Ինչպե՞ս եղավ

Մի քանի անգամ եմ գրել՝ ղարաբաղյան պատերազմի ամենահեղինակավոր կերպարն ինձ համար Աշխարհազորայինն է: Խաղաղ աշխատանքի Մարդը, որ հանգամանքների բերումով ստիպված էր զենք վերցնել՝ պաշտպանելու իր տունը, գյուղը: Ծնողին: Կնոջը: Երեխային: Զինադադարից հետո մի երկու-երեք տարի նրանք դեռ ծառայում էին՝ միչեւ զորակոչը կկարգավորվեր: Բանակային թերթի խմբագիր էի, դիրքեր գործուղման էի: Հայտնի հրամանատարներից մեկի զորամասի հսկիչ-անցագրային կետում ծանր վեճ էի ունեցել. Մեզ թույլ չէին տալիս մտնել տարածք, որովհետեւ Ինքը տեղում չէր, իսկ կապվել-հարցնել չէին համարձակվում: Նախկին կամավորականների զորամաս էր՝ Մատաղիսում: Ինքը Մեծշենում էր նստավայր ընտրել:

Մի խոսքով, բանակային թերթի խմբագրիս, որ զինվորական երթադաշտային հագուստով էի, սպայի վկայականով, Մատաղիսի ջրամբարի անցակետից զորամասի տարածք բաց չթողեցին, լուսանկարչին արգելեցին գոնե մի-երկու կադր անել: Չարացած վերադառնում էինք: Մեկ էլ հիշեցի, որ մեր գյուղի տղաները Սեյսուլանի ուղղության դիրքերում են: Մարտակերտից ուղեկցող վերցրինք: Կեսօրից անց տեղ հասանք: Խրամատներն անցնում էին գերեզմանոցով: Այն ժամանակ անհամեմատ հանգիստ էր, գրեթե չէին կրակում: Եւ տղաներն իրենց համար գործ էին գտել՝ մաքրում, կարգի էին բերում ավերված գյուղի գերեզմանոցի իրենց հատվածը, ուղղում շիրմաքարերը: Նրանք գյուղացի մարդիկ էին՝ հողագործ, պատշար, հյուսն, վարորդ: Բոլորով՝ հայ մարդ, որ Սեյսուլանի գերեզմանոցը կարգի բերելով՝ մի տեսակ ասես պատերազմի հետքերն էին ուզում ջնջել: Իրենց վերադարձնում էին նախկին կյանքին՝ խաղաղությանը: Նոր փնտրեցի՝ չգտա այդ օրվա լուսանկարները, բայց պատկերն աչքիս առջեւ է՝ ավտոմատները կողք-կողքի շարած՝ իրենք լծված են մի շիրմաքար կանգնեցնելու գործին, իսկ հակառակորդի խրամատը հազիվ երկու-երեք հարյուր մետրի վրա է, ինչ-որ մեկն այնտեղից գլուխը բարձրացրել՝ երեւի թե ծիծաղում է մեր տղաների չարչարանքի վրա: Կամ, գուցե, պատկերն այնքան է տպավորիչ, որ անվտանգության բոլոր կանոնները մոռացած՝ հակառակորդի զինվորը ձգվել-զարմացած նայու՞մ է:

Չգիտեմ, բայց գեղեցիկ օր էր՝ տաք աշուն: Տղաները մեզ խաղող հյուրասիրեցին, լքված այգիները մի քանի տարի դեռ բերք էին տալիս: Մինչեւ բանակաշինության կարիքների համար հենասյուները կպոկեին, վազերը կկտրտեին եւ ազատված տեղերում բարձր հրամանատարությունը ցորեն կցաներ: Մինչեւ, ինչպես մեկն է դիպում շրջափոխել, բանակային մարտավարությունը կվերաձեւակերպվեր արտավարության... Հետո նրանք զորացրվեցին, վերադարձան իրենց տներն ու պատերազմից հիշատակ մնացին դաշտի գյուղերից բերած արքայախնձորի, նռան, թզենու տնկիները, որ հիմա մեծ ծառեր են, բերք են տալիս: Աշխարհազորն արեց իր գործը, զորացրվեց եւ նրանց հիմա հիշում են առիթից առիթ՝ մայիսյան տոներին կամ երբ պետք է վետերանների միության նախագահ ընտրվի՝ ժողովի են կանչում: Այդքան բան՝ ինչպես ասում են: Աշխարհազորը մոռացվեց, եկավ դաշտային հրամանատարների պանծացման, ֆետիշացման ժամանակը: Եւ նրանք, ում պատերազմի հերոս հռչակեցին, չհիշեցին, որ ուսադիրների վրա աստղերի մեծությամբ եւ դասավորությամբ, կրծքի շքանշանով եւ արտավարությունից եկամուտներով պարտական են սեւ գործի աշխարհազորայիններին: Ով «Մարտական խաչ» ստացավ՝ իրեն զորահրամանատար կարծեց:

Ում հեռուստատեսության օպերատորը պատերազմի դաշտից երկու-երեք կիլոմետր հեռու՝ թիկունքային գետնատնակում կամ հրամկետի մոտ նկարել էր՝ նրանց դասեցին հերոսների շարքը: Եւ վարձկան գրիչներ հայտնվեցին, որ «հեկտարներով» պատմություններ թխեցին, տարածեցին: Եւ «գուսանները» երգեր հորինեցին: Ինչպե՞ս եղավ, որ աշխարհազորը մոռացվեց: Եւ երեք տարվա պատերազմից մնաց մի քանի անուն միայն՝ խստագույն աստիճանահարգության կարգով՝ վերեւից ներքեւ: Ո՞վ ստեղծեց այդ միֆը, որի ձեռքին այսօր կրակն են ընկել. ում ձեռք են տալիս՝ «ազգի հերոս» է: Իսկ ի՞նչ ասեն հազարավոր աշխարհազորայինները: Նրանք լռում են...

Մեկնաբանություն
X