Հասարակություն

Վարչապետի երազանքների փողոցը քանդվում է. Ռուսթավելիի սալաքարերը ճաք են տվել (լուսանկարներ)

Շուրջ 6 ամիս է, ինչ շահագործման է հանձնվել Գյումրու Ռուսթավելի փողոցը: Սակայն փողոցի սալաքարերն արդեն տեղ-տեղ ճաք են տվել, քանդվել են մայթեզրերի բետոնները: Սա այն դեպքում, երբ այս տարի ձմեռը բավական մեղմ էր, իսկ եթե սառնամանիք լիներ, հնարավոր է փողոցի գրանիտե սալաքարերն ամբողջությամբ տուժեին: Խնդիրն այն է, որ գրանիտե սալիկների հիմքն ամուր չէ կամ դրանք փակցվել են անորակ հողածածկույթի վրա, կարծիք են հայտնում մասնագետները:

Ովքե՞ր են պատասխանատու անորակ շինարարության համար: Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, որպեսզի որոշ հարցեր ուղղեինք: Իսկ ահա «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի գրանցման և հաշիվների բացման գործընթացի հետ կապված տեղեկություն հայթայթել նույնպես չհաջողվեց, քանի որ հիմնադրամի մասին ինֆորմացիաներն ու կոնտակտները բացակայում են:

Նշենք, որ հիմնադրամը ստեղծվեց վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով, որպեսզի հիմնանորոգվի Կումայրի պատմական արգելոցը: Քաղաքի պատմական տարածքի միջուկը սկիզբ է առնում հենց Ռուսթավելի փողոցից: Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգվեց Ռուսթավելի փողոցի մոտ 9000 քմ մակերեսը: Փողոցի երկարությունը կազմում է 740 մետր, լայնությունը՝ 11.5 մետր: Իրականացվել են փողոցի ծածկի վերին շերտի բետոնային աշխատանքեր և տեղադրվել են գրանիտե սալահատակ քարեր, բազալտե եզրաքարեր, իսկ մայթերին՝ բազալտե սալեր:

Ռուսթավելի փողոցի հիմնանորոգման աշխատանքները բավական բարդ էին ինժեներական տեսանկյունից և եզակիներից Հայաստանում: Տարածքի բոլոր կոմունիկացիոն համակարգերը փոխվել են(գազատար, ջրատար խողովակներ, էլեկտրալարեր և այլն): Աշխատանքերների բարդության պատճառով փողոցի շահագործման վերջնաժամկետը մի քանի անգամ փոփոխվեց: Երբ աշխատանքները սկսվեցին, շինարարները չնախատասված խնդիրների բախվեցին, հիմնականում քարիզների հետ կապված: Փողոցի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2017 թ-ի հոկտեմբերին՝ վարչապետի գլխավորությամբ: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ հիմնանորոգված փողոցն իրեն շատ է դուր եկել, երազանքների փողոց է, պարզապես ֆանտաստիկ է: Կումայրի Վերածնունդ ծրագրի շրջանակում այս տարվա մարտից մեկնարկել են Շիրազի փողոցի վերանորոգման աշխատանքները:

Մեր տեղեկություններով՝ Շիրազի փողոցը չի սալիկապատվելու, այլ կարմիր ասֆալտ է փռվելու: Ուշագրավ է, որ կառավարության որոշմամբ հենց այս երկու ՝ Ռուսթավելի եւ Շիրազի փողոցներում բիզնեսի համար առանձնացվել է 7700 քառ. մետր տարածք:

Մեկնաբանություն
X