Աստղերի և աստղաքարերի մասին

Մենք հիանում ենք աստղերով, պայծառ գիշերներին ըմբոշխնում նրանց պայծառությունն ու անշարժությունը: Սակայն այդ անշարժությունը երևութական է. հսկայական այդ տիեզերական մարմինները տիեզերական անսահմանության մեջ շարժվում են հսկայական արագությամբ և իրենց մեջ մեծ խորհուրդ են պարունակում: Իսկ ահա աստղաքարը մի մարմին է, որի տրամագիծը տատանվում է 100 մկմ – ից մինչև 10 մետր…

Կյանքում էլ մենք ոմանց «աստղ» անվանումն ենք տալիս: Նրանք իսկապես շարժվում են մեծ արագությամբ, դրական կամ բացասական օրինակ ծառայում և ծանրակշիռ խորհուրդ պարունակում իրենց մեջ: Նրանցից մենք սովորում ենք, երբեմն՝ հիանում: Իսկ ահա որոշներն էլ պարզապես աստղաքարեր են, որ ընկնում են մեր գլխին և ցավեցնում, թեպետ նրանց էլ են աստղ անվանում…

Վերջերս համացանցում նյութ հայտնվեց այդպիսի աստղերից մեկի մասին՝ Կիանու Ռիվզ: Նշանավոր դերասան: Պարզվում է, որ նրանից շատ բան ունեն սովորելու մերօրյա աստղաքարերը, նրանք, ում մեր օրերում «աստղ» են անվանվում։

Նշանավոր դերասանը բաց է թողնում «Աստծո զավակը» իր նոր ֆիլմի նկարահանումների ավարտին նվիրված, Նյու - Յորքում տեղի ունեցող երեկույթի առաջին 20 րոպեն: Նա համբերատար սպասում էր անձրևի տակ, մինչև իրեն ներս կթողնեն: Ոչ մեկը նրան չէր ճանաչել… Հետո ակումբի տերը պետք է ասի. «Ես նույնիսկ չգիտեի, որ Կիանուն կանգնած է անձրևի տակ և սպասում է թե երբ իրեն ներս կթողնեն. նա ոչ մեկին ոչինչ չէր ասել»: Ահա թե ինչպիսին են լինում աստղերը՝ համեստ: Ասում են, որ նա քաղաքում տեղաշարժվում է մետրոյով: Առանց քաշվելու և անմիջականորեն փողոցում շփվում է անտուն մարդկանց հետ և օգնում նրանց: Նա ընդամենը 50 տարեկան է, սակայն արտաքինից ավելի երիտասարդ է երևում: Նա իր համար մեկ հոթ - դոգ է գնում և ուտում այգում՝ նստելով սովորական մարդկանց մեջ: «Մատրիցա» ֆիլմերից մեկի նկարահանումներից հետո նա բոլոր կասկադյորներին նվիրել է մեկական նոր «Հառլեյ Դեվիդսոն» մոտոցիկլ՝ ի նշան երախտագիտության՝ նրանց վարպետության: Նա հրաժարվել է իր հոնորարի մեծ մասից՝ հանուն այն բանի, որ «Մատրիցա» ֆիլմում աշխատող դերձակներին, դիզայներներին, համակարգիչով հատուկ էֆեկտներ ստեղծողներին բարձր աշխատավարձ վճարվի։ Կիանուն այն կարծիքին էր, որ նրանց դերակատարումը թերագնահատված է: Իսկ «Սատանայի փաստաբանը» ֆիլմում նա կրճատել է իր հոնորարը, որ գումարները բավականացնեն՝ ֆիլմ հրավիրելու Ալ Պաչինոյին: Նրա կյանքի ծանր պահերից մեկի ժամանակ՝ երբ մահացել է լավագույն ընկերը, աղջիկը կորցրել է երեխային՝ ճանապարհա - տրանսպորտային աղետի ժամանակ, իսկ քույրը հիվանդացել է լեյկեմիայով, Կիանուն չի կոտրվում: Նա 5 միլիոն դոլար է զոհաբերում այն կլինիկային, որը բուժում է իր քրոջը: Ապա հրաժարվում է նկարահանումներից, որպեսզի քրոջ կողքին գտնվի նրա համար ծանր պահերին: Դրանից հետո նա ստեղծում է լեյկեմիայի դեմ պայքարի հիմնադրամ, որտեղ նվիրատվություններ է կատարում իր յուրաքանչյուր ֆիլմի հոնորարից: Ահա այսպիսին են լինում աստղերը, այլ ոչ մեր աստղաքարերի նման… Հաջորդ աստղը․ Ռոբին Ուիլյամս: Շատերը հնարավոր է չէին ճանաչում նրան անձնապես, սակայն նրա ողբերգական մահը ցնցեց բոլորին: Հոլիվուդի աստղի ամենասիրելի մարդը իր աղջիկն էր՝ Զելդան: Իր մահից երկու շաբաթ առաջ՝ 2014 թվականի հուլիսի 31 – ին դերասանը սև - սպիտակ լուսանկար է տեղադրում Instagram – ում և Twitter – ում, որտեղ պատկերված է ինքը՝ գրկին մի փոքրիկ աղջիկ՝ փոքրիկ Զելդան: Ապա դերասանը այսպիսի հուզիչ խոսքեր է գրում 25 տարին լրացած աղջկա ծննդյան օրվա առթիվ. «Շնորհավորում եմ միսիս Զելդա Ռեյ Ուիլյամսին. լրացել է նրա մեկ քառորդ դարի տարեդարձը: Սակայն ինձ համար նա միշտ կմնա իմ փոքրիկ աղջիկը: Շնորհավորում եմ ծնունդդ, Զելդա: Ես սիրում եմ քեզ»… Դրանից հետո տեղի է ունենում ողբերգությունը և դերասանը մահանում է, 2 շաբաթ հետո։ Իսկ ընդամենը մի քանի ժամ դերասանի մահից հետո Զելդան Twitter – ում պատասխան ուղերձն է հղում մահացած, այնքա՜ն սիրելի իր հորը: Սիրով լի այդ խոսքերը վերցված էին Անտուան դե Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գրքից. «Եթե գիշերը դու նայես աստղերին, ապա կտեսնես, որ նրանք ժպտում են, որովհետև ես ապրում եմ նրանցից մեկի վրա և ժպտում եմ քեզ: Միայն դու կունենաս աստղեր, որոնք կարող են ժպտալ քեզ»: Իր կողմից Զելդան ավելացրել էր. «Ես սիրում եմ քեզ: Ես միշտ կկարոտեմ քեզ: Ես անընդհատ կնայեմ վերև» չէ…

