Մահվան մասին լուրերը չափազանցված են

Եթե հավատալու լինենք հայրենական որոշ քաղաքական եւ փորձագիտական շրջանակների, Թուրքիայի «մասնատումը գրեթե անխուսափելի է»: Գործնականում, մինչդեռ, Էրդողանն ուղեւորվել է բուլղարական Վառնա, որտեղ աշխատանքն է սկսում Եվրամիություն-Թուրքիա գագաթաժողովը: Բուլղարիա մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահը Ստամբուլում մամուլի ասուլիս է անցկացրել, որտեղ հայտարարել է, որ Եվրամիությանը լիիրավ անդամակցությունը մնում է որպես ռազմավարական ուղղություն, եւ Թուրքիան կկասեցնի որոշակի շրջանակների խոչընդոտող քայլերը:

Ընդ որում, Էրդողանը հարկ է համարել բացել ԱՄՆ արդեն նախկին պետքարտուղար Թիլերսոնի Թուրքիա այցի ինտրիգը եւ ասել, որ հիմնականում քննարկվել է սիրիական Մանբիջում ԱՄՆ հետ համատեղ քայլերի հարցը: «Մենք մտադիր չենք օկուպացնել այդ շրջանը, մեր նպատակն է այն մաքրել ահաբեկիչներից եւ հանձնել տեղական բնակչությանը»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը: Սիրիական Աֆրինում հաջողությունից հետո Էրդողանի հայտարարությունը, հավանաբար, Եվրամիության առաջնորդներին հղած թափանցիկ ակնարկ է, որ գործ ունեն բոլորովին այլ երկրի հետ, քան սովորաբար պատկերացվում է: Դեռեւս նախանցյալ դարավերջից է հայտնի «Եվրոպայի հիվանդ» արտահայտությունը, որ օգտագործվել է Օսմանյան կայսրության վերաբերյալ: Առաջին համաշխարհային պատերազմում նա պարտություն կրեց, զրկվեց եվրոպական եւ մերձավորարեւելյան տարածքներից, բայց նրա մահվան մասին լուրերն, ինչպես ասում են, չափազանցված էին եւ այդպիսին էլ մնում են առայսօր:

Կարելի է անվերջ փնտրել թուրքական հաջողությունների գաղտնիքը, կոնսպիրոլոգիական տեսություններ կառուցել, առաջ քաշել ամենաերեւակայան վարկածներ, բայց իրողությունը շրջանցել հնարավոր չէ. Թուրքիան միջազգային քաղաքական անցուդարձի մասնակից պետություն է, որի շահերը հաշվի են առնում թե Միացյալ Նահանգները, թե Եվրամիությունը եւ թե Ռուսաստանը: Ըստ երեւույթին, վճռական շրջափուլերում թուրք հասարակությունը կարողանում է իրեն որոշակի զրկանքների ենթարկել, որպեսզի պաշտպանի ազգային-պետական շահը: Էրդողանը կարողանում գեներացնել ազգայնականություն եւ կառավարել այն: Իսկ դա արդեն իսկ լուրջ ռեսուրս է: Մանավանդ՝ Եվրամիության հետ հարաբերություններում, որովհետեւ եվրոպացիները պատրաստ են զիջումների գնալ, միայն թե իրենց երկրներում կայունությունը չխաթարվի: Ի՞նչ ընթացք կունենա Եվրամիություն-Թուրքիա գագաթաժողովը՝ հնարավոր չէ կանխատեսումներ անել: Բայց փաստն ինքին բավական խոսուն է: Հատկապես՝ Սիրիայում Թուրքիայի համարձակ գործողությունների ֆոնին: Կնշանակի, որ Եվրամիությունը լռելյայն ընդունում է սիրիական կարգավորմանը Թուրքիայի լիարժեք մասնակցությունը: Իսկ դա իր հերթին երաշխիք է, որ Թուրքիայի ամբողջականությունը զերծ կմնա վտանգներից: Քրդական գործոնի վրա, կարծես, խաղադրույք դնում է միայն ԱՄՆ-ը: Առաջիկայում սպասվում են թուրք-ամերիկյան խորհրդատվություններ: Ամենայն հավանականությամբ, դրանք կավարտվեն այնպիսի համաձայնությամբ, որը կբացառի Մերձավոր Արեւելքում քրդական պետականության ստեղծումը:

Թուրքիան անկե՞ղծ է Եվրամիությանն անդամակցելու մասին հայտարարություններում: Հազիվ թե, բայց բոլոր միջոցներն օգտագործում է, որպեսզի կարգավորի իր խնդիրները: Այդ թվում եւ՝ Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունների ջերմացումը: Իրական դիվանագիտությունը, երեւի, հենց դա է, երբ ոչ մի կամուրջ չի վառվում եւ ոչ մի միանշանակ ընտրություն չի կատարվում:

Մեկնաբանություն
X