Թուրքիան հրաժարվու՞մ է C- 400-ից

Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Միացյալ Նահանգները Թուրքիային առաջարկել են ձեռք բերել Patriot զենիթահրթիռային համակարգ: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյն ասել է, թե նման տեղեկություն պաշտոնապես Անկարային չի հասցվել: Ինչպես հայտնի է, մարտի 18-ին նախատեսված էր Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այցը Վաշինգտոն, սակայն կապված ԱՄՆ-ում պետքարտուղարի փոփոխության հետ այն տեղի կունենա ավելի ուշ:

Այդուհանդերձ, սպասվում է, որ եկող շաբաթ Անկարա կայցելի պետդեպարտամենտի բարձրաստիճան մի պաշտոնյա, որին կհետեւի Թուրքիայի ԱԳՆ հատուկ բանագնաց Ումիտ Յալչինի ուղեւորությունը Վաշինգտոն: Ըստ երեւույթին, Թուրքիայի եւ ԱՄՆ միջեւ ակտիվ քննարկումներ են ընթանում վերջին շրջանի որոշակի լարվածությունից հետո: Այս ֆոնին սպասվում է, որ ապրիլի սկզբին Թուրքիա կուղեւորվի Ռուսաստանի նախագահ Պուտինը: Ճիշտ է, ֆորմալ առումով նա Ստամբուլում կմասնակցի Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթաժողովին, բայց անշուշտ կանցկացնի նաեւ երկկողմ քննարկումներ: «Մոսկվա-Անկարա» փորձագիտական խմբի թուրքական կողմից համակարգող Էնգին Օզերը կարծիք է հայտնել, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Պուտինի ցուցադրած նոր սպառազինությունները Թուրքիայում շոկային ազդեցություն են թողել:

Օզերի կարծիքով՝ Թուրքիան Ռուսաստանից C-400 համակարգ ձեռք է բերում, որպեսզի պաշտպանված լինի հրթիռային հարձակումներից: «Ռուսաստանի գերժամանակակից հրթիռների ցուցադրումը իմաստազրկում է C-400-ի գնումը,- ասել է Օզերը եւ հիմնավորել,- եթե այդ համակարգը չի պաշտպանելու Թուրքիային նույն ռուսական հրթիռներից, ապա ի՞նչ իմաստ ունի այդքան ծախսատար գործարք իրականացնել»: Խնդիրը տեխնիկակա՞ն է, թե, այնուամենայնիվ, քաղաքակա՞ն: Բանն այն է, որ Թուրքիային ռուսական հիպերձայնային հրթիռներից չի պաշտպանելու նաեւ ամերիկյան Patriot-ը, որի ձեռքբերման շուրջ Անկարան բանակցություններ է վարում վերջին տասը տարիներին: Ավելի հավանական է թվում, որ Թուրքիան պարզապես տեղի է տվել ամերիկյան առաջարկություններին եւ մտադիր է հրաժարվել ռուսական C-400-ից: Տեղեկություններ կան, որ Ռուսաստանը Սիրիայում տեղաբաշխել է C -600 նորագույն համակարգեր: Իսկ գուցե Թուրքիան մտադիր է ձեռք բերել դրանի՞ց:

Մեկնաբանություն
X