Արա Դեղտրիկյանը նույնպես չի մասնակցի մրցույթին

Կամերային թատրոնի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը, որը մի քանի ամիս շարունակ տարատեսակ խոսակցությունների տեղիք տվեց, կկայանա վաղը։ Հիշեցնենք, որ սա 2-րդ մրցույթն է, 1-ը չկայացավ, թեպետ մրցույթին հայտ էր ներկայացրել 4 հոգի։

Նույնքան՝ 4 դիմում է եղել նաեւ 2-րդ մրցույթին, որոնց անունները նախարարությունը մինչեւ մրցույթի օրը գաղտնի է պահում։

Նկատենք միայն, որ թե՛ 1-ին եւ թե՛ 2-րդ մրցույթի ժամանակ հիմնական հավակնորդներ էին համարվում թատրոնի դերասան Արա Դեղտրիկյանն ու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եղիշե Խերանյանը, ով, սակայն, օրեր առաջ մեզ հետ զրույցում նշեց, որ չի առաջադրել թեկնածությունը, քանի որ ընթացքում ինտրիգները շատացան, եւ ինքը չի ուզում մասնակցել այդ աթոռակռվին։ «Հիմնական մեղքը նախարարության որոշ ընկերների անհարկի միջամտություններն էին»,- ասել էր նա։

Թատրոնի դերասան Արա Դեղտրիկյանը նույնպես հայտ չի ներկայացրել տնօրենի պաշտոնի համար։ Ո՞րն է պատճառը։ «Այն ժամանակ առաջարկ էր եղել, չնայած ավելի շուտ՝ գեղարվեստական ղեկավար, ոչ թե տնօրեն, բայց հիմա չեմ ուզում, ո՛չ ժամանակ ունեմ, ո՛չ էլ...»,- ասաց նա։

Մեկնաբանություն
X