Ո՞ւմ ճաշակով են խուզվել Գյումրու ծառերը

>

Գյումրու կենտրոնական փողոցներով անցնելիս անմիջապես մտաբերեցի վաղամեռիկ, գյումրեցի տաղանդավոր բանաստեղծ Տիգրան Չերազի «Սա իմ քաղաքն է» բանաստեղծության տողերը.

«Խառնակիչ քամի, չփլախ ծառերի խռով գանգատ,

Խանկռած փողոցներ, կամարներից ծորացող հումոր…. »։

Թեև հեղինակի նկարագրությունից տասնամյակներ են անցել , բայց քաղաքին վերաբերող մակդիրներն ու համեմատությունը նույնն են մնացել: Բնության զարթոնքի այս օրերին Գյումրիում ծառերը մերկ են՝ չփլախ, անգամ ճյուղ չունեն: Արդեն մի քանի օր է՝ կրկին սկսվել է ծառերի խորը էտը:

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժինը քաղաքի տարբեր հատվածներում շարունակում է ծառերի էտման գործընթացը: Աշխատանքներն իրականացնող քաղաքապետարանի աշխատակիցներից հետաքրքրվեցինք, թե երբ են ավարտելու էտումը եւ ինչու են այդքան խորը կտրում, իսկ որ ավելի ճիշտ է՝ գլխատում ծառերին:

«Մի երկու շաբաթ կտևի, քանի բողբոջ չեն տվել, կենենք:Էտում ենք ծերացած ծառերը, մատղաշներին ձեռ չենք տա: Բնակիչներն էլ են համաձայն, սաղ որդ ու բլոճ է, կքելես վրեդ կելնի»,-ասաց աշխատակիցներից մեկը: Միայն թե պետք է նշենք, որ քաղաքացիների եւ մասնագետների կարծիքները խիստ տարբերվում են: Գտնվեցին քաղաքացիներ, որոնք խոստովանեցին, որ ծառերն էլ իրենց անհարմարություններն են պատճառում. «Թող խուզեն, ինչներիս է, քամի կելնի ճղերը կկոտրվեն, վար կիջնեն, շենքերի դեմն էլ կփակեն», -ասաց նրանցից մեկը: Մի տղամարդ էլ սրտնեղած ասաց. «Անունն էտում են դրել, բայց ով ինչըխ կուզե, ծառը կխուզե, ում ճաշակն ինչըխ կթելադրե, ձև կուդա, հըբը՛՞ էս փոշոտ քաղաքի մեջ ծառ կխուզեն, էն էլ ըսպես, էլ երբ խելքի գան, երբ կանաչեն….»:

Շիրակի Պետական Համալսարանի դասախոս, բնագետ Լևոն Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ես իմ կարծիքն արդեն ասել եմ այս խնդրի հետ կապված: Անգամ ծեր ծառերը չի կարելի նման ձևով էտել, իսկ որ ասում են որդ ու բլոճ է, նման բան չկա»: Ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հանրապետության մյուս քաղաքներում իրականացվող ծառերի էտման է անդրադառնում Գիտությունների Ազգային Ակադեմիայի աշխատակից, բուսաբան Նինա Ստեփանյանը.

«Ամբողջ աշխարհում վաղուց արդեն հրաժարվել են խոր էտումից, իսկ մենք, ինչ է, անցել ենք գերխո՞ր էտմանը: Բանն այն է, որ յուրաքանչյուր ծառատեսակ իր ուրույն ճյուղավորման, սաղարթի ձեւն ունի, այն ձեւը, որ ստեղծել է Աստված, բնությունը..., ինչպես էլ որ անվանենք: Էտողները հաստատ ավելի կատարյալ ձեւ չեն ստեղծի: Խոր էտումից մի քանի տարի հետո, նույնիսկ եթե ծառը բարեհաջող վերականգնվում է, այն իր բնական ձեւը, որը եւ ամենագեղեցիկն է, արդեն կորցրած է լինում, այսինքն` պարզապես այլանդակված: Իսկ այն, ինչ այլանդակ է, չի կարող ճիշտ լինել, նաեւ ծառի առողջության համար: Պետք է հաշվի առնել նաև, որ ծառերը պուրակներում եւ զբոսայգիներում ընդհանրապես չեն էտում: Դրանք բնության կղզյակներ են քաղաքում, որտեղ տարբեր բարձրության, տարբեր հարկաշարքերում զարգացող ծառային եւ թփային բույսերի ներքո ստեղծվում է յուրահատուկ միկրոկլիմա: Այստեղ ինքնաբերաբար կազմավորվում է մի ամբողջ համակարգ` բուսական փռվածքով, թռչուններով եւ մանր կենդանիներով հանդերձ: Մարդը պիտի քիչ խառնվի այդ համակեցությանը»:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X