Ինչո՞վ է զբաղված եղել Սերժ Սարգսյանն իր կառավարման առաջին հնգամյակում

Ինչո՞վ է զբաղված եղել Սերժ Սարգսյանն իր կառավարման առաջին հնգամյակում:

Նշենք, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում էլ Սարգսյանը չէր կարող պետության զարգացման գործում որևէ առաջընթաց արձանագրել, որովհետև կառավարման ամբողջ ընթացքում ստիպված է եղել դիմակայել երևացող ու չերևացող տարատեսակ մարտահրավերների, որոնց սահուն ներգործության արդյունքում պետությունը հայտնվել է հուժկու ցնցումների տիրույթում:

Ավելացնենք, որ մարտահրավերները պատշաճ լուծումներ չեն ստացել և արդյունքում երևացող ու կանխատեսելի ցնցումները փոխակերպվել են չերևացող ու անկախասատեսելի ճահճացման գործընթացի:

Ավելին՝ պետության մարտահրավերներին դիմակայելու փոխարեն Սարգսյանը ինքն իր համար համար արհեստական մարտահրավեր է ստեղծել, որն է՝ իշխանության ամեն գնով պահպանումը, և փաստորեն առաջինն իր տեղը զիջել է երկրորդին: Թքած պետության առջև ծառացած խնդիրների վրա, կարևորը իշխանության հարատևությունն է: Արդյունքում պետությունն ու մեկ անձը աստիճանաբար նույնականացվել են, քանի որ նրանց միավորում է մեկ մարտահրավեր: Ահա սա է Սերժ Սարգսյանի անփոխարինելիության միֆի աղբյուրը: Այլ խոսքով ասած՝ անհատն իր խնդիրը դարձրել է պետության խնդիրը՝ վտանգելով վերջինիս շարունակական կայունությունն ու անվտանգությունը:

Բայց ինչո՞վ է զբաղված եղել Սերժ Սարգյանը իր կառավարման առաջին հնգամյակում:

Նա իշխանության եկավ բավականին ծանր պայմաններում: 1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո ձևավորված կառավարման համակարգը 2008 թ. առաջին անգամ լուրջ ճաքեր տվեց և ռեժիմի շարունակականությունը կասկածի տակ հայտնվեց: Դա չափազանց լուրջ հարված էր իշխանությունների համար և իր առաջին պաշտոնավարման կեսից ավելին Սարգսյանը զբաղված է եղել մարտի 1-ի ծանրագույն հետևանքները հաղթահարելով և ընդդիմության աստիճանական կազմաքանդման գործընթացը կազմակերպելով: Սա չափազանց լուրջ ռեսուրսներ պահանջող աշխատանք էր, քանի որ ռեժիմին արդեն մեկ անգամ չափազանց ծանր հարված հասցրած ընդդիմության երկրորդ հարվածը կարող էր լինել կործանարար:

Ասվածի համատեքստում Սարգսյանի համար առաջնային պլան մղվեց համակարգի արդիականացման և տրանսֆորմացիայի հիմնախնդիրը, քանի որ Քոչարյանական մոդելն արդեն իսկ մաշվել էր՝ կորցնելով կենսունակությունը: Բայց այս գործում նույնպես լուրջ դժվարություններ էին սպասվում: Մինչ Սարգսյանը փորձում էր մոդերնիզացնել հին համակարգը, չգիտես որտեղից վրա հասավ տնտեսական ճգնաժամը և պարզապես փշրեց Քոչարյանի թողած ողջ ժառանգությունը: Շինարարական բումի հաշվին արձանագրված երկնիշ տնտեսական աճի միֆը հօդս ցնդեց:

Սա բավական չէ, մի հատ էլ Սերժ Սարգսյանին տարան ու Թուրքիայի հետ դիվանագիտական ավանտյուրայի մեջ ներքաշեցին: Նա Հայ-թուրքական արձանագրություններից որևէ կերպ խուսափել չէր կարող, խոստացել էր դեռևս նախագահ ընտրվելուց առաջ, և դա այն կարևոր միջոցներից մեկն էր, որի շնորհիվ հայրենիքում չընդունված գործիչը արտաքին աշխարհում պետք է լեգիտիմություն գտներ: Այդ արձանագրությունները Սարգսյանի ներման գինն էին, ԱՄՆ-ն և ԵՄ-ի վաճառած ինդուլգենցիան:

