ես այդ մարդուն: Եթե պայքարի ձևն է սխալ ընտրված` քննադատիր պայքարի ձևը, բայց ոչ հենց քո իսկ գլխում ծագած գաղափարը, որի շուրջ, կարելի է մտածել, գիշերներ ես լուսացրել: «7-օրյա վակուումի» գաղափարական հայրերից մեկը, ահա, գրում է. «Օրինակ` ինչքանո՞վ է նպատակահարմար քաղաքական և կազմակերպչական սահմանափակ ռեսուրսների փոշիացումը փոքր, ինչ-որ իմաստով քաոտիկ և անօրակարգ ակցիաների վրա, եթե դրանք չեն գեներացնում մագիստրալ քաղաքական գործընթացը կամ ի՞նչ իմաստ ունի ապրիլի 9-16-ի` իշխանության յոթնօրյա վակուումի մասին անընդհատ հիշեցումները, եթե ընդդիմությունն իսկապես մտածում է, թե յոթնօրյա հանրահավաքները բավարար են` կորպորատիվ շահերի առանցքով գործող բավականին արդյունավետ համակարգը կազմաքանդելու համար: Եթե այդ խորհրդավոր յոթ օրը ընդդիմության պայմանական զենքն է, ապա ո՞րն է դրա տեղն անընդհատ մրցակցին հուշելու իմաստը»:

Լրագրային տիրույթի հարգելի ստրատեգ, իմաստը ո՞րն էր 7-օրյա իշխանական վակուումի մասին քո նախկին շաղակրատանքի, եթե դու գիտեիր, որ ընդդիմությունն այդ ուժն ու կազմակերպվածությունը չունի, որ կարողանա փողոցում բան փոխել այդ օրերին: Ստացվում է, որ վակուումը պետք է փնտրել այլ տեղում: Ես կառաջարկեի դա անել այն գրագրի ուղեղի ծալքերում, որ ժամը մեկ հրահանգավորված հոդված է թխում` տվյալ ժամին հարմար ռակուրսով ու այն հույսով, որ իր նախորդ հոդվածի մասին բոլորը հասցրել են մոռանալ: Վերը կատարված մեջբերման մեջ ընդդիմությանը հիասթափեցնող հիմնական միտքը սա է. «… ինչքանո՞վ է նպատակահարմար քաղաքական և կազմակերպչական սահմանափակ ռեսուրսների փոշիացումը փոքր, ինչ-որ իմաստով քաոտիկ և անօրակարգ ակցիաների վրա, եթե դրանք չեն գեներացնում մագիստրալ քաղաքական գործընթացը»: Ներողություն, իսկ ո՞րն է ճիշտը այս դեպքում` «մագիստրալ քաղաքական գործընթացին» լուռ հայացքով հետևե՞լը: Չենք կարծում, թե դա լավագույն տարբերակն է` ընդդիմության եղած ռեսուրսները պահպանելու և բազմապատկելու:

Հուսամ` բոլորը գիտեն, որ ես Նիկոլ Փաշինյանի դատապաշտպանն ու ջատագովը չեմ: Ավելին ասեմ` մինչ օրս էլ ես նրան` իր կուսակցությամբ ու դաշինքով որպես ընդդիմություն չեմ էլ ընկալում, թեև առաջիններից մեկն եմ ասել, որ «Քաղաքացիական պայմանագիրն» իր կառուցվածքի հաշվին կարող է մի որոշ ժամանակ անց կուսակցություն դառնալ այդ բառի դասական իմաստով: Ինչ ուզում են, թող ասեն, ինչ ուզում են, թող անեն «Քաղաքացիական պայմանագիրը», «Ելքը», «Լուսավոր Հայաստանը», «Երկիր ծիրանին», միևնույն է, ինձ չեն կարող համոզել, որ Հայաստանում հնարավոր է հիմնադրման գեղեցիկ շնորհանդեսներից հետո գալ ու շրխկալով մտնել ՀՀ ԱԺ, Երևանի և կամ իմ հայրենի Վանաձորի նման գրեթե անշարժ քաղաքի քաղաքապետարան: Ո՞ւմ են ուզում խաբել, ի՞նձ, չի ստացվի: Թող փորձեն համոզել ԲՀԿ-ին, որովհետև իրենց ընդդիմադրողականությունը խիստ համեմատական է ԲՀԿ-ի այդ նույն հատկանիշի հետ: Այսուհանդերձ, ընդդիմությունը ապրիլի 9-17-ն ընկած ժամանակահատվածում ձեռքերը ծալած նստելու իրավունք չունի: Իսկ եթե այդ ընդդիմությունը նաև կասկածելի է, ապա նրան առնվազն պետք է այս օրերին իրենից որոշ չափով վանել կասկածները և գոնե հրապարակում ինչ-որ բան անել, այլապես այդպիսի ղեկավարելի ընդդիմություն ունեցողին էլ ձեռնտու չէ այս պահին նրանցից հրաժարվելը, որովհետև չգիտես թե ինչ է գալու նրա տեղը: Եվ ուրեմն բոլորը պետք է մտածեն, որ կյանքը ապրիլի 17-ից հետո շարունակվելու է, իսկ 2022-ին ընդհանրապես խնդիրներ կարող են ծագել հընթացս խորհրդարանում հայտնվելու հետ կապված:

«Նույնիսկ կես տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ իշխանության ձևավորման ապրիլյան համատեքստն այսքան անցնցում, առանց ինտրիգների է անցնելու»,- ախուվախ է քաշում «7-օրյա վակուումի» տեսության կնքահայրն ու գտնում իր նոր «զոհին»` վարչապետ Կարեն Կարապետյանին, որը կարող է գեներացնել «մագիստրալ քաղաքական գործընթացը», եթե համագործակցի ընդդմության հետ: Այո, իհարկե, մնում է, որ Կարեն Կարապետյանը յոթ օրում իր ձեռքը վերցնի ՀՀԿ-ի բոլոր լծակներն ու «ֆորս մաժոր» ստեղծի կատարյալ անհողմության պայմաններում: Թե ինչպես ընդդիմությունը կարձագանքի դավադրության և հավանականության տեսությունների խառնուրդ հիշեցնող այս նոր «գաղափարին», տակավին դժվար է ասելը: Գուցե իսկապես գտնվեն ուժեր, որոնք դրոշակով դուրս գան փողոց և հայտարարեն, որ իրենց վարչապետը Կարեն Կարապետյանն է: Բայց ի՞նչ կտա դա այդ ուժերին և մանավանդ Կարեն Կարապետյանին, որի համաձայնությունը Սերժ Սարգսյանի հետ կայացել է վաղուց, դեռ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը գեղեցիկ խոսքերով ներկայացնում էր նոր վարչապետին:

Գալով ընդդիմությանը` ասենք, որ այնտեղ էլ հասկանում են, որ Սերժ Սարգսյանը բացառել է անցումային այս փուլում և մանավանդ «վակուումի» այդ 7 օրերին հնարավոր բոլոր անակնկալները: Իրականում ոչ ոք չի էլ պատրաստվում թռչել իր գլխից վեր, և Նիկոլ Փաշինյանն, ահա, անում է հուսահատ այն ճիգը, որ նրա ղեկավարած ուժին թույլ կտա ապրիլի 17-ից հետո չքշվել ընդդիմադիր լուսանցք և հասնել 2022 թվականին: Միայն սրա համար նույնիսկ կարելի է գնահատել այդ գործչին:

Մեկնաբանություն
X