Գրի, որ Սերժ Սարգսյանն այսօր էլ չի հավակնում վարչապետի պաշտոնին

Վերջ, վաղը զանգում եմ Սերժ Սարգսյանին ու գնամ մոտը… Այսպես շարունակել այլեւս չի կարելի, սա ի՞նչ բան է, ինչքա՞ն կարելի է մարդու ասածները նենգափոխել, կոնտեքստից կտրել-հարմարեցնել սեփական քիմք ու ճաշակին: Ի վերջո, Սերժ Սարգսյանը սովորական քաղաքական գործիչ չէ, եւ բոլորովին սիրուն չէ նրան մեղադրելը, թե մի բան ասել է, բայց մեկ ուրիշ բան է ուզում անել: Կգնամ, անձամբ կխոսեմ Սերժ Սարգսյանի հետ, կհասկանամ, թե ինչ է ուզում դառնալ, եւ կգամ, կպատմեմ ձեզ: Հուսամ՝ դրանից հետո այս խառնաշփոթը կվերանա:

Ես նույնիսկ մեր խոսակցության առաջին մասն եմ ծրագրել եւ փորձել հայելու առաջ: Ահա, ես համարձակ ներս եմ մտնում երկրի թիվ մեկ աշխատասենյակ, եւ նա, ժպտալով, ընդառաջ է գալիս՝ բարեւելու համար: Բարեւում ենք պինդ: Ես թույլ չեմ տալիս, որ նա ձեռքը դնի ուսիս: Առանց խոնարհվելու կանգնում եմ դիք-դիք` պոլի փետի պես, մինչեւ նա զգա, որ խոսակցությունը լուրջ է լինելու: Սա շատ կարեւոր է, որպեսզի նա ոչ թե գրասեղանի հետեւն անցնի, այլ նստի դիմացս` խորհրդակցության սեղանի մոտ: Ես էլ հո առաջին անգամ չէ, որ նախագահական եմ գնում: Կսկսեմ համարձակ:

-Պարոն նախագահ, մի կարեւոր հարցով եմ եկել Ձեզ մոտ, եւ…

-Ինձ մոտ անկարեւոր հարցերով չեն գալիս:

-Կներեք, պարոն նախագահ, իսկապես, այն, ինչ կապված է Ձեզ հետ, միշտ կարեւոր է: Ես ուզում եմ խոսել օրվա թիվ մեկ ինտրիգի մասին, եթե թույլ կտաք:

-Իհարկե, իհարկե, ինձ էլ է հետաքրքիր, ես ինտրիգներ շատ եմ սիրում:

-Ես ընթերցողներին խոստացել եմ, որ մեր զրույցից հետո կպատմեմ իսկությունը, եւ նրանք վերջնականապես կիմանան, թե ինչ եք որոշել Դուք` դառնո՞ւմ եք վարչապետ, թե՞ չեք դառնում:

-Բայց ես արդեն խոսել եմ այդ մասին, ասել եմ, որ այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին:

-Իսկ հավելո՞ւմը: Մի այնպիսի բան եք հավելել, որ ինչքան մանկապարտեզի վարիչ, դպրոցի տնօրեն կամ բուհի ռեկտոր կա` մտածում է, որ ինքը վարչապետի լավ թեկնածու կլիներ, քանզի կադրեր են պատրաստում ապագայի համար: Հավատացեք, որ Դուք ինտրիգն ավելի եք խորացրել, քան պարզեցրել:

-Գիտես, չէ՞, դուզ խոսքն ում են ասում:

-Իհարկե, պարոն նախագահ:

-Բա էլ ինչպե՞ս ասեմ, որ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին:

-Դուք դա ասել եք դեռեւս 14 թվին, որ եթե նոր Սահմանադրությունն ընդունվի, որին դեմ եք, չեք դառնա նաեւ վարչապետ:

-Եվ ի՞նչ, մի՞թե այսօր ուրիշ բան եմ ասում: Կրկնում եմ՝ այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին:

-Այդ դեպքում ինչո՞ւ է Դավիթ Հարությունյանը, շատ ներողություն, «մուտիլովկա» անում:

-Դավի՞թը… (ծիծաղում է), ի՞նչ է ասել:

-Ես գրի եմ առել, խնդրեմ. «Եթե Դուք այդ խոսքը դիտարկում եք որպես քարի վրա դաջված, հավերժ, եւ եթե մեկ անգամ, ենթադրենք, մենք որոշում ենք կայացրել՝ գնալու այսինչ ինտեգրացիոն ճանապարհով, ու ասում ենք դրա մասին, բայց քաղաքականությունը փոխվում է, իրավիճակը փոխվում է, իսկ մենք պետք է գերի մնանք նախկին իրավիճակում ասված խոսքին, ես դրա հետ չեմ կարող համաձայնել»։ Բացի Դավիթ Հարությունյանից, էլի ասողներ են եղել, թե հիմա ի՞նչ է պատահել, մի անգամ ասել է՝ վարչապետ չեմ դառնալու, հո չի՞ «պեչատել»: Նրանք մոռանում են, որ այդ «մի բան ասողը» նախագահն է եղել: Չինովնիկի իրենց արշինով են Ձեզ չափում, պարոն նախագահ: Իրենք, որ իրենց ոչ մի խոսքը չեն կատարում, կարծում են` բոլորն են այդպիսին, այդ թվում եւ…

