Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է

Վալենսիայի շրջանի Մանիսես քաղաքում մարտի 20-ին բացվեց քանդակագործ-նկարիչ, Արարատ Հայկական միության փոխնախագահ Ջիվան Միրզոյանի անհատական ցուցահանդեսը՝ «Հայաստանի գույները» խորագրի ներքո։

«Իսպանիայի Արարատ Հայկական միության առաջիկա միջոցառումները նախանշված են հայկական իրականության երկու կարևորագույն իրադարձություններով՝ Հայաստանի Հանրապետության 100 և Երևանի 2800-ամյակներով։ Եվ ահա առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկն արդեն տրված է. hանրությանն ի ցույց են դրվել արվեստագետի Հայաստանին և հայկականությանը նվիրված գործերը, որոնք մինչև մայիսի 31-ը կզարդարեն Մանիսեսի Արվեստի կենտրոնի պատերը»,- hraparak.am-ին փոխանցեց Վալենսիայի հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը։

Սա Ջիվան Միրզոյանի հերթական ցուցահանդեսն է, որի բացմանը ներկա են եղել թե իսպանացի քաղաքական գործիչներ, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև հայեր եւ շարքային իսպանացիներ։ Բացման խոսքով հանդես է եկել հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը, ով շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին և հատկապես Մանիսեսի քաղաքապետարանին՝ աջակցության համար, այնուհետև հակիրճ ներկայացրել է Հայաստանի պատմության խնդրահարույց ժամանակաշրջանն ու գեղանկարչի գործունեությունը։ Շնորհակալական և շնորհավորական խոսքով հանդես է եկել նաև Ձախ Միության խոսնակ Մանուել Գուտիեռեսը, ով բարձր է գնահատել հայկական միության գործունեությունը՝ ինտեգրման, բազմամշակութային հասարակություն ստեղծելու և համակեցության ոլորտում։

Մեկնաբանություն
X