Բարոյական ճգնաժամ

ՀՀ իշխանությունները, Ժիրայր Սեֆիլյանին 10.5 տարվա անազատության դատապարտելով, մեղմ ասած, իրենք իրենց «գլխին սարքեցին», ոչ թե Ժիրայր Սեֆիլյանի ու նրա կողմնակիցների: Ըստ էության, նրանք ուղիղ տեղում «քաղբանտարկյալ» վաստակեցին` չկարողանալով ո՛չ սեփական հանրությանը եւ ո՛չ էլ օտար «դիտորդներին» համոզել, որ Ժիրայր Սեֆիլյանն իրենից մեծագույն վտանգ ու սպառնալիք է ներկայացրել պետության ու նրա քաղաքացիների համար: Դատավճռում անառողջ բան կա, եւ դա զգում են բոլորը` սկսած հասարակ քաղաքացուց, վերջացրած դատավորներով ու դատախազներով: Ոչ մի քաղաքական ուժ այդ պատիժն իրավաչափ չի համարել, եւ դա արդեն լուրջ հիմք է տեղի ունեցածի մեջ քաղաքական շարժառիթներ փնտրելու համար: Քաղաքական գործիչները, քանի դեռ դատավարություն է ընթանում, սովորաբար, հայտարարում են, որ իրենց կարծիքը կհայտնեն դատավճռից հետո: Սեֆիլյանի նկատմամբ դատավճռի հրապարակումից հետո հնչել են բացառապես դատավճիռը մերկացնող եւ «քաղաքականացնող» հայտարարություններ, որոնց հեղինակները նաեւ պնդում են, որ Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալ է, այսինքն՝ մարդ, որ իր քաղաքական հայացքների պատճառով է զրկվել ազատությունից: Նույնն է կատարվում նաեւ սոցցանցերում, նույնն են ասում նաեւ ԶԼՄ-ները` բացառությամբ իշխանական լրատվամիջոցների եւ հեռուստատեսության: Մենք այսօր չունենք միջազգային իրավապաշտպան կառույցների գնահատականը: Գուցե դեռ կլինի դա, եւ խնդիրը, ինչպես ասում են, կլուծվի հօգուտ օտարների, որնք կարձանագրեն Հայաստանում քաղբանտարկյալ լինելու այս «փաստը»` «թող լինի, մի օր պետք կգա Հայաստանի դեմ օգտագործելու համար» տրամաբանությամբ:

Մյուս կողմից էլ՝ անառողջ բան կա սոցցանցերում եւ ազատ լրատվամիջոցներում անընդհատ տարփողվող այն հայտարարությունների մեջ, որոնց հեղինակները պնդում են, որ Սամվել Բաբայանը, Ժիրայր Սեֆիլյանը, «Սասնա ծռերը» քաղաքական հետապնդումների արդյունքում են հայտնվել ճաղերի հետեւում: Տպավորություն ունեմ, որ մարդկանց որոշակի խմբեր փորձում են իրենց այդ հայտարարություններով ավելի Սամո, ավելի Ժիրո կամ ավելի «ծուռ» երեւալ: Լսե՞լ եք, որ անձամբ Սամվել Բաբայանը գոնե մեկ անգամ հայտարարած լինի, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Բա եթե չեք լսել, ինչպե՞ս եք հայտարարում, որ նա քաղբանտարկյալ է: Դո՞ւք եք որոշում` մարդը քաղբանտարկյա՞լ է, թե՞ քաղբանտարկյալ չէ: Սամվել Բաբայանին այդ «պաշտոնը» կպցնողն ՕՐՕ ամենաապաքաղաքական դաշինքն է եղել, եթե չեմ սխալվում: Այսօր Ժիրայր Սեֆիլյանին եւ «Սասնա ծռեր»-ին քաղբանտարկյալի պիտակ է կպցնում իրեն Հայաստանի փրկիչ հռչակած ինչ-որ խումբ, որի համակարգողն իր ֆեյսբուքյան գրառումներով ամենակեղտոտ լուտանքներն է թափում Հայաստան պետության ու հայաստանյան հանրության գլխին: Ես չգիտեմ, թե սրա գրածների քանի տոկոսի հետ են համաձայն Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերը», բայց վստահ եմ, որ այդ մարդն առնվազն քաղաքականապես դատարկ է, եթե իր քաղաքական կուրսը մշակում է միայն ճաղերի հետեւում հայտնված մարդկանց անունները շահարկելով: Հավատացեք` իրեն իր երկրի տեր զգացող մարդը, իսկ Սամվել Բաբայանի, Ժիրայր Սեֆիլյանի, «Սասնա ծռերի» պարագայում մենք իսկապես գործ ունենք այդպիսի մարդկանց հետ, սեփական անձը երբեք չի օգտագործի իր երկրի վրա օտարների լեզուն երկարացնելու համար: Սա նույնքան ճշմարիտ է, որքան ջուրն է պարզ, եւ, իմ կարծիքով, նրանց անվան շուրջ սկսված այս խելագար պարը ոչ թե օգնում է մեզ թոթափելու այս բարոյական ճգնաժամը, այլ խեղաթյուրում մեր պատմության ամենավառ էջերից մեկը` Արցախյան ազատագրության հիրավի համաժողովրդական ոդիսականը:

Սխալներ ունեցել ենք բոլորս: Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան… այսպես թվարկեք մեծ դերակատարություն ունեցած բոլոր հայերի անունները, ու կպարզվի, որ ամեն մեկն իր տեղում եւ իր չափով սխալվել է Հայաստանին ու Արցախին վերաբերող որեւէ հարցում` լինի դա առաջին գծում, թե տնտեսության ոլորտում: Այսօր մենք ունենք այն, ինչ պետք է ունենայինք նաեւ այդ սխալների հետեւանքով, այն, ինչ հասցրել ենք սովորել նաեւ այդ սխալների վրա: Դա եղել է գործընթաց, որ հաճախ մի բառով անվանում են նաեւ պետականաշինություն: Մեզ լավ թե վատ հաջողվել է այդ գործընթացում խուսափել մի այնպիսի վտանգավոր գայթակղությունից, ինչպիսին նախորդներին հետապնդելն ու հալածելն է: Մենք, հավանաբար, գիտակցել ենք, այսպես կոչված, «ռեւիզիոնիզմի» հնարավոր կործանարար հետեւանքները մի այնպիսի գործում, ինչպիսին պետականաշինությունն է: Եվ դա է եղել հիմնական պատճառներից մեկը, որ կարողացել ենք 30 տարի շարունակ աչքի լույսի պես պահել մեր անկախությունը:

Սամվել Բաբայան, Ժիրայր Սեֆիլյան, «Սասնա ծռեր»` ո՞վ կարող է պնդել, որ նրանք չեն սխալվել եւ կամ, ընդհակառակը, ավելի շատ են սխալվել, քան երեկ ու այսօր իշխանության լծակների մոտ կանգնածները, նրանց երգի տակ պարող գրեթե ողջ չինովնիկությունը, որ բանտում չէ զուտ իրերի ու ժամանակների բերումով: Հետեւաբար, մենք ի՞նչ ենք անում` Սամվել Բաբայանին, Ժիրայր Սեֆիլյանին, «Սասնա ծռեր»-ին ճոխ-ճոխ բանտարկելով: Եթե ոմանց թվում է, թե դրանով տեսակ են ոչնչացնում, ապա առաջին հերթին այդպես մտածողների տեսակը պետք է ոչնչացնել, որը զենք տեսնելիս ինսուլտ է ստանում, հարայը գցում իրավապաշտպաններին, թե՝ հասեք, ինձ բանակ են տանում: Հուսամ` մենք այնքան չենք փչացել, որ չկարողանանք հաղթահարել այս ճգնաժամն այլ ճանապարհով ու այլ մեթոդներով, քան մեր ազատամարտի եւ պետականության հիմնարկեքի գործում դերակատարություն ունեցած մարդկանց բանտում փտեցնելն է: Դրա համար մեզնից շնորհակալ կլինեն միայն նրանք, ում մտքով երբեւէ անցել է հայի վրա ձեռք բարձրացնել, նրանք, ովքեր շարունակ որոճում են հայից հայրենիք խլելու իրենց վաղեմի մտագարությունը: Չմոռանանք նաեւ սա:

Անսխալականության մասին մի դիտարկումով էլ ավարտեմ ասելիքս: Ովքեր պնդում են, թե Բաբայանը, Սեֆիլյանը կամ «Սասնա ծռերը» քաղբանտարկյալներ են, չեն գիտակցում, որ այդկերպ ոչ թե վսեմացնում են թվարկվածներին, այլ փոքրացնում, հավասարեցնում ադրբեջանական բանտեր նետված ակտիվիստներին: Սամվել Բաբայանը, Ժիրայր Սեֆիլյանը կամ «Սասնա ծռերն» իրենց փառքն ու պատիվն օտար գրանտներով չեն վաստակել եւ այսօր էլ կարիք չունեն, որ ինչ-որ մեկը գրանտ կպցնի ու քաղբանտարկյալ հռչակի հայրենիքի պաշտպաններին: Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի փրկիչների շարժում սկսելու կոչը Ժիրայր Սեֆիլյանն է արել: Բայց այնպես է ստացվել, որ շտապել են այդ կոչին հետեւել եւ Հայաստանի «փրկիչ» դառնալ հիմնականում այնպիսի մարդիկ, ովքեր իրենց կյանքում դեռ ոչինչ չեն փրկել ու բավարարվել են միայն դրսից նետված կասկածելի փողերով:

ՀԳ. Կարծում եմ, որ Սամվել Բաբայանի, Ժիրայր Սեֆիլյանի կամ «Սասնա ծռերի» հետ խոսելու համար մեզ հատուկ «Մինսկի խումբ» պետք չէ, ոչ էլ նույնիսկ դատախազ ու դատավոր է պետք: Եկեք հանձնարարենք մեր նորընտիր նախագահին` երդմնակալությունից առաջ հանդիպել նաեւ այդ մարդկանց եւ խոսել նրանց հետ: Վստահեցնում եմ` շատ բան կփոխվի դրանից հետո: Եվ առաջին հերթին` հանրության մեջ:

Մեկնաբանություն
X