-Վերջացրի՞ր:

-Այո:

-Ասում ես` պիտի մեր զրույցի մասին գրե՞ս:

-Այո, իհարկե, մարդիկ կոտորվեցին գցել-բռնելով, թե ով կլինի վարչապետ: Ասենք` ինչո՞ւ միայն մարդիկ, նաեւ` ՀՀԿ-ականները: Նույնիսկ Կարեն Կարապետյանը, որ կարող է բացահայտել «ապագան», ժողովրդից թաքցնում է այն: Ի դեպ, ՀՀԿ-ականներից բացի, բոլորն արդեն ասում են, որ Դուք եք լինելու վարչապետ, որովհետեւ ունեք նաեւ դրա սահմանադրական իրավունքը:

-Իյա, իրո՞ք:

-Այո: Ես էլ, որ միշտ գրել եմ, թե դեռ պետք է սպասել, որ ամեն ինչ դեռ պարզ չէ, սկսել եմ մտածել, որ Դուք եք դառնալու վարչապետ: Նիկոլն էլ…

-Նիկոլն ի՞նչ…

-Նիկոլն էլ, որ այդպես դուխով փողոց է ելնում` չվախենալով փողոցի ընդդիմադիրներից, ինձ թվում է՝ գիտի, որ թիկունքն ամուր է:

-Ի՞նչ ես ուզում ասել դրանով:

-Ուզում եմ ասել, որ էլ սպասելու, համբերությամբ զինվելու տեղ չի մնացել այլեւս, ու եթե կա որոշում, ուրեմն պետք է ասել այդ մասին, այլապես թերթերը գրում են, որ ոչ միայն վարչապետ եք դառնալու, այլեւ Բաղրամյան 26-ն եք վարչապետանոց դարձնելու, իսկ կառավարության շենքն էլ մոտ ապագայում վաճառելու եք:

-Բայց դուք, լրագրողներդ, շատ «ֆանտազյոր» եք:

-Մե՞նք: Բա ի՞նչ անենք, երբ ապրում ենք «ֆոկուսնիկների» դարաշրջանում, որոնց ամեն մի շարժումից չգիտես ինչ կստացվի: Քիչ առաջ Դավիթ Հարությունյանի օրինակը բերեցի: Երկար պարանը մտցնում է «սեւ ցիլոյի» մեջ ու միջից նապաստակ հանում: Իսկ Դուք ասում եք` լրագրողները «ֆանտազյոր» են:

-Դե լավ, քեզ հետ հաճելի է, բայց ես գործեր ունեմ, հանդիպումներ:

-Այո, կներեք, պարոն նախագահ: Մի վերջին հարց` հիմա ի՞նչ գրեմ, դառնալո՞ւ եք վարչապետ, թե՞…

-Գրի, որ Սերժ Սարգսյանն այսօր էլ չի հավակնում վարչապետի պաշտոնին:

-Այդքան բա՞ն: Իսկ ի՞նչ հավելեմ:

-Մի փոքր ֆանտազիա` երեւակայություն, ուրիշ բան պետք չէ հավելել:

Մենք բաժանվում ենք նույն պինդ ձեռքսեղմումով: Ընդունարանում եմ: Նախագահը կամուտատորով դիմում է քարտուղարուհուն.

-Աշխեն, Դավիթ Հարությունյանին գտիր, թող երեկոյան անցնի, խոսելիք ունեմ:

Ծրագրել էի ավելի երկար զրուցել Սերժ Սարգսյանի հետ, բայց, ինչպես միշտ, տանը կատարված հաշվարկը շուկայում չի անցնում: Ամեն ինչ, սակայն, կորած չէ: Գուցե այսօր արդեն այնպիսի բաներ տեղի ունենան, որ նույնիսկ հարկ չլինի այս հարցով Բաղրամյան 26 այցելելու: Այն էլ կա, որ Դավիթ Հարությունյանի ֆոկուսին մի քիչ ֆանտազիա ավելացնելու դեպքում կարելի է մոտավոր պատկերացում կազմել այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի հավակնում վարչապետ դառնալու, բայց նրան գրեթե բոլոր կողմերից համոզում են, որ դառնա:

ՀԳ. Սերժ Սարգսյանի քարտուղարուհու անունը փոխված է:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X