Թուրքիան Ադրբեջանում դեսպան չի՞ ունեցել

Բաքվում պատրաստվում են նշել Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հռչակման 100-ամյակը: Ի՞նչ էր իրենից ներկայացնում այդ «անկախ պետությունը»: Հարցին պատասխանելու համար հարկ ենք համարում անդրադառնալ Կոնստանդնուպոլսում ԱԴՀ արտակարգ դեսպանորդ, լիազոր նախարար նշանակված Ալիմարդան-բեկ Թոփչիբաշեւի հուշերին:

Դրանցում խիստ ուշագրավ փաստեր կան, որ կարող են ավելի լուրջ ուսումնասիրության նյութ դառնալ, ինչը մեր հնարավորություններից վեր ենք համարում: Տվյալ դեպքում մեր ուշադրությունը գրավեց Թոփչիբաշեւի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի օգնականի հանդիպման սղագրությունը: Հանդիումը տեղի է ունեցել 1918թ. նոյեմբերի 4-ին: Նյութը Մուդրոսի զինադադարն է, Թուրքիայի ստանձնած պարտավորությունները, մասնավորապես Անդրկովկասից զորքերը հեռացնելու մասով: Թոփչիբաշեւը մտահոգություն է հայտնում, որ դրանով Ադրբեջանի համար ստեղծվում է չափազանց անցանկալի դրություն, ինչին ԱԳ նախարարի օգնականը դրական է պատասխանում, բայց եւ ավելացնում, որ ոչինչ անել չեն կարող, պայմաններ թելադրում է Անտանտը՝ որպես պատերազմում հաղթող կողմ: Քննարկվում է Ադրբեջանի ինքնուրույնության ճանաչման հնարավորությունը, եւ Թոփչիբաշեւն ասում է, որ դրանում մեծ է Թուրքիայի դերը, բայց եւ ափսոսում է, որ Թուրքիան դիվանագիտական ներկայացուցիչ ունի Վրաստանում եւ Հայաստանում, իսկ Ադրբեջանում՝ ոչ:

Նա ԱԳ նախարարի օգնականին է փոխանցում ԱԴՀ կառավարության այդ խնդրին վերաբերող նոտան եւ խնդրում, որ արագացվի Ադրբեջանում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչի նշանակումը: Զրուցակիցը խոստանում է հարցը զեկուցել նախարարին: Սա չափազանց էական հանգամանք է: Թուրքիան Անդրկովկասի երեք պետությունների անկախությունը ճանաչել է Բաթումի պայմանագրով՝ 1918թ. հունիսի 4-ին: Բայց, ինչպես Թոփչիբաշեւն է վկայում, նույն տարվա նոյեմբերի 4-ի դրությամբ Թուրքիան Ադրբեջանում դեսպան չի ունեցել, թեեւ դիվանագիտական ներկայացուցչություններ էր բացել Վրաստանում եւ Ադրբեջանում: Ըստ երեւույթին, թուրքական կառավարությունը լուրջ չի ընդունել Ադրբեջանի անկախությունը, մտադիր է եղել պատերազմում հաղթանակի դեպքում այն միավորել:

Դրանով կարելի է բացատրել Ադրբեջանում դիվանագիտական ներկայացուցչություն չստեղծելը: Իսկ դա իր հերթին խոսում է այն մասին, որ ԱԴՀ-ն փաստացի եւ իրավական առումով ինքնուրույնություն չի ունեցել, չի հանդիսացել պետական կազմավորում: Նրա անվտանգությունն ապահովել են Թուրքիայի զինված ուժերը, իսկ փաստացի կառավարումն իրականացրել է այդ էքսպեդիցիոն կորպուսի հրամանատար Նուրի փաշան: Ահա թե ինչ <<պետության>> հոբելյան են պատրաստվում նշել Բաքվում:

Մեկնաբանություն
X