Հավաքը եղել է Հոկտեմբերի 27-ին հաջորդած օրերին

ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն օրերս ուշագրավ հայտարարություն արեց՝ հրապարակայնացնելով մի միջադեպ, երբ ծայրահեղ բարդ իրավիճակ էր ստեղծվել երկրում։ Ինչ-որ ուժեր զինված գործողությունների են նախապատրաստվել, եւ հրավիրվել է մի հավաք, որին մասնակցել է նաեւ ինքը՝ ՍԴ նախագահը։ Քննարկվել են իրավիճակից ելքերը, եւ հավաքի մասնակիցներից մեկը, ըստ Գ․ Հարությունյանի, անսպասելի ծոցագրպանից հանել է ՀՀ սահմանադրությունը, որտեղ ընդգծումներ էր արել։ ՍԴ նախագահը տպավորվել է այդ միջադեպից, որը ցուցադրել է Սահմանադրության ուժը։ Այս պատմությունը, որը հնչել է հեռուստաեթերում ՍԴ նախագահի շուրթերից, ամենատարբեր կռահումների առիթ տվեց: Իրականությունից բավականին հեռու ենթադրություններ արվեցին, թե ինչ հավաքի մասին է խոսքը, երբ է տեղի ունեցել, ով է շինելի գրպանից հանել ՀՀ սահմանադրությունը եւ այլն: Պրն Հարությունյանը նշել էր, որ իրադարձությունը եղել է Հոկտեմբերի 27-ից հետո եւ Մարտի 1-ից առաջ:

Մեզ հաջողվեց հիշյալ հավաքին մասնակցած անձանցից (նաեւ այլ անձանցից, ում հետագայում պատմվել է այդ դիպվածի մասին) ճշտել, որ միջադեպը, որի մասին հրապարակավ պատմեց պրն Հարությունյանը, տեղի է ունեցել 1999թ. հոկտեմբերին` Հոկտեմբերի 27-ից ընդամենը օրեր հետո (ստույգ օրը ճշտել չհաջողվեց․ ենթադրաբար՝ 29-ին կամ 30-ին): Ամեն դեպքում, խոսքն ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչությանը հաջորդած օրերի մասին է, երբ դեռ ահաբեկչության զոհերին հանձնում էին հողին, իսկ պաշտպանության նախարարությունում հավաքված Վազգեն Սարգսյանի զինակիցները, նախագահ Ռոբերտ Քոչարյանին համարելով ահաբեկչության պատասխանատու, առնվազն այն չկանխելու համար պատրաստ էին վերջինիս հեռացնել իշխանությունից:

Այդ օրերի հավաքի կամ հավաքների մասին հետագայում պատմել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում զինվորականները նույնպես հրավիրել են ՊՆ, սակայն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է գնալ` պնդելով, որ զինվորականների գործը չէ երկրում քաղաքական իշխանություն փոխելը: Գագիկ Հարությունյանի դիրքորոշումը նույնն է եղել, այն տարբերությամբ, որ Հարությունյանը հանդիպել է զինվորականներին, թերեւս՝ որովհետեւ այդ պահին երկրում գործող միակ բարձրագույն պաշտոնյան գործնականում ինքն էր: ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը եւ վարչապետ Վազգեն Սարգսյանը սպանված էին, իսկ ՀՀ նախագահի աթոռն զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանին զինվորականները մեղադրում էին իրականացված կամ չկանխված ահաբեկչության համար:

Ե՛վ Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Հարությունյանի կողմից քաղաքական իշխանությունը զինվորականության կողմից գրավելու հնարավորությանն ընդդիմանալու դիրքորոշումը որքան էլ ապրիորի ճիշտ լիներ կամ ճիշտ թվար այն ժամանակ, այժմ` տարիների եւ հաջորդած իրադարձությունների հեռավորությունից, դժվար է նույնկերպ գնահատել: Քոչարյանի անձը նկատի առնելով՝ առնվազն վիճելի է, թե նրան իշխանությունից հեռացնելը, չեզոքացնելն արդյոք ավելի օգտակար չէ՞ր լինի Հայաստանի համար եւ Հայաստանը չէ՞ր փրկի հետագա անկումներից ու ողբերգություններից` ներառյալ Մարտի 1-ի արյունահեղությունը:

Ինչեւէ, պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում, եղել է այն, ինչ եղել է: Իսկ հավաքի մասնակցի անունը, ով գրպանից հանել է ՀՀ սահմանադրությունը, մեր զրուցակիցները չկամեցան նշել՝ համարելով, որ եթե Հարությունյանն ինքը եւ այդ անձը չեն հայտարարում, իմաստ չունի, որ այլոք հայտարարեն: Ամեն պարագայում, ՀՀ սահմանադրությունը գրպանից հանած անձը եղել է ֆիդայական-զինվորական շրջանակներում հայտնի ֆիգուր, որը կրթական բարձր աստիճան չունի, հետեւաբար, նրա` գրպանից Սահմանադրություն հանելը զարմանալի է եղել շատերի համար եւ, ինչ խոսք, հուզելու աստիճան զարմացրել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին: Չեն զարմացել թերեւս միայն նրանք, ովքեր գիտեին, որ այդ անձը (եւ ոչ միայն նա) գրպանում Սահմանադրություն պահելու սովորություն ունի: Այլ հարց, որ, ինչպես սրամտեց մեր զրուցակիցներից մեկը, Սահմանադրությունը ծոցագրպանից հանած «օրվա հերոսը» ՀՀ Սահմանադրությունը հազիվ թե կարդացել էր, բայց փաստ է , որ Սահմանադրության օրինակից չէր բաժանվում եւ գիտեր, որ այն չպետք է խախտվի, ինչն էլ տպավորեց ՍԴ նախագահին։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X