Արդյունքում ի՞նչ կունենանք

Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Միացյալ Նահանգներ ռուս եւ ադրբեջանցի մի շարք վերլուծաբաններ դիտարկում են ռուս-ամերիկյան հարաբերությունների կտրվածքով: Փորձ է արվում ստեղծել տպավորություն, որ ԼՂ կարգավորման հարցում տեղի է ունենում ռուս եւ ամերիկյան դիրքորոշումների զատորոշում, եւ հայկական կողմերին ավելի ընկալելի է ԱՄՆ մոտեցումը: Տեղեկություն կա, որ ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին եւ Արցախին եկող ֆինանսական տարի ցույց տրվելիք օգնության հարցով լսումներ են անցկացվել:

Օրենսդիրներից մեկը վարչակազմին առաջարկել է Արցախին ցուցաբերել քսան միլիոն դոլարի ուղղակի օգնություն՝ ականազերծման եւ շփման գծում տեխնիկական վերահսկող սարքեր ներդնելու համար: Արդյոք մի խումբ կոնգրեսականների կողմից արվող առաջարկությունները կարելի՞ է համարել Արցախի հարցում Սպիտակ տան մոտեցումներում փոփոխության նշան: Ու թեեւ հարցին դժվար է միանշանակ պատասխանել, որոշ հայ փորձագետներ արդեն իսկ համարում են, որ ԱՄՆ-ը կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունը:

Որքան էլ զարմանալի թվա, այդ մոտեցումը կիսում են նաեւ ադրբեջանական քարոզչությանն սպասարկող ռուս հեղինակները, որոնցից մեկը նույնիսկ հիշեցրել է Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը եւ պարզաբանել, որ Վաշինգտոնն արդեն իսկ օրենսդրական մակարդակում ճանաչել է Ղարաբաղի սուբյեկտությունը: Երբ խնդիրը դիտվում է Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության «կտուրից», նման պնդումները լիովին հասկանալի են, բայց իմաստ ունեն՞ հայկական որոշ շրջանակների ոգեւորությունը եւ հեռուն գնացող եզրահանգումները: Մանավանդ որ դրանք ամփոփվում են, թե «Հայաստանը փաստացի մերժեց ընտրություններից հետո բանակցությունների ակտիվացման Ադրբեջանի սպասելիքները»:

Կա՞ երաշխիք, որ դրան չի հետեւելու նոր էսկալացիա: Բայց դա դեռ ամբողջը չէ: Կա՞ երաշխիք, որ ղարաբաղյան կարգավորման ամերիկյան, այսպես ասած, պաուզան ապահովելու է ավելի նպաստավոր դիրքեր, քան այսօր: Ի՞նչ ենք ունենալու արդյունքում: Ահա հարցերի հարցը: Երեւակայել, որ ԱՄՆ-ը Ղարաբաղի անկախությունը ճանաչելու է, այն էլ՝ ներկայիս սահմաններում, միայն երեւակայություն է: Ընդ որում, չկա որեւէ երաշխիք, որ ստատուս-քվոն երկարաձգելու միջոցով որոշակի դիվիդենտներ ստանալով՝ Միացյալ Նահանգները չեն կորցնի հետաքրքրությունը կամ չեն վերադառնա ելման նույն դիրքերին:

Մեկնաբանություն
X