Ադրբեջանը վարձկան բանա՞կ է ստեղծում

«Ատլաս» վերլուծական կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ «ռազմաճակատային գծում պետք է ծառայեն միայն պրոֆեսիոնալները»:

Նա գտնում է, որ Ադրբեջանի նպատակն է «պատերազմի դեպքում նվազագույնի հասցնել սեփական կորուստները եւ առավելագույն վնաս պատճառել հակառակորդին, իսկ այդ խնդիրը կարող են լուծել պրոֆեսիոնալները, որոնք կստանան բարձր աշխատավարձ, կունենան սոցիալական արտոնություններ, նրանց կյանք ապահովագրված կլինի»:

Քաղաքագետ կարծում է, որ ժողովրդագրական եւ ֆինանսական ներկայիս հնարավորություններով Ադրբեջանի համար «վաթսուն, անգամ հարյուր հազարանոց պրոֆեսիոնալ բանակ ունենալը չպետք է խնդիր լինի»: Ըստ երեւույթին, Ադրբեջանում վերջին զորավարժություններից եկել են եզրակացության, որ զինված ուժերը ներկայիս պատրաստվածությամբ ի զորու չեն կատարելու քիչ թե շատ նշանակալի մարտական առաջադրանք: Ադրբեջանական բանակի պատրաստվածության մասին որոշ փորձագետներ կասկածներ հայտնել են ավելի վաղ՝ 2016թ. Ապրիլյան քառօրյայից հետո, երբ հայտնի էր դարձել, որ հայկական դիրքերի վրա առաջին գրոհը ձեռնարկել էին հատուկ նշանակության պրոֆեսիոնալ ուժերը, իսկ այնուհետեւ բանակը «չէր կարողացել զարգացնել հաջողությունը»:

Հարց է, թե ի՞նչ ուժեր են մարտի նետվել՝ ադրբեջանակա՞ն, թե՞ թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանուները, բայց, ինչպես ցույց է տալիս Էլխան Շահինօղլուի առաջարկությունը, Ադրբեջանում ներկայումս, ամենայն հավանականությամբ, զինված ուժերում փոփոխությունների հարցով որոշակի քննարկումներ ընթանում են: Չի բացառվում, «որ պրոֆեսիոնալ բանակի» անվան տակ Ադրբեջանը պատրաստվում է հավաքագրել վարձկանների եւ տեղաբաշխել շփման գծում: Նման փորձ այդ երկիրն ունի. 1992-94թ.թ. պատերազմում Ադրբեջանի կողմից կռվել են եւ ԱՊՀ երկրներում հավաքագրված վարձկաններ, եւ չեչենական գումարտակներ, եւ աֆղան մոջահեդներ ու թուրքական «գորշ գայլեր»:

Մեկնաբանություն
X