Ցուկերբերգը լռում է, Facebook-ը՝ սուզվում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի առիթով, եթե ճիշտ եմ հիշում` Թրամփի նախագահական պաշտոնի չհամապատասխանելու մասին խոսելիս, ասել էր, որ կյանքի տեմպը անհամեմատ արագացել է ժամանակակից աշխարհում: «1962-ի Կարիբյան ճգնաժամի օրերին JFK-ն (ԱՄՆ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին) որոշում կայացնելու համար ամբողջ երկու շաբաթ ժամանակ ուներ: Ես 2013-ին` Ասադի քիմիական զենք կիրառմանը պատասխանելիս ընդամենը երկու օր ժամանակ ունեի: Այդքան մեծացել է որոշումներ կայացնելու ճնշումը եւ տեմպը»:

Օբաման ավելի քան ճիշտ է, նույնիսկ եթե պատասխանելը մի կողմ թողնվի, ինչը վերջնահաշվում իշխանությունների եւ առաջնորդների խնդիրն է, միայն breaking news իրադարձությունները արձանագրել-հետեւելուն էլ ժամանակը չի բավարարում ժամանակակից աշխարհում: Շաբաթվա սկզբից ընդամենը երեք օր է անցել, միջազգային սկանդալային զարգացումները հաշիվն արդեն հնարավոր չէ պահել: Իհարկե, ամենամեծ աղմուկի մեջ Facebook-ը եւ Cambridge Analytica-ն են հայտվել:

Cambridge Analytica-ն Մեծ Բրիտանիայում գրանցված քաղաքական խորհրդատվական կազմակերպություն է, որը ինչպես բացահայտեցին բրիտանական Channel 4-ի լրագրողները եւ Cambridge Analytica-ի նախկին աշխատակիցներից մեկը, 2014-ից ռուսական «Լուկօյլի» ներգրավվածությամբ եւ Թրամփի ստրատեգ Սթիվեն Բեննոնի ապահոված 15 միլիոն դոլարի ֆինանսավորմամբ հոգեբանական ներգործության ալգորիթներն են մշակել` ԱՄՆ ընտրություններում կարողացածի չափ ընտրողների վրա ներազդելու համար:

Ալգորիթմները մշակելու համար Cambridge Analytica-ի կողմից Facebook-ի սերվերներից գործող կանոնների ոտնահարմամբ 50 միլիոն ֆեյսբուքյան օգտատիրոջ տվյալներ են վերցվել եւ մշակվել: Cambridge Analytica-ի երեկ արդեն պաշտոնանկ արված տնօրեն Ալեքսանդր Նիքսը Channel 4-ի թաքնված տեսախցիկների առջեւ, չկասկածելով, որ լրագրողների հետ է խոսում եւ տեսագրվում է, ահագին գլուխ էր գովացել, թե իրենք ինչպես են օգնել Թրամփին 2016-ի ընտրություններում հաղթելու: Այժմ Cambridge Analytica-ի դեմ ապօրինի գործունության համար հետաքննություն է սկսված եւ կարելի կասկած չունենալ, որ ընկերությունը ոչ միայն տուգանքների ենթարկվելով կարողությունը կկորցնի, այլեւ մի քանիսը հավանաբար ճաղերից այն կողմ կհայտնվեն:

Facebook-ի դեմ երեկ նույնպես հետաքննություն սկսվեց օգտատերերի տվյալների ապօրինի օգտագործման ամբաստանությամբ, թե Բրիտանիայի, թե Եվրամիության, թե ԱՄՆ-ի խորհրդարանների հանձնաժողովները Մարկ Ցուկերբերգին հրավիրում են հարցաքննության: Ցուկերբերգն առայժմ ոչինչ ոչ մի կերպ չի մեկնաբանել եւ լռություն է պահպանում է, մինչ Facebook-ի մի քանի հարյուր միլիարդ դոլար գնահատված արժեքը երկու-երեք օրում 50 միլիարդ դոլարի անկում է գրանցել:Հետաքրքիր է` ի՞նչ կմնա Facebook-ի արժեքից մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետո, եթե իհարկե Facebook-ը ապագա ունենա եւ ընդհանրապես մնա:

Գալով Սոլսբերիում ՌԴ-ի իրականացրած մահափորձի շուրջ զարգացումներին, չնայած Facebook-ի եւ Cambridge Analytica-ի սկանդալն այժմ դա էլ է ստվերել, երեկ Միացյալ Թագավորության ԱԳ քարտուղար Բորիս Ջոնսոնը Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջեւ հանդես եկավ` խորհրդականների հարցերին ի պատասխան վերստին կրկնելով, որ ռուսական ГРУ-ի նախկին սպա Սերգեյ Սկրիպալի մահափորձը կազմակերպվել է Կրեմլից:

Հայտնի է, որ Կրեմլը հայտարարում է՝ իբր Ռուսաստանը կանգնած չէ մահափորձի ետեւում, սակայն անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի առաջնորդները համատեղ հայտարարությամբ նման մեղադրանք ներկայացրին Ռուսաստանին, նույնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արեցին հիշյալ երկրները ներկայացնող դեսպանները: Իսկ ընթացիկ երկուշաբթի օրը` մարտի 19-ին Մեծ Բրիտանիայի ԱԳ քարտուղար Բորիս Ջոնսոնը Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների գագաթաժողովում եւ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկայացրեց մահափորձի մանրամասները: Եւ ԵՄ անդամ երկրները, եւ ՆԱՏՕ-ն հայտարարեցին Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության մասին, կատարվածը գնահատեցին որպես Երկրորդ աշխարհամարտից ի վեր առաջին անգամ Եվրոպայի հանդեպ քիմիական զենքի գործադրում եւ Ռուսաստանից պահանջեցին բացատրություն:

Որքան էլ Ռուսաստանը թութակում է՝ իբր Կրեմլը չի կանգնած մահափորձի ետեւում, բրիտանական Porton Down-ի գիտնականները հաստատել են, որ Սոլսբերիում կիրառված քիմիական թունանյութը Ռուսաստանում սինթեզվող новичок խմբից է, որը ռազմական կիրառության քիմիական թունանյութ է: Այս շաբաթ արդեն Քիմիական զենքերի արգելման կոնվենցիայի գործադրմանը հետեւող միջազգային կառույցի OPCW-ի (Organization for the Prohibition of Chemical Weapons) գիտաշխատողները ժամանեցին Մեծ Բրիտանիա, Սոլսբերի` հանցանքի վայրի եւ կիրառված քիմիական նյութի փորձաքննություն անցկացնելու համար: Իհարկե, Եվրոպայի դեմ քիմիական զենք գործադրելը այն հանցանքը չէ, որ Ռուսաստանին ներվի եւ ՌԴ դիվանագետների արտաքսումից հետո, այժմ Բրիտանիայի կառավարությունը Լոնդոնում գտնվող ՌԴ քաղաքացիների եւ կազմակերպությունների բանկային հաշիվների հետաքննությամբ է զբաղված` դրանց հնարավոր սառեցման համար: Սա սկիզբն է:

Մեկնաբանություն
X