Լրագրային շանսոն. Քաղաքականության ծանծաղուտներում

Ո՞վ է ասում, որ Հայաստանում արդարադատություն չկա: Տեսեք հապա` մեր նախկին արդարադատության նախարարներից մեկը այսօր զբաղեցնում է արդարադատության նախարարի, մյուսը` ԱԺ փոխխոսնակի, իսկ երրորդը` Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը: Ո՞ր երկրում այսքան բան` արդարադատություն կա:

***

Հրայր Թովմասյանից իմացանք, որ ՀՀ վարչապետի ընտրությունը բաց քվեարկությամբ անցկացնելու սահմանադրական կարգավորման հիմքում դրվել է գերմանական դոկտրինը: Բայց որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ նույն Հրայր Թովմասյանից իմացանք նաև, որ այդ գերմանական դոկտրինը գերմանացիները մտածել են բացառապես ուրիշների համար, իսկ իրենք կանցլեր են ընտրում փակ քվեարկությամբ:

***

ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը հետաքրքրվել է՝ հիմա որ Նիկոլ Փաշինյանը մարդկանց տանի հրապարակ, ու Սերժ Սարգսյանը հրաժարվի վարչապետ դառնալու մտքից, ի՞նչ է լինելու. ՀՀԿ-ական ԱԺ-ն «Ելքի՞ց» է վարչապետի թեկնածու առաջադրելու: Ասենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ, հակառակի պես, դեմ է բռնություններին:

***

Նոր հայկական ասույթը խրատում է՝ վատն է այն նախագահը, որ չի ցանկանում վարչապետ դառնալ:

***

Լրագրողները, միմյանց հետ խոսելիս, վարչապետին փաղաքշաբար «վրչո» էին ասում: Հետաքրքիր է՝ նոր սահմանադրությամբ ուժեղացած վարչապետին ինչ կասեն:

***

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մարտի 24-ի կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ: Հիշելով «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» բնակլիմայական առածը՝ «քոմենթենք» Սուրենյանին. «Քամի անողները քիչ էին, հիմա էլ Դո՞ւք եք քամի անում»:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X