ՀՀ երեք նախագահներից ով ինչ կադրեր է աճեցրել

4-5 օր շարունակ հայ հանրությունը քննարկում է Սերժ Սարգսյանի հայտարարությունն իր՝ վարչապետ առաջադրվելու մասին․ «Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երեւացող ու չերեւացող ողջ փորձը փոխանցելու գործին»:

Այս արտահայտությունը դարձել է թեւավոր խոսք, վերլուծությունների թեմա։ Մարդիկ կարդում են այս տողերն ու տողատակերը, փորձում հասկանալ, թե ինչ է նշանակում «երիտասարդ քաղաքական լիդերներին երեւացող ու չերեւացող փորձը» փոխանցելու միտքը։ Ի՞նչն էր խանգարում, որ այդ փորձը փոխանցվեր բոլոր նախորդ տարիներին, եթե չի փոխանցվել՝ ինչո՞ւ, եւ ի՞նչ երաշխիք կա, որ այսուհետ դա ստացվելու է։ Չէ՞ որ այս տարիներին բազում երիտհհկ-ականներ են ասպարեզ մտել, դժգո՞հ է նրանցից Սերժ Սարգսյանը, ինչո՞ւ եւ ինչպե՞ս է անելու, որ հաջորդող երիտասարդներն ավելի լավը լինեն, քան նախորդները։

Բայց այս բոլոր հարցերին զուգահեռ այլ հարցեր ու մտքեր էլ են ծագում։ Ամեն դեպքում՝ եթե կա այդ գիտակցությունը, որ հարկավոր է երիտասարդ սերունդ պատրաստել, փոխարինողներ, ժառանգորդներ աճեցնել, դա շատ լավ է։ Որովհետեւ զարգացումը, կյանքի շարունակականությունն ապահովելու միակ ճանապարհը երիտասարդ, առողջ սերունդ կրթելն է, աշակերտներ պատրաստելը, տարիների գործդ վստահելի ու ապահով ձեռքերում թողնելը։

Իսկ արդյո՞ք մեր երեք նախագահներն այդ ուղղությամբ ժամանակին մտածել են, կարողացել են ժառանգորդներ աճեցնել ու սերնդափոխություն իրականացնել։ Եթե խոսքը նախագահի աթոռի ժառանգորդ պատրաստելու մասին է, ապա մեր երեք նախագահներն էլ այդ հարցում, կարելի է ասել, լիովին ձախողվել են․ Լեւոն Տեր-Պետրոսյանն առհասարակ հեռացավ՝ առանց ժառանգորդ նշելու, իսկ մինչ այդ Ղարաբաղից բերած իր կադրի՝ Ռոբերտ Քոչարյանի համար տարիներ անց ներում հայցեց հասարակությունից։ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման վերջին տարիներին «կամուկացի» մեջ էր, թե ում թողնի աթոռը։ Այդ շրջանում տարբեր անուններ էին հնչում, այդ թվում՝ Վարդան Օսկանյանի, սակայն նրա ընտրությունը կանգնեց անվտանգության եւ պաշտպանության երկարամյա նախարար Սերժ Սարգսյանի վրա, որին, գոնե 2003-2004 թվականներին, ոչ ոք չէր պատկերացնում ՀՀ նախագահի պաշտոնում։ Հասարակական մեծ դիմադրության պայմաններում եւ Մարտի 1-ի «գնով» աթոռը դժվարությամբ փոխանցվեց Սերժ Սարգսյանին, սակայն հետագայում նրանց միջեւ խնդիրներ առաջացան՝ սառը հարաբերություններ, տարաձայնություններ, ինչի մասին անգամ բացահայտ հայտարարություններ ու հարցազրույցներ արվեցին։ Վաղեմի ընկերների միջով «սեւ կատու» էր անցել, եւ դա նրանք չէին էլ թաքցնում։ Երբ եկավ իրավահաջորդ գտնելու իր հերթը, Սերժ Սարգսյանը նախընտրեց փոխել Սահմանադրությունը եւ ազատվել ժառանգորդ գտնելու ծանր հոգսից։

