Իսկ դա պատմությու՞ն է

«Առավոտի» խմբագրականում մտահոգություն կա, որ պատմության դասագրքից հանե՞լ, թե՞ հանում են Ժիրայր Սեֆիլյանի անունը: «Հերոսները, ինչպես եւ մենք, սովորական մարդիկ են, ունեն եւ արժանիքներ, եւ թերություններ: Ինչու՞ պարզապես չգրել պատմության դասագրքերում, որ նրանք պատերազմի ժամանակ գործել են այսինչ սխրանքները, իսկ պատերազմից հետո կատարել այսինչ ոչ միանշանակ արարքները»:

Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա պատմության դասագրքերում պետք է ծավալուն կենսագրական ակնարկներ լինեն բոլոր նրանց, այդ թվում՝ ապարանցի Պավլիկի, մասին, որոնք քիչ թե շատ աչքի են ընկել պատերազմում: Ինքնապաշտպանության եւ կամավորական ուժերում գումարտակի , առանձին ջոկատի քանի՞ հրամանատար է կռվել: Նրանցից մեկն էլ՝ Ժիրայր Սեֆիլյանը: Իսկ եթե Սամվել Բաբայանի մասին պիտի գրվի, ապա ինչու՞ չգրվի գեներալ Իվանյանի կամ Զինեւիչի մասին: Արկադի Տեր-Թադեւոսյանի մասին; ֆելիքս Գզողյանի մասին: Սեյրան Օհանյանի մասին: Սամվել Կարապետյանի մասին: Վաչագան Իշխանյանի մասին: Վիտալի Բալասանյանի մասին: Արթուր Աղաբեկյանի մասին: Նորիկ Դանիելյանի մասին...

Խնդիրն այն է, որ պատերազմը, նույնիսկ՝ Շարժումը, անկախության հռչակումը, ինչը որ տեղի է ունեցել երեսուն տարում՝ անցյալ է, բայց դեռեւս՝ ոչ պատմություն: Շտապելու, դասագրքեր, մենագրություններ, բուհական ձեռնարկներ հեղինակելու եւ թեժաթուխ՝ հրատարակելու անհրաժեշտություն չկա: Պատմությունը պետք է գրվի այն ժամանակ, երբ լուծված կլինի ԼՂ հարցը, խաղաղությունը՝ հաստատված: Այսօր անցյալը մեր կյանքի մի մասն է, դեռեւս, կոպիտ ասած, «չի մեռել», ապրում է: Նրան խցկել պատմության դասագիրք, նույնն է, թե ինքներս մեզ ժամանակից շուտ թոշակի ուղարկենք: Իսկ եթե մտահոգություն կա, որ աշակերտները եւ ուսանողությունը կմնան անիրազեկ, ապա կյանքն ամեն օր, ամեն ժամ նրանց պատմում է անցյալից, ներկան էլ իրենք են տեսնում: Եւ հաճախ պատմության դասագրքերում նրանք կարդում են բոլորովին այլ բաներ, քան գիտեն կյանքից, տեսնում են կյանքում: Նման դասագիրքն վելի լավ է չգրվի:

Մեկնաբանություն
X