Քաղաքականություն

Փոխդեկանը ակտիվ ուսանողներին պարբերաբար հորդորել է դադարեցնել գործունեությունը

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան Էդգար Քալանթարյանը մարտի 20-ին կանգնել է Պալեանների դահլիճի դռների դիմաց և թույլ չի տվել, որպեսզի ուսանողները մասնակցեն «Բարձրագույն կրթության մասին» օրենքի քննարկմանը։ Նշվում է նաև, որ Քալանթարյանը տարբեր առիթներով իր մոտ է հրավիրել քաղաքացիական ակտիվություն դրսևորող ուսանողներին՝ հորդորելով դադարեցնել բոլոր տեսակի գործողությունները։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է․ «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամներից երկուսը՝ Յուրա Մովսեսյանը և Անի Վարդանյանը, անձնական զրույցի նպատակով հրավիրվել են դեկատանատ և նույն անձի կողմից ստացել են «բարի խորհրդի» վարագույրի տակ թաքնված զգուշացում, որ այդպիսի գործերով (նկատի ունենք «ԵՊՀՌեստարտ» նախաձեռնության շրջանակներում ծավալած գործունեությունը) պետք չէ զբաղվել, քանի որ դա կարող է բերել վատ հետևանքների»։

Ուսանողների կարծիքով փոխդեկանի այս վարքագիծն արդյունք է հստակ ուղղորդման, այսինքն՝ ԵՊՀ ղեկավարությունն է հրահանգել նրան արհեստական արգելքներ ստեղծել ակտիվ ու պայքարող ուսանողների համար։

Կատարվածի վերաբերյալ «Հրապարակ»-ը կապ հաստատեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան Էդգար Քալանթարյանի հետ՝ փորձելով ճշտել նրա վարքագծի շարժառիթներն ու պատճառները։ Փոխդեկանը հերքեց բոլոր մեղադրանքները՝ նշելով․ «Դա կեղծ ինֆորմացիա է, նման բան չի եղել, և ես ոչինչ դրա մասին չեմ կարող ասել, ես չեմ էլ իմացել, հետո եմ իմացել, որ նման բան կա (նկատի ունի Պալեանների դահլիճում կազմակերպված քննարկումը)»։ Նա հերքեց նաև ուսանողների այն հայտարարությունը, թե երկու ուսանողների կանչել է իր աշխատասենյակ և հորդորել դադարեցնել ակտիվ գործունեությունը։

Սակայն փոխդեկանի պնդումներն ու հավաստիացումները որևէ կերպ չեն համապատասխանում ուսանողների պատմածների հետ։

Մեզ հետ զրույցում ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Նվեր Կոստանյանը ասաց, որ իր համակուրսեցիներին Քալանթարյանը թույլ չի տվել մտնել Պալեանների դահլիճ՝ նշելով, որ դասը ավելի կարևոր է, քան այդ քննարկումը։

Նույն ֆակուլտետի ուսանողուհի Անի Վարդանյանը պատմեց, որ իր և պարոն Քալանթարյանի միջև մոտ 2 շաբաթ առաջ զրույց է տեղի ունեցել, որի ընթացքում փոխդեկանը խոսել է ուսանողուհու ակտիվությունից։ Մասնավորապես, փոխդեկանը նշել է, որ Անիի ծավալած գործունեությունը կարող է հետագայում ազդել իր ապագայի վրա: «Որպես մի քանի մայկա ավել հագած ավագ ընկեր՝ փորձեց ինձ «խորհուդներ» տալ: Նշեց, որ խնդիրները կարող եմ իր մոտ բարձրաձայնել: Ի պատասխան դրան, ես նշեցի, որ անմիջական պատասխանատուն ինքը չէ, և իմաստ չեմ գտնում խնդիրներից իր մոտ խոսել: Նշեմ, որ մինչ իր հետ հանդիպումը, ինձ հետ կապվել էր հեռախոսով։ Մեկ անգամ էլ էր փորձել ինձ հետ կապվել, անհասանելի էի եղել, անհանգստացրել էր ծնողներիս: Չեմ կարող ասել՝ հատուկ է զանգահարել, թե ոչ, բայց փաստացի զանգահարել էր»,- պատմեց ուսանողուհին:

Ի դեպ, Անի Վարդանյանը միակը չէ, ում հետ փոխդեկանը հանդիպել է։ Համանման դեպք արձանագրվել է նաև Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Յուրի Մովսեսյանի հետ։

Մեզ հետ զրույցում Յուրին հաստատեց, որ ֆակուլտետի ղեկավարները մի քանի անգամ իր քաղաքացիական ակտիվ գործունեության վերաբերյալ բացատրական զրույցներ են ունեցել իր հետ․«Նախ ասեմ՝ ՀԳԶ-ի (Հանուն գիտության զարգացման) ցույցերի ժամանակ էլ ա կանչել: Մտել եմ դեկանի մոտ,ասել ա սխալ եք անում, ադրբեջանցիները ուրախանում են, որ Ձեզ տենում են, դասապրոցեսը խանգարում եք, ես էլ անընդհատ տանում էի դեպի կոնստրուկտիվ դաշտ, բայց անհնար էր, տենց դուրս եմ եկել ու էլի շարունակել մասնակցել ցույցերին: Էս վերջերս զուգարանի նկարների համար են կանչել, ավելի կոշտ զգուշացրել, ասեցին ջնջի նկարները, վիճելուց հետո ջնջեցի, բայց ասեցի՝ եթե չլուծվեց, էլի եմ գցելու: Անընդհատ ասում էր՝ ամոթ ա, Համալսարանը ձեր տունն ա, ձեր տան մասին է՞լ ես գրում ՖԲ-ում»։

Մեկնաբանություն
X