Ռուսների հովանու ներքո երբեք չի լինելու պատմական հաշտեցում

Ուղղակիորեն կապել Հայաստանում ահավոր սոցիալ տնտեսական վիճակը Ղարաբաղյան հարցի հետ սովորական դեմագոգիա է: Այս սոսկալի վիճակն ու, որպես դրա հետևանք, հսկայածավալ արտագաղթը արդյունք է համակարգային կոռուպցիայի, ժողովրդավարության բացակայության, անիրավության ու համատարած բռնությունների:

Հայաստանը լրիվ շրջապատման մեջ չի, արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհները, այսօրվա նույնիսկ ոչ բարվոք վիճակով անգամ, բավարար են որպեսզի Հայաստանը իր տնտեսության ծավալը առնվազն քառապատկի: Հայաստանի բոլոր դժբախտությունները ոչ թէ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունեցած խնդիրներից են բխում, այլ հետևանքն են Հայաստանի ինքնիշխանության բացակայության: Երբ որ Հայաստանը ազատագրվի Ռուսաստանի տոտալ վերահսկողությունից ու դառնա իսկապես սուվերեն երկիր, այդ ժամանակ արդեն բոլոր խնդիրները կլուծվեն, իսկ հիմա Ռուսաստանի կողմից մեր գլխներին նշանակված ռեժիմը անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չկայանա որպես պետություն, որպեսզի Հայաստանում չզարգանա տնտեսությունն ու չլինի արդարադատություն, որպեսզի չկայանա իսկական քաղաքացիական հասարակությունը և մարդիկ հաշտվեն իրենց իրավազուրկ գոյության հետ:

Քանի դեռ Հայաստանը չի դարձել իսկապես անկախ պետություն, ամեն ինչ պիտի արվի, որպեսզի Արցախում պահպանվի այս ստատուս քվոն, որովհետև դրա խաթարումը ներկայիս Հայաստանի ոչ սուբյեկտայնության պարագայում կհանգեցնի պատերազմի, որի արդյունքում Արցախը կկորցնենք, իսկ Հայաստանը որպես պետություն վերջնականապես կլուծարվի: Ռուսաստանի խնդիրը ոչ թե հայերին ադրբեջանցիների ու թուրքերի հետ հաշտեցնելն է, այլ Արցախի տարածքում (որը իրենք այդժամ կհանձնեն Ադրբեջանին) զորքեր ունենալն է` Ադրբեջանի տարածքով անցնող նավթամուղերն ու գազամուղներն իր հսկողության տակ վերցնելու և ընդհանրապես Ադրբեջանի վրա իշխանություն ունենալու համար: Ռուսների հովանու ներքո երբեք չի լինի հայերի պատմական հաշտեցում թուրքերի ու ադրբեջանցիների հետ, ընդհակառակը ռուսները կգործեն միայն ու միայն այդ թշնամությունը պահպանելու և ավելի խորացնելու ուղղությամբ:

Մեկնաբանություն
X