Բայց երիտասարդ սերունդ աճեցնելը միայն ժառանգորդ պատրաստելը չէ։ Տեսնենք, թե ինչ թիմ են ձեւավորել ՀՀ երեք նախագահները՝ ինչ երիտասարդ գործիչներ են ասպարեզ բերել։ Լեւոն Տեր-Պետրոսյանին այդ առումով կարելի էր ամենահաջողակն անվանել, քանզի ե՛ւ ինտելեկտուալ պոտենցիալի, ե՛ւ մասնագիտական պատրաստվածության առումով նրա թիմն ամենահաջողն էր եւ ամենանվիրվածը։ Եվ 2008-ին նրա՝ կրկին առաջադրվելու փուլում բազում նոր, երիտասարդ մարդիկ երեւացին ե՛ւ հարթակներում, ե՛ւ մարտավարություն մշակող ու իրականացնող թիմի մեջ։ ՀԱԿ կուսակցությունն էլ ժամանակին ձեւավորվեց այդ պոտենցիալի հիման վրա։ Սակայն անցավ ժամանակ, եւ լիդերի վրիպումների, գուցե շարժումը սխալ ուղղությամբ տանելու կամ սխալ մարդկանց տեղ տալու, նվիրյալներին նեղացնելու պատճառով այդ երիտասարդների մի մասը հեռացավ, մյուսները հեռանկար չտեսան։ Մնացին հատուկենտ մարդիկ, որոնք իրենց լիդերին շարունակում են երկրպագել կամ էլ գնալու տեղ չունեն։ Թիմը ցաքուցրիվ եղավ, մտածող մարդիկ հիասթափվեցին ու հեռացան երկրից կա՛մ աշխատանք գտան ու խրվեցին օրվա հոգսի մեջ, կա՛մ այլ միավորների մեջ հայտնվեցին։

Ռոբերտ Քոչարյանի՝ երիտասարդներ աճեցնելու, նոր սերունդ կրթելու հակումը բազմիցս զիջում էր Տեր-Պետրոսյանին։ Նրա հատուկենտ ռեֆերենտներն ու օգնականները հիմնականում արագ կողմնորոշվեցին եւ հայտնվեցին Սերժ Սարգսյանի թիմում կամ ասպարեզից դուրս մնացին։ Պարզվեց, որ 10 տարի նախագահի պաշտոնում աշխատած անձը ո՛չ քաղաքական հենարան ունի՝ ինչպես այսօր Սերժ Սարգսյանը, հանձինս ՀՀԿ-ի, ո՛չ իրեն անձնուրացորեն նվիրված մարդկանց խումբ՝ ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ ո՛չ էլ հասարակական հարգանք ու իր ետեւից գնալու պատրաստ բազմություն։ Թերեւս նաեւ դա է պատճառը, որ նա այդպես էլ այս տարիներին, մի քանի անգամ ունենալով լավ շանսեր, չմասնակցեց քաղաքական պրոցեսներին։ Անգամ նրա փիառով զբաղվող լրատվամիջոցներն աստիճանաբար դուրս մղվեցին ակտիվ հարթակների ցանկից եւ սմքեցին։ Ճիշտ է, որոշ պաշտոնյաներ եւ քաղաքական գործիչներ, որոնք այս տարիներին ոչ մի կերպ իրենց տեղն արեւի տակ չեն գտնում, պարբերաբար այցելում են նրան եւ չեն կտրում հույսը, որ մի օր իրենց սիրելի նախագահը, որի օրոք իրենց լավ են զգացել, կվերադառնա, բայց այդ հույսն էլ անսպառ չէ, եւ գործողությունների բացակայությունը չի նպաստում դրա վառ մնալուն։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նրա աճեցրած նոր սերունդը՝ ԱԺ-ում հայտնված երիտհանրապետականներ, որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք բացառապես նրան են պարտական իրենց առաջխաղացման հարցում, բավականին ամորֆ զանգված է։ Սեփական կարծիք չունեցող, գորշ, առանձնապես ոչնչով աչքի չընկած՝ ո՛չ մասնագիտական ասպարեզում, ո՛չ բարոյական հարթության մեջ, ո՛չ հասարակական հեղինակության առումով։ Նրանց առաջխաղացման գրեթե միակ գրավականը Սերժ Սարգսյանի բարեհաճությունն է եւ ճիշտ պահին, ճիշտ տեղում հայտնվելը։ Այս զանգվածը, իհարկե, առայժմ անվերապահորեն ընդունում է իրեն նշանակողի հեղինակությունը, բայց դա այնքան ժամանակ, քանի դեռ նա «ձիու վրա» է։ Երբ վայր ընկնի, նրանցից քչերը կմնան կողքին, եթե, իհարկե, առհասարակ կմնան։ Եվ ամենակարեւորը․ Սերժ Սարգսյանի աճեցրած երիտասարդների գլխավոր որակը քծնանքի եւ շողոքորթության մեջ ռեկորդներ խփելու ունակությունն է։ ՀՀ երկու նախկին նախագահները եւս զերծ չեն եղել քծնանքի հանդեպ սիրուց, բայց Սերժ Սարգսյանի երիտկադրերն այս առումով անհասանելի են ու անմրցելի։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X