Քաղաքագրություն. Զորյան՝ «Կանաչ քաղաք»

Ու հիմա ի՜նչ հոգեպարար ու ակնապարար տեսարան, ինչպես կասեին հին մատենագիրները: Հիմա ամբողջ այդ լանջերը եւ բլուրների գլուխները թարմ ծառաստաններ են, եւ երբ առաջին անգամ քաղաք մտնողը (ես կասեի՝ անգամ հին երեւանցին) կայարանից գալիս կամ հենց գնացքից նայում է այդ անտառապատ բլուրներին, նա այն պատրանքն է ունենում, թե Երեւանը հնուց գտնվել է անտառապատ բլուրների արանքում, եւ երբեք չի կարող կարծել, թե դրանք կյանք են առել ընդամենը մի 10-15 տարի առաջ, այն ժամանակվա քաղսովետի նախագահ Արամայիս Երզնկյանի ջանքերով, նրա ամենօրյա հսկողությամբ: Այո, ընդամենը 15 տարի առաջ: Այնուհետեւ անտառապատման այդ շնորհակալ գործը շարունակեցին այլ նախագահներ:

Իսկ եթե, ինչպես ծրագրվում է, անտառապատվեն մնացած լանջերը (Նորքի վերեւը գտնվող բլուրները, Տոլկի մնացած մասը եւ Ծիծեռնակաբերդը), այն ժամանակ Երեւանն ամբողջովին կշրջապատվի անտառով, նրա շուրջն այլեւս չի լինի ոչ մի մերկ, գորշ տարածություն, եւ շրջանակի գեղեցկությունը կլինի ավելի կատարյալ:

Վերջին տարիների ծնունդ են նաեւ քաղաքի բուլվարների մեծ մասը, հանգստի պարկերը եւ պուրակները, որոնք, քաղաքը գեղեցկացնելով շոգ օրերին, դառնում են հաճելի զբոսատեղիներ քաղաքացիների համար:

Խնամքով պահվող եւ հաճախվող բուլվարներից է, օրինակ, Ղուկասյանի անվան պուրակը, ուր թե՛ ծառերը եւ թե՛ ծաղիկները պահվում են մեծ խնամքով: Այդտեղ որ ժամին էլ անցնեք, առավոտից մինչեւ ուշ երեկո կտեսնեք մեծ թվով մայրեր՝ իրենց մանուկների հետ, ծերունիներ եւ շատ քաղաքացիներ: Նույնը կտեսնեք Պուշկինի անվան պուրակում, Կուլտուրայի եւ հանգստի պարկում եւ մյուսներում: Շատ փարթամ բուլվար է դարձել մանավանդ Կաուչուկի ճանապարհին, Զանգվի ափին գտնվող հանգստի այգին եւ Կոմսոմոլի զբոսայգին՝ նախկին Թոխմախանի լճի մոտ, որոնք միշտ մեծ բազմություններ են հավաքում իրենց ստվերաշատ ծառուղիները:

Բուլվարներից առանձնապես հետաքրքրական պատմություն ունի Կարմիր բանակի անվան բուլվարը: Այդտեղ մտնելիս ես միշտ հիշում եմ Երեւանի հին Ղանթարը, հռչակավոր արեւելյան Ղանթարը՝ իր գորշ ծածկով եւ փոշոտ, քարքարոտ ու պարզապես աղտոտ շրջապատով եւ կեղտաջրով լճացած առուներով, ուր բնակվում էին տենդ տարածող մոծակների բանակներ… Հիշելով այդ՝ ո՞վ կարող է այսօր չհրճվել, նրա տեղը տեսնելով բազմատեսակ ծառերով մի ընդարձակ բուլվար՝ իր գեղեցիկ վանդակավոր ցանկապատով ու գեղաքանդակ քարասյուն մուտքերով:

Այս զբոսայգիներն ու հանգստի պուրակները, որոնց թիվն արդեն անցնում է տասից, տակավին նոր են, բայց հետզհետե աճելով՝ նրանք, անշուշտ, ավելի մեծ գեղեցկություն պիտի տան քաղաքին եւ, լինելով քաղաքի առողջ թոքերը, ավելի եւս ստույգ կպահեն նրան, մանավանդ՝ ամառը, երբ երեւանցիներն այնքան կարիք ունեն զով անկյունների եւ զբոսավայրերի:

Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X