Ի՞նչ կա դրա մեջ, թող ձերբակալեն

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը չի ցանկանում բացել Նիկոլ Փաշինյանի գծած «14+4» բանաձեւը, որով իրենք խաղաղ պայքար են իրականացնելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Եվ սրան է, որ «Ելք» դաշինքի անդամ կուսակցություններից «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» համաձայն չեն կամ առնվազն վերապահումներ ունեն, դրա համար էլ կոնսենսուսի չեկան ու Փաշինյանին՝ իր «ՔՊ»-ով, թողեցին միայնակ այս հարցում։ Ըստ էության՝ նրանք մտադիր են վարչապետ ընտրելու օրվանից 14 օր շուտ հանրահավաքներ, ակցիաներ սկսել, վերջին 4 օրում էլ, հավանաբար, նստացույց կամ այլ ավելի կտրուկ քայլերի դիմել։ «Բացել չեմ կարող, դա հայտնի կդառնա այն օրը, երբ որ մենք դա կսկսենք»,- ասաց Լենա Նազարյանը։

- Այսինքն՝ գաղտնի եք պահում, որ անակնկա՞լ լինի, թե՞ մարտավարական գաղտնիք է, որ իշխանությունը հակաքայլեր չձեռնարկի։

Չէ, որեւէ մեկը չի կարող դրան խոչընդոտել, որովհետեւ դա ոչ մի անօրինական քայլ չէ։ Զուտ հետաքրքիր լինելու, անակնկալ լինելու, ուշադրություն գրավելու համար է, որովհետեւ մենք հիմա ուզում ենք մի խնդիր լուծել՝ մարդկանց ուշադրությունը գրավել այս հարցի վրա եւ պահել մինչեւ վերջին օրը։

- Տեսակետ կա, որ 14 օր լինելու են շուրջօրյա հանրահավաքներ, 4 օր՝ նստացույց։

Ես կարող եմ ասել, որ դա մի բան է լինելու, որը երբեք չի եղել, հայաստանյան քաղաքական պայքարի մեջ այդպիսի բան երբեք ոչ մեկը չի արել։ Այսինքն՝ դա նստացույց չէ։

- Նիկոլ Փաշինյանը մշտապես խոսում է անարյուն, առանց ուժի կիրառման, խաղաղ պայքարի մասին։ Այս բանաձեւով այդ երաշխիքները սահմանե՞լ եք ձեզ համար։

Այո, ես ասացի, որ անօրինական ոչինչ չկա մեր գործողությունների մեջ, չի եղել եւ չի լինելու։ Միեւնույն ժամանակ, ճիշտ է, անընդհատ ասում ենք, որ մենք ոչ բռնի պայքարի կողմնակիցներ ենք, մեր ձեռքերը բաց են լինելու (առանց զենքի), մեր ձեռքում ոչինչ չի լինելու, որ կարող է վնասել որեւէ մեկին։ Ավելին՝ եթե մեր հանդեպ ուժ կիրառվի, ի պատասխան մենք ուժ չենք կիրառի, եթե այդպիսի իրավիճակ ստեղծվի։ Այսինքն՝ դա մեր առանցքային, հիմնաքարային սկզբունքներից է, եւ մենք պահելու ենք մինչեւ վերջ։ Իսկ մնացածի մեջ մենք ազատ ենք արդեն։

- Դուք պատկերացնո՞ւմ եք այն հետեւանքը, արդյունքը, որն ունենալու ենք վարչապետի ընտրության օրը։

Դա ո՛չ կարող ենք հետեւանք, ո՛չ էլ արդյունք համարել։ Մեր ակնկալիքն է, որ հազարավոր մարդիկ կլսեն մեր կոչը եւ կմիանան մեր հավաքին։

- Այսօր շատ է խոսվում, որ այդ մարդկանց բանակը չկա, որ կարող է դուրս գալ փողոց, որովհետեւ հիասթափված են։

