Քաղաքակիրթ ու քաղաքական պայքար

Պայքարող ընդդիմությունը, որը վերջին ճիգերն է գործադրում Սերժ Սարգսյանի վարչապետացման դեմն առնելու համար, 2 ճամբարի է բաժանվել։ Մեկը զինված, կոշտ պայքարի կողմնակիցն է, որի առաջամարտիկներն այսօր բանտում են եւ հենց դատարանի դահլիճից էլ կոչ են անում հասարակությանը՝ զինված պայքարի դուրս գալ։

Երեկ «Սասնա ծռերի» անդամներից մեկը՝ Գագիկ Եղիազարյանը, դատարանում հայտարարել է․ «Հայ ժողովուրդ, կոչ եմ անում ինքնակազմակերպման պրոցեսն արագացնել եւ ֆիզիկապես ոչնչացնել բոլորին»։ Չգիտեմ՝ Քրեական օրենսգիրքն ինչ է ասում այս պարագայում՝ հնարավո՞ր է նոր մեղադրանք առաջադրեն նման հայտարարություն անողին՝ զինված հեղաշրջման կոչեր անելու համար, բայց ազատության մեջ գտնվող ընդդիմադիրները ճիշտ հակառակը՝ զգուշանում են բռնության քարոզից եւ բազմիցս կրկնել են խաղաղ մեթոդներով պայքարի պատրաստակամության մասին։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը, խոսելով իրենց պայքարի մեթոդների մասին, նույնիսկ հայտարարել է, որ անգամ եթե իշխանությունը զենք հանի, իրենք բռնի մեթոդներ չեն կիրառելու։ Բայց դա չի նշանակում, որ իշխանությունը, որը մշտապես հմտորեն կիրառել է Քրեական օրենսգիրքը որպես ինքնապաշտպանության գործիք, չի կարող նրանց պատժել՝ կալանավորել, մեղադրանքներ առաջադրել։ Այս առումով էլ, պարզվում է, Փաշինյանի թիմը պատրաստ է։ Անգամ այս կուսակցության անդամ կանայք հայտարարում են, որ եթե նման իրավիճակ ստեղծվի, պատրաստ են բանտ նստել։

Մի բան վատ է՝ քաղաքական պայքարի գրեթե բոլոր ճանապարհները մեզանում տանում են դեպի կալանավայրեր։ Քաղաքակիրթ պայքար, խաղաղ իշխանափոխություն, ձախողված իշխանության անարյուն հեռացում մեզանում չի հաջողվում, եւ կարելի է ասել, որ առաջիկա տարիներին եւս չի հաջողվի, քանզի մենք՝ ինքներս, քաղաքակիրթ չենք։

Մեկնաբանություն
X