Հարց Պետավտոտեսչությանը

Դեպքը տարիներ առաջ պատահել է անձամբ ինձ հետ, իսկ վերջերս էլ ծանոթիս ավտոմեքենան էր հայտնվել տեսախցիկի ուշադրության կենտրոնում: Նույն «խախտումն» էինք կատարել` կայանելով ոչ թե երթևեկությանը զուգահեռ, այլ` ուղղահայաց: Ես մի կողմ եմ դնում տարածքում Կանգառն արգելվում է նշանի բացակայությունը, մի կողմ եմ դնում նաև կայանելու համար նախատեսված «գրպանիկները», որոնք թույլ են տալիս կայանել առաջամասով դեպի մայթը և չխանգարել երթևեկությանը, նույնիսկ մի կողմ եմ դնում կարմիր գծեր ունեցող այն կայանատեղիների գոյության փաստը, որոնք թույլ են տալիս մայթեզրին կայանել երթևեկությանը ուղղահայաց: Ինձ միանգամայն այլ բան է հետաքրքրում:

Պատասխանեք, խնդրում եմ, կարո՞ղ էր, արդյոք, ամենաժամանակակից տեսախցիկը, որ ունի հայրենի ոստիկանությունը, Մոնումենտից նկարել Ամիրյան փողոցում սխալ կայանված իմ ավտոմեքենան:

Եվ` երկրորդ. ծանոթիս ավտոմեքենան նկարել են Տիգրան Մեծի պողոտայի վրա` «Երևան սիթիի» դռների մոտ կայանած` առաջամասով դեպի մայթը և հարևանությամբ այդպես կայանած տասնյակ ավտոմեքենաների: Համարենք, որ «Երևան սիթիի» դռների մոտ չի կարելի կանգնել, թեև այնտեղ համապատասխան «խորացում» կա մայթի մեջ և նույնիսկ «ստայանչիկ», որ ասում է. «Արի, արի, աջ պահի, կոխի տակը, հոպ, լավ ա»:

Ուրիշ բան չմտածեք, հանկարծ, ինձ զուտ մարդկայնորեն հետաքրքիր է` ինչպե՞ս է ստացվել, որ այդ «խախտման» համար ծանոթիս տուգանել է Տիգրան Մեծի և Ալեք Մանուկայն փողոցների հատման վայրում տեղադրված տեսախցիկը:

Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X