Այդ 14 օրերն անընդմեջ լինելու է քարոզարշավ, ըստ էության, եւ այդ ընթացքում մենք խոսելու ենք մարդկանց հետ, ակտիվ ներկայացնելու ենք մեր դիրքորոշումը, մեր փաստարկները, թե ինչու Սերժ Սարգսյանը չի կարող երրորդ ժամկետով գնալ երկրի կառավարմանը։ Եվ հուսով ենք, որ մարդիկ կարձագանքեն։

- Եթե չարձագանքեն կամ ձեր ակնկալած ծավալով չարձագանքեն, դուք կմեղադրե՞ք ժողովրդին, ինչպես երբեմն անում է Նիկոլ Փաշինյանը, թե՝ տեսեք, մենք փորձեցինք, դուք չեկաք։

Չէ, մեղադրելու հարց չկա, դա մեր գործն է, փորձելը մեր գործն է, մեր բեռն է, մեր պարտավորությունն է հանրության առաջ՝ անընդհատ փորձել, անընդհատ առաջարկել, որովհետեւ ընդդիմությունը պետք է կարողանա ձեւավորել պահանջարկ, բայց հանրությունը պիտի պատվիրի ընդդիմությանը, որ մենք դա կարողանանք իրականացնել։

- «Ելք»-ում, ամեն դեպքում, կոնսենսուսի չեկաք այդ պահանջարկի հարցում, սա արդյոք բացասական հետեւանք չի՞ թողնի հանրային տրամադրությունների վրա։

Մենք երկար քննարկեցինք, մեր առաջարկները ներկայացրինք մեր գործընկերներին, իրենք ունեն վերապահումներ, մտահոգություններ մեր գործողությունների հետ կապված, արդյունքում որոշեցինք, որ կոնսենսուս չկա այս պահին, եւ ամեն կուսակցություն գործում է ինքնուրույն, ազատ; Բայց, միեւնույն ժամանակ, մեր խմբակցությունում շատ նորմալ, աշխատանքային պայմաններ են, ոչ մեկը կամուրջներ չի այրել, ոչ մեկը դռներ չի փակել, եւ ցանկացած պահի, եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ մեր գործընկերները տեսնեն, որ իրենց մասնակցությունն այս պահին ընդունելի է, իրենք կարող են միանալ, եւ որեւէ խնդիր չի լինի։

- Իսկ «Հանրապետություն» կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում, ի՞նչ են ասել ձեզ։

«Հանրապետությունից» էլ, «Լուսավոր Հայաստանից» էլ ասել են, որ այս պահին կան տարաձայնություններ, մտահոգություններ ու վերապահումներ՝ մեր առաջարկի հետ կապված, էս պահին դեռ ձեռնպահ կմնան։ Բայց, էլի եմ ասում, մենք հաջորդ պահին էլի կարող ենք նստել սեղանի շուրջ ու քննարկել։

- Մյուս՝ արտախորհրդարանական ուժերի, այդ թվում՝ «Սասնա ծռերին» աջակցողների հետ քննարկումներ եղե՞լ են, հնարավո՞ր է միանաք իրար։

Էդ հարցին պատրաստ չեմ պատասխանել, որովհետեւ չենք քննարկել վերջնական, թե ոնց ենք արտախորհրդարանական ընդդիմության հետ համագործակցելու։

- Նիկոլ Փաշինյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքը պատրաստ է երկրորդ, երրորդ անգամ բանտ նստել։ «ՔՊ»-ում շա՞տ կան մարդիկ, որոնք պատրաստ են բանտ նստել հանուն այս պայքարի։

Կարծում եմ՝ «ՔՊ»-ում հիմա համախոհության շատ բարձր մակարդակ է բոլորի մոտ, բոլորը շատ ոգեւորված են ու բոլորը լծված են էս աշխատանքը կատարելուն, այնպես որ, կարծում եմ՝ ոչ մեկը հետքայլ չի անի։

- Անգամ եթե նրանց ձերբակալությո՞ւն սպառնա։

Ի՞նչ կա դրա մեջ, թող ձերբակալեն։ Մենք ոչ մի անօրինական բան չենք անելու։ Եթե ձերբակալեն, երեք ժամ են պահելու՝ բաց թողնեն։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X