Փորձում եմ համեմատել այս փոքրիկ դրվագները Հայաստանյան իրականության, մեր այսպես ասած «աստղերի» կամ հայտնիների կյանքի հետ: Նրանք ամեն ինչ անում են հայտնի լինելու և ուժեղներից մի բան պոկելու համար: ԶԼՄ – ներով կարելի է հետևել, թե ով որտեղ հանգստացավ և ինչքան, ինչ հագուստ հագավ կամ… չհագավ, ում հետ ընկերություն սկսեց կամ դադարեցրեց և այլն: Բարոյական արժեքներ, ոգևորիչ, մարդասիրություն, զգացմունքների ժայթքում առաջ բերող ոչ մի ստեղծագործություն, լինի դա երգ, գիրք, ֆիլմ, թե մի ուրիշ բան: Կամ բարեգործության, բարի արարքի ուշագրավ մի դրսևորում: Հազվադեպ բացառություններ՝ գուցե, իսկ ընդհանուր առմամբ՝ տխուր պատկերներ մեր տխուր իրականության: Եվ զարմանալու ոչինչ չկա դրա մեջ, որովհետև նրանք մեր իրականության հարազատ զավակներն են և դրանից վեր թռչել չեն էլ կարող: Այսօրվա մեր ճահճացած, ձանձրալի և գաղջ, նյութամոլության, եթե ոչ՝ ընչաքաղցության, գաղափարական վակուումի, հանուն հանապազօրյա հացի պայքարի մեջ թաղված իրականության ներկայացուցիչներն են նրանք: Իսկ մեծ արվեստագետները նրանք են, ովքեր թռիչք են գործում ժամանակի վրայով, վեր կանգնում ժամանակից: Նրանք են, որ առաջ են մղում կյանքը և գեղեցկացնում այն: Հուզում և ոգևորում համամարդկային արժեքներին իրենց նվիրվածությամբ:

Չէ որ հազարավոր երկրպագուներ նրանցից հենց այդ են սպասում: Սպասում են բարի, մեծ գործերի, լավատեսության ու իրական հույսերի, ստեղծագործական կոթողների, զգացմունքների և արարքների այն ոգևորիչ օրինակին, որին այնքա՜ն ծարավի է մերօրյա հայ հասարակությունը:

Հովիկ Մխիթարյան

Մեկնաբանություն
X