Ամեն աշխատանք պետք է վարձատրվի, այդ թվում՝ թատերագետի աշխատանքը

Էլեկտրոնային, լրատվական բազմազան կայքերի կողքին ավելացել է եւս մեկը՝ Tatron-drama.am կայքը, որի նպատակն է՝ ներկայացնել ժամանակակից եւ դասական հայ դրամատուրգիայի լայն համայնապատկերը։ Նախագծի հիմնադիրը եւ խմբագիրը Կարինե Խոդիկյանն է։ Կայքի դիզայնի հեղինակը՝ Նառա Վարդանյանը։

«Ես հասկանում եմ, որ շոուբիզնեսյան որեւէ կայքի հետ մենք չենք կարող, եւ իմ մտքով չի էլ անցնում մրցակցել, բայց սա այն տարածքն է, որտեղ անպայման կգան մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչու են գալիս եւ ինչ են փնտրում։ Կայքի նպատակն է լինելու՝ լուսաբանել թատերական կյանքը, տեսական մակարդակում թատերագիտական մտքի որոշակի դաշտ ստեղծել։ Ծրագրում ենք նաեւ վիրտուալ մատենաշար ստեղծել․ առաջինը կլինի Լեւոն Շանթը, որի բոլոր գործերը թատրոնի համար պետք է թվայնացվեն եւ բերվեն այս դաշտ»,- իր խոսքում նշում է Կարինե Խոդիկյանը։

Կայքում տեղ գտած պիեսների շտեմարանը, որի հիմնական բազան «Դրամատուրգիա» հանդեսն է, կօգնի բեմադրիչներին՝ գտնելու իրենց հետաքրքրող ստեղծագործությունը: Խոդիկյանն ընդգծում է, որ կայքում տեղ կգտնեն ոչ միայն պիեսներ, այլեւ դրանց բեմական կյանքը, թե որ պիեսը բեմական ինչ ճակատագիր է ունենում։ «Եթե մենք կարողանանք վիրտուալ տարածքում ստեղծել այն մի փոքր տարածքը, որտեղ մարդիկ գան եւ փնտրեն ոչ միայն ինչ-որ մի պիես, այլեւ պարզապես ծանոթանան, թե ինչ է կատարվում թատերական աշխարհում, կհամարենք, որ մեր առաջ դրված խնդիրը լուծված է»։

Կայքի շնորհանդեսին ներկա էր նաեւ բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը, ով, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու ներկայացումներից հետո թատերագիտական հոդվածներ, անդրադարձներ չեն լինում, անկեղծորեն իր վրդովմունքը հայտնեց․ «Մենք այսօր ունենք մեկուկես թատերագետ, նրանք գրում են միայն, թե 17-րդ դարում ինչպես են փռշտացել կամ 18-րդ դարում ինչպես են հազացել․ այսօրվա օրը նրանց չի հետաքրքրում, նրանց խոսքն էլ այսօրվա չէ, իրենց ասածն էլ ոչ մեկը չի հասկանում։ Դա մոտավորապես ինձ հիշեցնում է Քաջ Նազարի սենեկապետին»։

Իսկ հանդիպմանը ներկա թատերագետ Տիգրան Մարտիրոսյանի գնահատմամբ՝ լուրջ թատերախոսությունը մեկուկես-երկու ամսվա աշխատանք է պահանջում, որի վարձատրությունը մեր երկրի պայմաններում կազմում է ընդամենը 15 հազար դրամ։ Ըստ այդմ՝ որեւէ մեկին չես կարող ստիպել, որ 15 հազար դրամով լուրջ թատերախոսական հոդված գրի։ Նա ընդգծում է՝ բազմիցս է ահազանգել պատկան մարմիններին, որ մասնագիտական, լուրջ թատերագիտական հարթակ է պետք, եւ այս առումով նորաստեղծ կայքը կլինի այդ սպասված ծիծեռնակը։

Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը, սակայն, այլ կարծիք ունի․ նա գտնում է, որ եթե սիրում ես թատրոնը, ցանկացած դեպքում կգրես, չես սպասի վարձատրության։ Ինքը, օրինակ, երբ նստում է պիես գրելու, չի մտածում՝ դրա համար իրեն կվճարե՞ն, թե՞ ոչ, կամ ինչքան կվճարեն։ «Եթե չի վարձատրվում, հիմա ի՞նչ անենք՝ չգրե՞նք»։

Ամեն աշխատանք պետք է վարձատրվի, այդ թվում՝ թատերագետի՝ վստահ է Կարինե Խոդիկյանը, ում դիտարկմամբ՝ թատերագետն ամեն հոդվածը գրելուց հետո կարող է գտնել բարեկամ, բայց կարող է գտնել նաեւ թշնամի, հատկապես որ Երեւանը փոքր քաղաք է, եւ ամեն մարդ այդ համարձակությունն իր մեջ չի գտնում, իսկ համարձակություն ունենալու համար հարկավոր է, որ այդ աշխատանքը վճարվի։ «Կներեք, բայց ինձ հետաքրքիր չէ, թե անգլիացի կամ իտալացի ինչ-որ մեկի գործն ինչպես է բեմադրում հայ բեմադրիչը։ Այս կայքի նպատակն այլ է․ ցանկացած հայ դրամատուրգի գործ՝ լինի դասական, թե ժամանակակից, բեմադրվելուց հետո կայքը բոլոր թատերագետներին կպատվիրի հոդվածներ»,- ասում է Խոդիկյանը, ում կարծիքով՝ եթե այսօր չստեղծվի վերաբերմունք ազգայինի նկատմամբ, վաղը դա ընդհանրապես չի լինի։ Ավելին՝ այսօրվա նույնիսկ թույլ դրամատուրգիան պետք է անպայման իր բեմական կյանքն ստանա․ «Միայն այդ մթնոլորտի միջոցով վաղը կստեղծվի այն գլուխգործոցը, որի առաջ բոլորը գլուխ կխոնարհեն»։

Երվանդ Ղազանչյանը կարծում է, որ մեր ռեժիսորների աչքը մինչեւ հիմա դուրսն է՝ դեպի անգլիական, ամերիկյան պիեսներ, որոնք, նրա բնորոշմամբ, «գոտկատեղից ներքեւ են», իսկ դրանց նմանները լի են մեր թատրոններում։ Ղազանչյանը հպարտությամբ նշում է, որ իրենց թատրոնում ե՛ւ Սունդուկյան կա, ե՛ւ Պարոնյան, ե՛ւ Շիրվանզադե, ե՛ւ Օտյան․ 28 անուն ներկայացումից 16-ը հայ ժամանակակից հեղինակներ են․ «Հայ մարդն ուզում է տեսնել իրեն, իր հարեւանին, բարեկամին, ընկերոջը, սիրածին, շրջապատը, եւ պատահական չէ, որ այդ պիեսների հիման վրա ստեղծված ներկայացումները 8, 10, 15 տարի խաղացանկում են եւ մինչեւ հիմա հետաքրքրում են հանդիսատեսին։ Հայաստանում հիմա ամեն թատերաշրջանում ծնվում է մոտավորապես 50 ներկայացում, իսկ դա նշանակում է 50 բեմադրիչ, նկարիչ, կոմպոզիտոր, դերասան, բայց 5 տող չի գրվում դրա մասին։ Կգա ժամանակ, ու մարդիկ կասեն՝ այդ տարիներին թատրոն չի եղել Հայաստանում»։

Դրամատուրգ Սամվել Կոսյանն էլ նշեց, որ մեր ռեժիսորների մեծ մասը տարբեր տեղերից հայթայթում է պիեսներ, որոնք բացարձակապես մեր իրականության հետ աղերսներ չունեն, բայց բեմադրելուց հետո հպարտ հայտարարում են․ «Մենք կարողացանք այդ պիեսին ժամանակակից շունչ հաղորդել․ այ ընկեր, ժամանակակից շունչ հաղորդելու փոխարեն ժամանակակից պիես բեմադրի, որի հնարավորությունն այսօր տալիս է նաեւ «Դրամատուրգիա» ամսագիրը»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X