Այսպես անցան նրա կառավարման 3-4 տարիները: Եվ այս բարդագույն շրջափուլում նա մյուս կողմից էլ աստիճանաբար ձեռնարկեց և սաղմնավորեց միահեծան համակարգի ստեղծման հիմքերը: Վերոհիշյալ խնդրի լուծման համար առաջին հերթին անհրաժեշտ էր հանրապետության ողջ կապիտալը կենտրոնացնել մեկ տիրույթում՝ այսինքն փողային բոլոր հոսքերը կապակցել ու միահյուսել իշխանական բուրգի հետ, որպեսզի ոչ մի գրոշ վերահսկողությունից դուրս չհայտնվի: Պետական ամբողջ ապարատը լծվեց այդ գործին և Ալեքսանդր Սարգսյանի առաջնորդությամբ Հայաստանը բաժանվեց տնտեսական ազդեցության ոլորտների՝ վերահսկվող մեկ կենտրոնից: Հենց սա է ընդդիմության կազմաքանդման առաջնային պատճառը, վերջինս մնաց առանց կապիտալի, իսկ առանց փողի քաղաքականություն լինել չի կարող: Արդյունքում ձևավորվեց ժամացույցի ճշգրտությամբ գործող բրգաձև մի կառույց, որը կուլ է տալիս ճանապարհին հանդիպող ամեն ինչ:

Ահա այսպես ավարտվեց կառավարման առաջին ժամկետը: Կարելի է ասել Սարգսյանը կարողացավ էական հաջողություններ արձանագրել իշխանության ամրապնդման և շարունակականության ապահովման գործում: Բայց նրա հաղթանակը պարտությունն էր պետության, քանի որ արտաքին աշխարհից լեգիտիմություն փնտրող ղեկավարն ինչ-որ մի օր խճճվելու էր աշխարհի վտանգավոր ու անկանխատեսելի հորձանուտներում՝ պետությունը տանելով դեպի արկածախնդրության: ԱՄՆ-ի և ԵՄ-ի սիրելի բռնապետ Սարգսյանն արևմուտքում փողի և լեգիտիմության նորանոր աղբյուրներ որոնելու արդյունքում հայտվեց ռուսական սմբակների հուժկու հարվածների տակ՝ պետությունը գլորելով դեպի փտած ԵԱՏՄ: Այնուամենայնիվ նրա իշխանության առաջնային երաշխավորը հենց Ռուսաստանն է, որի ճիրաններից ազատվելն այդքան էլ հեշտ չէ:

Այսինքն Քոչարյանից ժառանգություն ստացած ու մաշված տնտեսությունը, որը չէր դիմացել ճգնաժամի հարվածներին, հիմա էլ պետք է ադապտացվեր ԵԱՏՄ-ի կողմից թելադրվող խաղի կանոններին: Սարգսյանը մշտապես ստիպված է եղել գոհացնել և՛ Արևմուտքին և՛ Ռուսաստանին՝ գնալով էական զիջումների և ստանալով նրանց կոնսենսուսային համաձայնությունը պաշտոնավարումը շարունակելու համար: Կանաչ լույս ստանալով՝ նա նախաձեռնեց ընդդիմության ոչնչացման և կապիտալի կենտրոնցաման գործընթացները` դառնալով կապիտալն այդ տնօրինող տարատեսակ կլաններին հավասարակշռողն ու հաշտեցնողը, անվտանգության ու շարանակականության «անփոխարինելի» երաշխավորը։

Իհարկե առաջարկվող թեման կարիք է զգում մանրամասն ու համակողմանի ուսումնասիրության, բայց, այնուամենայնիվ, լրագրողական հակիրճ ակնարկի միջոցով փորձեցինք մոտավոր ուրվագծել Սերժ Սարգսյանի կառավարման առաջին հնգամյակի ընթացքի էությունն ու առանձնահատկությունները։ Երկրորդ հնգամյակի մասին կխոսենք հաջորդ հոդվածում։

Մեկնաբանություն
X